Սահմանադրական փոփոխություններ. բանավիճում են Արամ Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանը
16.11.2015
13:30
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ բանավեճ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի միջև սահմանադրական փոփոխությունների գործընթացի և նախագծի շուրջ:

«Ես արդեն  40 համայնքում հանդիպումներ եմ ունեցել,  զրուցել շուրջ 1400 հոգու հետ, եւ հավատացեք ինձ,  գեթ մեկ հոգի «այո» այս երկրում չկա: Ես ընդամենը հարց եմ տալիս` ում էր պետք այս քյալլագյոզությունը: Մենք տարիուկես` մոռացած մեր բյուջեն, հիմա հեսա կտեսնեք, թե ինչ  հետ նահանջի բյուջե են բերել, մոռանալով արտագաղթի  արդեն սահմանը անցնող քանակը, մեր աղքատության  արդեն սարսափելի արագացող տեմպերը, թողել` նստել ենք, Սահմանադրություն ենք փոխում: Այն դեպքում, երբ գործող Սահմանադրությունը կարգուկանոն պահպանում է,- նշեց Արամ Մանուկյանը` հարց ուղղելով Արծվիկ Մինասյանին,-Արդյոք գործող սահմանադրությունն ասում է, որ խորհրդարանում պետք է 60 հոգի բիզնեսմեն լինի, ընդ որում բիզնեսմեն, որոնք Հայաստանում հիմնական  բիզնեսների տերերն են: Գործող սահմանադրությունը չի աշխատում այդ  առումով, եւ եթե իշխանությունը կամք չունի գործող Սահմանադրությունը աշխատացնելու, փոխելու իմաստը ո՞րն է»:

Արձագանքելով այս հարցադրմանը` Արծվիկ Մինասյանը նկատեց. «Քաղաքական կամք կոչվածը պետք  լինի մի մեխանիզմ, որը պետք է ապահովվի Մայր օրենքով եւ պարտադրի իշխանությանը դրսեւորելու այն, այլ ոչ թե թողնի վերջինիս ցանկությանը: Եթե դա թողնենք իշխանության ցանկությանը, ապա որեւէ իշխանություն երբեւէ իր լիազորությունները կամավոր հենց այնպես չի զիջի»:

«Պատերազմական վիճակում գտնվող երկիրն իր ռեսուրսները պետք է լրիվ ուրիշ ուղղությամբ տաներ, սակայն մեզ  շեղել են էն լուրջ խնդիրներից, որ Հայաստանն ուղղակիորեն սպառվում է»,-ընդգծեց Արամ Մանուկյանը` հավելելով. «Մենք ասում ենք  մեր տունը քանդվում է, դուք ասում եք` միջանցիկ քամի է:  Սա ամենեւին սահմանադրական փոփոխություններ չեն, սա ընդամենը Սերժ Սարգսյանի  իշխանությունը երկարաձգելու խնդիր է»: 

Նա նաեւ ընդգծեց, որ այս նախագծի կյանքի կոչման դեպքում ժողովրդին հեռացնում են  երկրի կառավարումից. «Կա երեք ընտրություն, որին ժողովուրդը մասնակցում է: Առաջինը` նախագահական ընտրություններն են, որին այս նախագծով ժողովրդի մասնակցությունը 100 տոկոսով հանվում է: ՏԻՄ ընտրությունները 3 տարով  էր, դարձավ 5 տարի, 40 տոկոսով ժողովրդի մասնակցությունը կրճատվեց ժամկետի առումով, խորհրդարանն էլ 4 տարի էր, սարքեցին 5, եւ դարձյալ 25 տոկոսով ժողովրդի մասնակցւթյունը հեռացվեց իշխանության ձեւավորման գործընթացից: Սա կոնցեպցիա է, որ քաղաքացին չմասնակցի ընտրություններին: Կա՞ արդյոք ավելի կարեւոր բան, քան ընտրությունների միջոցով քաղաքացու կողմից իշխանության ձեւավորումն է»:

Արծվիկ Մինասյանը ճիշտ չհամարեց  ընտրությունների քանակը ժողովրդավարության զարգացման պայման դիտարկելը` նշելով, թե այդ դեպքում կարելի էր ամեն տարի ընտրություններ կազմակերպել:

Արձագանքելով «Մեդիա կենտրոնի» հարցադրմանը, թե հաշվի առնելով  ՀՀ Ազգային Ժողովի  կազմի  մասնագիտական հնարավորությունները,  արդյոք ռիսկային չէ Հայաստանում «փափուկ» Սահմանադրության ներդնումը, այն է` առաջարկվող նախագծի 202 հոդվածը, որով  220 հոդվածներից միայն 123-ն  է փոփոխելի  բացառապես հանրաքվեի միջոցով, իսկ մնացածը կարող են փոփոխվել նաեւ խորհրդարանի կողմից` Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ  վերը նշված հոդվածով  կարեւորագույն, հիմնասյունային դրույթները  կարող են փոխվել բացառապես հանրաքվեի միջոցով:

«Մյուս նորմերը, որոնք  պետք է ապահովեն եւ դառնան երաշխիքը այդ նորմերի ապահովման, դրանք, այո, կարող են փոփոխության ենթարկվել նաեւ ԱԺ-ի կողմից: Այլ բան, որ դուք բարձրաձայնում եք այսօրվա Ազգայի ժողովի պատկերը հաշվի առնելով` արդյոք համահունչ է այսպիսի Ազգային ժողովին նման իրավասության վերապահումը: Ամբողջ խնդիրն այն է, որ դա պետք է դիտարկել ոչ թե այսօրվա Ազգային ժողովի համապատկերի, այլեւ այն պատկերի համար, որը պետք է ձեւավորվի, եթե այս Սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչվեն»:

Մինասյանի պնդմամբ` նոր Սահմանադրությամբ պատգամավորներին առաջադրված են այնպիսի պահանջներ, որոնք կոչված են բարձրացնելու ԱԺ որակը, որպես այդպիսին նա մասնավորապես նշեց լեզվի իմացության պահանջը:

Մինասյանը նաեւ կարեւորեց պատասխանատվության սահմանման հստակ մեխանիզմների ներդնումը: «Շատ են հարցնում արդյոք գործող  Սահմանադրությունն է խանգարում, որպեսզի անցկացվեն ազատ արդար ընտրություններ: Այո, չի խանգարում, բայց եւ չի նպաստում, չի ապահովում համարժեք պատասխանատվությունը այն  անձանց համար, եւ չի սուբյեկտավորում նրանց, ովքեր պարտավոր են այդ ամենը իրականացնել: Այսօրվա գործող սահմանադրությամբ չկա սուբյեկտավորված  պատասխանատու, թե ով պետք է ապահովի ազատ եւ արդար  ընտրությունների անցկացումը: Այն նորմը, թե Նախագահը Սահմանադրության երաշխավորն է, խիստ դեկլարատիվ է եւ չիրագործվող: Այս փոփոխություններով ամբողջ պատասխանատվությունը դրվելու է Կենտրոնական ընտրական  հանձնաժողովի  վրա, որի անդամները ընտրվելու են ԱԺ կողմից` ձայների 3/5-ով: Եվ այս հանձնաժողովը նաեւ ազատելու է կուսակցություններին ընտրական վարչարարությունից»:

Բանավեճի ընթացքում կողմերը հիշատակեցին «Քառյակի» շրջանակներում համագործակցության կարճատեւ փորձը. «Էհ, Արծվիկ, Արծվիկ, մեզանից նեղացաք, գնացիք Սերժի գիրկը, դա էր հա, քաղաքական մոտեցումը»,- բացականչեց Արամ Մանուկյանը, ինչին Մինասյանն արձագանքեց. «Մենք գիրկ գնացող չենք, պարոն Մանուկյան, ի տարբերություն Ձեր քաղաքական թիմի»:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի քննարկումների համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:    

 

   

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ