ՄԻԵԴ-ի որոշումը հարված է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման գործընթացին
26.10.2015
13:00
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատի որոշումը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով թեև բավարարել է Հայաստանի՝ որպես գործով երրորդ կողմի պահանջները, բայց այն հաղթանակ անվանել չի կարելի: Այնուամենայնիվ Թուքիայի քաղաքացի Դողու Փերինչեքը, ով Հայոց ցեղասպանությունն անվանել էր «միջազգային սուտ», հաղթել է ՄԻԵԴ-ում, որն իր բացասական հետևանքը կթողնի տարբեր երկրներում ցեղասպանության ժխտման պատասխանատվության քրեականացման գործընթացի վրա:

Այնուամենայնիվ Երևանը ՄԻԵԴ-ի որոշման մեջ տեսնում է նաև նոր հնարավորություններ հայկական կողմի համար, քանի որ ըստ դատարանի որոշման, այսուհետ հայերը կարող են դատական կարգով պատասխանատվության հարց բարձրացնել այն մարդկանց դեմ, ովքեր բացահայտ կժխտեն ցեղասպանության եղելությունը՝ այդ կերպ վիրավորելով հայի ինքնությունը:

«Դատարանի որոշման մեջ նշվում է, որ հայերը կարող են պաշտպանել իրենց ինքնությունը: Իսկ հայի ինքնության վրա կարևոր ազդեցություն է ունեցել ցեղասպանությունը: Գրեթե չկա հայ ընտանիք, որի նախնիները տուժած չլինեն Օսմանյական կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից: Այսինքն՝ դատարանի որոշումը կարևոր պլացդարմ է ստեղծում հայի ինքնության պաշտպանության համար», - կարծում է միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 15-ին հրապարակեց «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը, որի համաձայն Թուրքիայի քաղաքացի հանդիսացող ազգայնական հայացքներով քաղաքական գործչին՝ Դողու Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկելու որոշումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (արտահայտման ազատություն):

Դողու Փերինչեքը 2007 թ-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության ժխտման համար: Նա Հայոց ցեղասպանությունն անվանել էր «միջազգային սուտ», ինչի համար «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի էր տվել ռասայական խտրականության հոդվածով:

Վճիռի հրապարակումից հետո Հայաստանի գլխավոր դատախազության կայքէջում տեղադրվեց հայկական կողմի հայտարարությունը, համաձայն որի, ՀՀ կառավարության՝ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ ներկայացրած բոլոր պահանջները բավարարվել են:

«Որպես երրորդ կողմ ներգրավվելով գործում, մեր նպատակն էր Եվրոպական դատարանի ստորին պատալի վճռից բացառել այն ձևակերպումները, որոնք որևէ կերպ կարող են կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը», - հայտարարեց Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը:

Դատարանի որոշմամբ, նշում է փոնախարարը, ամրագրվեց, որ այն իրավասու չէ բնորոշումներ կամ գնահատականներ տալ ցեղասպանության եղելության փաստի վերաբերյալ, ինչը շատ թուլ էր ներկայացված նախկին որոշման մեջ:

«Մեդիա կենտրոնում» հոկտեմբերի 26-ին Արա Ղազարյանի, Արման Թաթոյանի և իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «ՄԻԵԴ-ի որոշումը Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով» թեմայով:

Այնուամենայնիվ, կարծում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, պետք է ընդունել, որ ՄԻԵԴ-ում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը հաղթել է Դողու Փերինչեքը, ով ժխտել էր Հայոց ցեղասպանության եղելությունը:

«Սա է փաստը: Ինչ էլ ասվի, մենք տեսնում ենք, որ ՄԻԵԴ-ը Փերինչեքին պատասխանատվության ենթարկելը Շվեյցարիայի արդարադատության կողմից համարեց իրավունքների սահմանափակում: Իսկ սա մեծ հարված է Ցեղասպանության ժխտման պատասխանատվության քրեականացման գործընթացին», - նշեց բանախոսը:

Նրան հակադարձեց փոխնախարարը՝ նշելով, որ դատարանը չի համարել Փերինչեքին պատասխանատվության ենթարկելը որպես Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին հակասող երևույթ:

«Այլ արձանագրվեց, որ Փերինչեքի նկատմամբ սխալ է կիրառվել շվեյցարական օրենքը: Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելը և դրա համար քրեական պատասխանատվության ենթարկելը համարվել է իրավաչափ, որը, սակայն, պետք է արվի բացառապես Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում», - նշեց նա:  

Ըստ Իշխանյանի, ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավը, այնպես էլ ՄԻԵԴ-ում դատավարությունը, քաղաքական գործընթաց է: «Սա քաղաքական գործընթաց է: Այն, որ ՄԻԵԴ-ը խորամուխ չի եղել Փերինչեքի հայտարարության մոտիվների մեջ, դրա մասին է խոսում: Փերինչեքն ազգայնական քաղաքական գործիչ է, ով հենց այնպես չէր ընտրել Շվեյցարիան՝ նման հայտարարություն անելու համար: Իսկ այս փաստը դատարանը կարծես շրջանցել է», - եզրափակեց Ավետիք Իշանյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունն էին հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ