Բանավեճ՝ ընտրացուցակների թվային տվյալների շուրջ
11.11.2015
12:00
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի պնդմամբ` Հայաստանի բնակչության վերաբերյալ ԱՎԾ-ի ներկայացրած տվյալները չեն կարող հիմք լինել Ոստիկանության համար, քանի որ ԱՎԾ-ի եւ պետական ռեգիստրի վարման մեթոդոլոգիաները տարբեր են:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի համար  այս մոտեցումն անհասկանալի է, քանի որ խոսքը գնում է  երկու պետական մարմինների ներկայացրած տվյալների մասին, եւ այս դեպքում պարզ չէ, թե ինչու պետք է քաղաքացին առավել արժանահավատ համարի ոչ թե ԱՎԾ-ի, այլ պետական ռեգիստրի տվյալները:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ բանավեճ «Անճշտություններ ընտրացուցակներում. հիմնավորված ահազա՞նգ, թե՞սխալ հաշվարկ» թեմայով, որին մասնակցում էին Արթուր Սաքունցն ու Մնացական Բիչախչյանը:

Սաքունցը նախ ընդգծեց, որ  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից  իրականացված եւ հրապարակված վերլուծությունները հիմնված են բացառապես պետական մարմինների կողմից տարբեր ժամանակահատվածներում հրապարակված տվյալների վրա: Նա նշեց, որ 2015թ ԱՎԾ հրապարակած տվյալներով Հայաստանում առկա մշտական բնակչության թիվը կազմում է 3 մլն 10 հազար 600 անձ, որը համեմատելով ԿԸՀ կողմից ներկայացված ընտրողների ընդհանուր թվի հետ` ստացվում է, որ բնակչության մեջ ընտրողների տեսակարար կշիռը կազմում է 85 %: Մինչդեռ 2008 թ-ին այդ ցուցանիշը  13 %-ով ավելի քիչ էր եւ կազմում էր 72%:

Ընդ որում, ըստ ԱՎԾ-ի, Հայաստանում ժողովրդագրական պատկերն այնպիսին է, որ բնակչության 25-30 տոկոսը կազմում են մինչեւ 18 տարեկանները: Հետեւաբար` 2015թ. համար ներկայացնելով ընտրողների 85 % տեսակարար կշիռ, ունենում ենք 15% մինչեւ 18 տարեկան բնակչություն:

Իրավապաշտպանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ազգային վիճակագրական ծառայությունում ներգրավված են գիտնականներ եւ այդ մարմնի եզրակացությունն, ըստ էության, գիտական բնույթ ունի: Ուստի եւ` հիմք ընդունելով հենց ԱՎԾ-ի գիտական հաշվարկների վրա ներկայացված մինչեւ 18 տարեկանների ցուցանիշը` Հայաստանում պետք է որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը լիներ 2 մլն 197 հազար 738: Արթուր Սաքունցն ընդգծեց, որ անգամ ԱՎԾ-ի սահմանած` բնակչության մեջ   ընտրողների տեսակարար կշռի ամենավերին` 75 % ցուցանիշով հաշվարկելու դեպքում էլ չի ստացվում ԿԸՀ-ի հրապարակած 2 մլն 252 հազար 243 թիվը, եւ տարբերությունը կազմում է 358.228 ընտրող:

«Իսկ ԿԸՀ-ն էլ իր թվերը, բնականաբար, ստանում է ոստիկանության կողմից ներկայացված թվերից»,- եզրափակեց բանախոսը:

Բանավեճի մյուս մասնակիցը` ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ի պատասխան նշեց, որ բնակչության պետական ռեսգիստրը վարող լիազոր մարմինը Ոստիկանությունն է. «Անձը որ գնա հաշվառման` ըստ բնակության վայրի, հիմա գնալու է ԱՎԾ-ու՞մ հաշվառվելու, թե՞ Ոսստիկանության անձնագրային ծառայություն»,- հարցադրում արեց Բիչախչյանը` ընդգծելով, որ ԱՎԾ-ի մեթոդաբանությունն այլ է:

«Եթե այս ծառայության տեսուչները տնետուն շրջելով, նաեւ առկա բնակչության եւ մինչեւ 1 տարի բացակայողների տարանջատումներ կատարելով, համադրություններ եւ թվային վերլուծություններ  անելով  տվյալ են հրապարակում, դա դեռ չի նշանակում, որ Ոստիկանության համար, որպես պետական ռեգիստրը վարող լիազոր մարմին, պետք է հիմք ընդունվեն ԱՎԾ-ի կողմից կատարված ուսումնասիրությունները եւ հրապարակումները»,-նշեց Բիչախչյանը:

«Մեդիա կենտրոնի» հարցին, թե այդպիսով ստացվում է, որ Ոստիկանությունը կասկածի տա՞կ է դնում ԱՎԾ-ի հրապարակած տվյալների հավաստիությունը` Բիչախչյանն արձագանքեց, որ խոսքը ոչ թե կասկածելու, այլ  տարանջատելու մասին է. «Դուք տեսե՞լ եք օրինակ, որ երեխային դպրոց տանելուց պահանջեն ԱՎԾ-ից տեղեկանք առ այն, որ այդ երեխան համարվում է ՀՀ-ում առկա կամ մշտական բնակիչ, իհարկե` ոչ»:

Ի պատասխան` Սաքունցն առաջարկեց հստակեցնել. «Հիմա կամ  պետական ռեգիստրը վարող մարմինը` Ոստիկանությունը, գտնում է, որ ԱՎԾ-ի վիճակագրական տվյալները ճիշտ չեն, կամ մենք գտնում ենք, որ պետական ռեգիստրի տվյալները ճիշտ չեն: Ես երկու տարբերակ ունեմ, երկուսն էլ պետական մարմիններ են: Հիմա Ոստիկանության անձնագրային վարչության պետը հայտնում է, որ իրենց տվյալներն են առավել ճիշտ: Ես, որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ հասկանալ, ինչու՞ պետք է  գերադասեմ այս տեղեկատվության աղբյուրը մեկ այլ տեղեկատվության աղբյուրից, որովհետեւ երկուսն էլ տեղեկատվության պետական աղբյուրներ են: Հիմա այստեղ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ,  ՀՀ քաղաքացին կամ  պետք է «կարճ միացում» տա ուղեղային, կամ էլ` պետք է ելնենք երկու մարմինների տվյալներից»:

Մնացական Բիչախչյանի խոսքով` այստեղ խնդիրը ոչ թե այս կամ այն մարմնի ներկայացրած տվյալների արժանահավատության մեջ է, այլեւ օրենքով սահմանված կարգի, ըստ որի. «Եթե ընտրական օրենսգրքում գրված լիներ, որ ընտրողների ցուցակները ձեւավորվում են պետական ռեգիստրի եւ ԱՎԾ-ի տվյալների համադրմամբ, իհարկե այդ դեպքում կփորձեինք հասկանալ, թե որն է առավել արժանահավատ: Բայց այսօր այդ ցուցակները կազմվում են պետական ռեգիստրի տվյալների հիման վրա, որոնց համար էլ պատասխանատու է Ոստիկանությունը»:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի քննարկումների համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:    

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խորհրդային անցյալի գնահատման տարբերությունները ներկա ու նախկին վերնախավերի մոտ
18.07.2018
11:00
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը «Սպիտակեցումից դեպի դատապարտում. մինչհեղափոխական և հետհեղափոխական իշխող քաղաքական վերնախավի մոտեցումները Հայաստանի սովետական անցյալի նկատմամբ» թեմայով հետազոտության արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ խորհրդային ավտորիտար կառավարման վերաբերյալ ներկա ու նախկին իշխանական վերնախավերը բոլորովին տարբեր վերաբերմունք ունեն։
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ