Կանանց նկատմամբ բռնությունները նվազեցնելու համար անհրաժեշտ է առանձին օրենք
25.11.2015
11:00
Հայաստանում անցած տասը ամիսներին գրանցվել են կանանց նկատմամբ սեռական, հոգեբանական և ֆիզիկական բռնարարքների հարյուրավոր դեպքեր: Խոսքն ընտանեկան բռնությունների մասին է, որոնց հիմնական զոհը դառնում են կանայք: Նույն ժամանակահատվածում կիրառված բռնությունների արդյունքում զոհվել է յոթ կին:

Բռնությունների տարածվածությունը Հայաստանում հիմնականում պայմանավորված է ոլորտում հստակ և հատուկ օրենսդրական կարգավորումների բացակայությամբ: Այդ մասին հայտարարեցին Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Մեդիա կենտրոնում» նոյեմբերի 25-ին Կանանց իրավունքների կենտրոնի ղեկավար Սուսաննա Վարդանյանի, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի և Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչներ Լիդա Մինասյանի և Անի Ջիլոզյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազհային օր. իրավիճակը Հայաստանում» թեմայով:

Տարեցտարի կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները գրանցում են թեժ գծով ստացվող բռնությունների վերաբերյալ զանգերի աճ: Ըստ Սուսաննա Վարդանյանի, տվյալների քանաքական աճը խոսում է ոչ այնքան բռնությունների աճի, որքան կանանց տեղեկացվածության բարձրացման մասին: «Այս տարվա տասը ամիսների ընթացքում մեր կազմակերպության թեժ գծով գրանցվել է բռնությունների 372 առաջնային զանգ: Սա բավականին լուրջ թիվ է, որն, իհարկե, չի արտացոլում ամբողջ պատկերը», - ասաց նա:

Նրա խոսքով, կանայք սկսել են ավելի շատ դիմել համապատասխան կազմակերպություններին իրենց նկատմամբ բռնությունների իրականացման դեպքում: «Առավել քիչ են դիմում գյուղական բնակավայրերում ապրող կանայք, որոնք ենթարկվում են բռնության ընտանիքում: Պատճառն այն է, որ գյուղում գրեթե բոլորը բոլորին ճանաչում են, և կանայք զգուշանում են բարձրաձայնել բռնությունների մասին», - հայտնեց բանախոսը, ում ղեկավարած կազմակերպությունն ունի յոթ մարզային ներկայացուցչություն: «Վերջին շրջանում մեզ սկսել են ավելի ակտիվ դիմել նաև մարզերում ապրող կանայք», - հավելեց նա:    

Մարզերում կանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման նպատակով գենդերային բռնության դեմ պայքարի 16 օրյակի շրջանակներում, որը սկսում է նոյեմբերի 25-ին՝ Կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազգային օրը, և ավարտվում դեպտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգաին օրը, իրավապաշտպան կազմակերպություններն անցկացնելու են միջոցառումներ նաև Հայաստանի մարզերում: «Նպատակն է այդ կերպ տեղեկացնել մարդկանց խնդրի մասին և բարձրացնել նրանց տեղեկացվածությունը», - նշեց քննարկմանը մասնակից Լիդա Մինասյանը:

Ըստ Մինասյանի, կանանց նկատմամբ կիրառվող բռնությունների քանակը կշարունակի բարձր մնալ, քանի դեռ չի ընդունվել և ամբողջությամբ գործադրվել «Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքը»:

«Օրենքը հստակ մեխանիզմներ է նախատեսում ընտանեկան բռնությունների կանխարգելման, ինչպես նաև բռնության ենթարկված կանանց առողջության վերականգման ու բռնարարք իրականացնողի նկատմամբ պատժի կիրառման համար», - ասաց նա՝ հիշեցնելով, որ չնայած Հայաստանի կառավարությունը միջազգային պարտավորություն է ստանձնել ընդունել համապատասխան օրենսդրություն, սակայն մինչ օրս հասարակական կազմակերպություների ջանքերով մշակած «Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքի» նախագիծը տարբեր պատճառաբանություններով անգամ չի մտնում Ազգային ժողովի օրակարգ: 

Թեև օրենքի նախագծի շուրջ ՀԿ սեկտորի ներկայացուցիչները մի քանի քննարկումներ են ծավալել իշխանության ներկայացուցիչների հետ, այնուամենայնիվ տարբեր պատրվակներով օրենքի ընդունման գործընթացը հետաձգվել է: Իշխանությունները նշում են, որ այս փուլում պետությունը ֆինանսական, ազգային առնձնահատկությունների պատճառով պատրաստ չէ նման օրենքի ընդունմանը: Հատկանշական է, որ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որը չունի ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ հատուկ օրենք, և ոլորտը կարգավորվում է ՀՀ Քրեական օրենսգրքով:

Այժմ Հայաստանում ՀԿ-ների միջոցներով գործում է երկու ապաստարան, որտեղ ընտանեկան բռնության ենթարկված կանայք և երեխաները ստանում են համապատասխան աջակցություն:

«Մեր ուսումնասիրութունները ցույց են տալիս, որ կինը շատ մեծ ռիսկի տակ է: Այս մի քանի ամիսների ընթացքում մեր ապաստարան են դիմել շատ կանայք իրենց երեխաներով: Նրանց թիվը շատ մեծ է, և առանց օրենքի ընդունման ու պետական աջակցության այս հարցում դժվար է», - նշեց Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Անի Ջիլոզյանը:

Քննարկման ավարտին Սուսաննա Վարդանյանը տեղեկացրեց, որ հավանականությունը մեծ է՝ 2017 թվականին պետությունը քայլեր ձեռնարկի ապաստարանների կառուցման ուղղությամբ: «Վերջերս կառավարությունից մեզ փաստաթուղթ էին ուղարկել ապաստարանների վերաբերյալ: Մենք այն ուսումնասիրեցինք, մեր դիտարկումները ներկայացեցինք ու ուղարկեցինք կառավարություն: Այս ամենը հույս է տալիս ասելու, որ 2017 թվականին մենք կունենանք դրական արդյունքներ», - եզրափակեց նա:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:     

 

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները»
19.10.2018
19:00
Հոկտեմբերի 18-ին Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Ա1 պլյուսի տաղավարում առցնաց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հաղորդում «ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները» թեմայով:
«Հունան Պողոսյանի նշանակումը ստորացնում է սյունեցիներին». իրավապաշտպաններ
18.10.2018
11:00
Հոկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունենցավ քննարկում` «Կադրային քաղաքականությունը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:

Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ