Ռուսաստան-Իրան համագործակցության ազդեցությունը Հարավային Կովկասի վրա սահմանափակ է
11.11.2015
11:00
Ռուս-իրանական համագործակցության ազդեցության հնարավորությունները Հարավային Կովկասի էներգետիկ շուկայի և աշխարհաքաղաքական իրողությունների վրա բավականին սահմանափակ են: Իրանը Ռուսաստանին վերաբերում է կասկածամտորեն, ուստի համագործակցության հարցում կլինի զգույշ և գործարքների կգնա միայն այն ոլորտներում, որոնք բխում են իր շահերից: Այս կարծիքին են հայաստանցի և վրաստանցի փորձագետները:

Ռուսաստանի էներգետիկ հսկա «Գազպրոմը» բանակցություններ է վարում Թեհրանի հետ Իրանի բնական գազի սեկտորում պոտենցիալ ներդրումներ կատարելու վերաբերյալ: Գործարքը կկայանա այն դեպքում, եթե Իրանի դեմ պատժամիջոցները կասեցվեն: Հնարավոր համաձայնությունը կատարվելու է փոխանակման սխեմայով. Ռուսաստանը գազ կմատակարարի Իրանի հյուսիս՝ Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքներով անցնող խողողովակաշարերի միջոցով՝ փոխարենը մասնաբաժին ստանալով Պարսից ծոցից արտահանվող հեղուկացված բնական գազի գործարանում:

Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ձեւավորվող նոր էներգետիկ առանցքը փոփոխություններ է ենթադրում Հարավային Կովկասի երկրների համար՝ միաժամանակ ազդելով տարածաշրջանում քաղաքական հարաբերությունների վրա: 

Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ Մոսկվայի հետ բանակցություններ է վարում՝ ինչպես սեփական տարածքում գազամատակարարման ծավալները մեծացնելու, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրներ մատակարարվող գազի համար տարանցիկ երկիր դառնալու համար: Սա կարող է մեծ փոփոխությունների հանգեցնել, քանի որ Վրաստանն այսօր բնական գազը հիմնականում ներկրում է Ադրբեջանի կասպիցծովյան շրջանից՝ նաեւ որպես տարանցիկ երկիր ծառայելով հարեւան պետության արեւմտյան գազատարի համար:

Ռուսաստանի իշխանությունները նշում են, որ դեռեւս չեն կողմնորոշվել, թե վերջնական փուլում Իրան արտահանվող գազը որ երկրի տարածքով է անցնելու՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի:

Փորձագետների կարծիքով թեև էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Իրանի միջև հնարավոր է, սակայն այն չի կարող հասնել շատ մեծ ծավալների, որպեսզի էական ազդեցություն ունենա հարավկաովկասյան տարածաշրջանի էներգետիկ շուկայի և աշխարհաքաղաքական իրավիճակի վրա:

«Այդ ազդեցության շրջանակները սահմանափակ են, քանի որ սահմանափակ են տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի համագործակցության հնարավորությունները: Եթե խոսքը գազի առաքումների մասին է, ապա Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան ձգվող գազամուղի հնարավորությունները մեծ չեն: Այն բավականին հին է, իսկ նրա թաղունակությունը մոտ 3 մլրդ խորանարդ մետր է: Այսինքն՝ ներկայիս Հայաստան մատակարարվող գազի ծավալներն այդ խողովակաշարով կարելի է ավելացնել ևս մեկ մլրդ խորանարդ մետրով, ինչը շատ քիչ է, որպեսզի ունենա էական նշանակություն տարածաշրջանի և Իրանի համար», - կարծում է իրանագետ, Հասարակության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Սևակ Սարուխանյանը:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը  Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ «Մեդիա կենտրոն»-ում նոյեմբերի 11-ին Սևակ Սարուխանյանի, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի և Վրաստանում Ատլանտյան խորհրդի ղեկավար, Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Դավիթ Սիխարուլիձեի մասնակցությամբ անցկացրեց քննարկում «Ռուս-իրանական համագործակցության ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանի վրա» թեմայով:

Սիխարուլիձեն սխալ և վտանգավոր է համարում Վրաստանի էներգետիկ անվտանգության տեսանկյունից ռուսական «Գազպրոմի» հետ վրացական կառավարության բանակցությունները՝ դեպի երկիր գազ մատակարարելու համար: «Պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանն ագրեսոր է, և զավթել է Վրաստանի տարածքների 20%-ը: Բացի այդ ռուսական գազի ցանկացած մատակարարում Վրաստանն իր հետ բերելու է քաղաքական ազդեցություն և կոռուպցիոն ռիսկեր: Ռուսաստանի դեպքում գազը ոչ այնքան էներգակիր է կամ տնտեսության բաղադրիչ, որքան քաղաքական գործիք: Ուստի «Գազպրոմի» հետ բանակցությունները կարող են սպառնալ Վրաստանի էներգետիկ անվտանգությանը», - ասաց Դավիթ Սիխարուլիձեն:    

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը չբացառեց ռազմաքաղաքական համագործակցության խորացման ֆոնին նաև էներգետիկ գործակցության ակտիվացում Իրանի և Ռուսաստանի միջև: Նա հիշեցրեց, որ Մոսկվան արդեն համաձայնել է տրամադրել Թեհրանին С-300 զենիթա-հրթիռային ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև երկու երկրներն ակտիվ համագործակցում են Սիրիայի հարցում: «Այս հարցերում կարելի է ասել երկու երկրների  միջև առկա է իրավիճակային դաշինք», - ասաց քաղաքագետը:

Այնուամենայնիվ փորձագետները համակարծիք են, որ չնայած Միջին Արևելքում, հատկապես Սիրիայի հարցում Ռուսաստանի և Իրանի համագործակցության սերտացմանը` Հարավային Կովկասում այդ երկրների փոխգործակցության հնարավորությունները ոչ միայն սահմանափակ են, այլև հարաբերություններում առկա են խնդիրներ: «Ռուսաստանը և Իրանն այս տարածաշրջանում մրցակիցներ են: Այս երկրների հիմնական նպատակն ազդեցության ուժեղացումն է Հարավային Կովկասում: Բացի այդ Իրանը ոչ միայն կասկածամտորեն է վերաբերում Ռուսաստանին, այլ նաև մեղադրում է Մոսկվային պարսկական կայսրության թուլացման մեջ», - եզրափակեց Սարուխանյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

 

    

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ