Ինչպե՞ս կանխարգելել երեխաների հանդեպ բռնությունները Հայաստանում
19.11.2015
11:00
Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունները նվազման միտում չունեն և աղքատության խորացմամբ պայմանավորված նորանոր դրսևորումներ են ձեռք բերում: Նման տեսակետ հնչեցրեց այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ, ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի նախագահ Միրա Անտոնյանը:

Այսօր՝ երեխաների հանդեպ բռնությունների կանխարգելման համաշխարհային օրը, «Մեդիա կենտրոնում» անցկացվեց քննարկում Հայաստանում երեխաների հանդեպ բռնությունների և դրանց կանխարգելման վերաբերյալ, որին մասնակցում էին Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ, ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի նախագահ Միրա Անտոնյանը, «ՍՕՍ» մանկական գյուղեր բարեգործական հիմնադրամի ընտանիքների ամրապնդման ծրագրի ղեկավար Սյուզան Բադեյանը, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի ղեկավար Քնարիկ Գարանֆիլյանը և ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության  գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը:

Երեխաների պաշտպանության ցանցը, որի նպատակն է երեխաների հանդեպ բռնությունների կանխարգելումը, կազմված է 40-ից ավելի ՀԿ-ներից:

 «ՀՕՖ-ի կենտրոնում ապաստան է գտել 160 երեխա: Անշուշտ, 160-ից բացի մենք աշխատում ենք երեխաների հետ անմիջապես հենց իրենց ընտանիքներում, համայնքներում և կենտրոնացած ենք Արարատի ու Բերդի տարածաշրջանում: Մեզ հանդիպած դեպքերի մեծ մասը, ցավոք սրտի, համակցված խնդիրներով երեխաներն են: Կենտրոն եկած երեխաների 50 տոկոսից ավելին միաժամանակ ունեցել են տրավմաներ կապված և ֆիզիկական, և հոգեբնական ճնշումների, և մեծ մասամբ անտեսման հետ»,-ասում է Միրա Անտոնյանը:

 Նրա խոսքով՝ Հայաստանում բացի Բռնության մասին հայեցակարգի հաստատումից այլ առաջընթաց չի գրանցվել:

«Մեր երկրում ունենք հաստատված հայեցակարգ, բայց դրանից բխող ընթացակարգերը, թե ով ինչ պետք է անի սկսած դպրոցի ուսուցչից, մանկապարտեզի դաստիարակից, չկան: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ բարի կամքի վրա է:  Բռնությունների խնդիրը ավելի շատ սոցիալական ոլորտում է, քան քրեական, մինչդեռ մեր երկրում միջամտության միակ մեխանիզմը, միջամտող միակ կառույցը շարունակում է մնալ Ոստիկանությունը, ինչը նշանակում է, որ բալանս չկա սոցիալական պաշտպանության համակարգում:  Սոցիալական պաշտպանության մարմինները դեռևս լիարժեքորեն հանձն չեն առել իրենց ֆունկցիաները»,-նշեց Անտոնյանը:

Արթուր Վարդանյանը ներկայացնում է 2014-2015 թթ-ին երեխաների նկատմամբ բռնության դեպքերի թիվը՝ արձանագրված Ոստիկանության կողմից:

«Այս տարի գրանցվել է 154 դեպք՝ անչափահասների հանդեպ կատարված ոտնձգությունների և բռնությունների դեպքերով, նախորդ տարվա 152-ի դիմաց: 154-ից 11-ն է, որ կատարվել է ընտանիքում, նախորդ տարի այդ թիվը եղել է 8: Գրանցված դեպքերը հիմնականում անչափահասների նկատմամբ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով դեպքերն են, այսնինքն ծեծ: Այդ դեպքերը կատարվել են ինչպես ընտանիքի անդամների կողմից, այնպես էլ այլ անձանց կողմից՝ այդ թվում չափահասը չափահասի նկատմամբ»,-ընգծեց Վարդանյանը:

Սյուզան Բադեյաննէլ ասում է, որ Ֆիզիկական և սեռական բռնությունը վերջին տարիներին ավելի շատ է հանրության ուշադրության կենտրոնում և որոշ չափով կա անհանդուրժողականություն այդ երևույթի հանդեպ, մինչդեռ հոգեբանական բռնությունը մնում է անտեսված:

«Հուզական, էմոցիոնալ բռնությունը շատ տարածված է և դրա հետևանքները շատ ավելի խորն են: Հուզական  բռնություն ասելով՝ նկատի ունենք պարբերաբար երեխայի հանդեպ վիրավորանքներ, սպառնալիքներ հնչեցնելը, երեխային իզոլացնելը, որևէ  տեղ փակելը, ձեռք առնելը, շատ բարձր պահանջներ ներկայացնելը, քննադատելը: Այդ ամենը բերում է նրան, որ երեխան մեծանում է շատ անվստահ իր ուժերի հանդեպ, էմոցիոնալ առումով թերի զարգացած,  չի կարողանում ճիշտ հարաբերություններ կառուցել, լինում է ագրեսիվ տագնապով լի, կամ չափազանց ամաչկոտ»,-նշում է Բադեյանը:

Նրա խոսքով՝ հաճախ ծնողները հմտություներ և գիտելիքներ չեն ունենում ծնողավարության, երեխայի հետ ճիշտ վարվելու և դաստիարակելու համար:

«Մենք փորձում ենք գիտելիքներ, ծնողավարման հմտություններ փոխանցել, որպեսզի նվազեցնենք ֆիզիկական և հուզական բռնությունների չափը»,-հավելում է Բադեյանը:

Քնարիկ Գարանֆիլյանն ասում է, որ Մեծամորում գտնվող իրենց «Ընտանիք և համայնք» ՀԿ-ն ունի ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ տարեկան սպասարկվում է 130 երեխա:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նույնպես ունի 3 ցերեկային խնամքի կենտրոն, որից երկուսը Երևանում  է, մեկը Գյումրիում: ՀԿ-ներն էլ առանձին ունեն ցերեկային կենտրոններ, բայց սա բավարար չէ 915 համայքների համար»,-ասում է Գարանֆիլյանը:

Նա նշում է, որ առաջնային օղակները երեխաների իրավունքների պաշտպանության համակարգում խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովներն են, որոնք «չունեն մասնագիտական որակավորում, չունեն բավարար ռեսուրսներ և գործում են կամավորական հիմունքներով»:

«Մինչդեռ այս առաջնային օղակն էր, որ պետք է բացահայտեր, գտներ այս դեպքերը և աջակցեր, մտածեր, թե ինչպես կարելի է կանխարգելել բռնությունը: Կարևոր է համայնքներում ունենալ սոցիալական աշխատողներ, որովհետև սա ոչ միայն ոստիկանության գործառույթը պետք է լինի, այլև սոցիալական արձագանք պետք է ունենա: Այսօր ցանցի անդամ կառույցները իրենց համայնքերում ստեղծել են ցերեկային խնամքի կենտրոններ երեխաների համար, որտեղ կան և սոցիալական աշխատողներ, և հոգեբաններ, և մանկավարժներ: Այս կենտրոնները ոչ միայն վաղ բացահայտում են, միջամտում են և կանխարգելում, այլև վերականգնողական աշխատանքներ են տանում: Մենք պետք է հիշենք, որ աջակցության կարիք ունի ոչ միայն երեխան, ոչ միայն զոհը, այլև բռնարարը: ժամանակն է, որ մեր պետությունը այս փորձված մոդելները վերցնի և կիրառի»,-ընդգծում է Գարանֆիլյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:    

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ