Քննարկում Կապանում. սահմանադրական փոփոխությունների գործընթացը
16.10.2015
13:00
Կապանում հոկտեմբերի 16-ին կազմակերպված «Սահմանադրական փոփոխությունների գորընթացը և նախագիծը» թեմայով քննարկմանը մասնակցում էին մի շարք ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչներ Սյունիքի մարզից:

Քննարկումը կազմակերպել էր «Մեդիա կենտրոնը» Գորիսի Մամուլի ակումբի հետ համատեղ, որին մասնակցում էին Հանրային քաղաքականության, վերլուծության և երկխոսության ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հովհաննես Գալստյանը, «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը, «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի Կապանի քաղաքացիական կենտրոնի ներկայացուցիչ Հրայր Խաչատրյանը, «Ծիածան առաջնորդների կրթական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մարտիրսյանը, Սյունիքի մարզում ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Շահբազյանը, Մարդու իրավունքների պաշտպանի Սյունիքի գրասենյակի ներկայացուցիչ Օքսաննա Դավթյանը, «Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության  բաժնի պետԳրիշա Խաչատրյանը,  Կապանի քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման բաժնի պետ Տիգրան Հովհաննիսյանը, Կապանի «Օրհուս» կենտրոնի ղեկավար Աշոտ Ավագյանը և «Խուստուփ» ՀԿ-ից Վլադիկ Մարտիրոսյանը:

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը մտել է նոր փուլ: Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում հոկտեմբերի 5-ին 104 պատգամավորի կողմ քվեարկությամբ սահմանադրության նոր նախագիծը հավանության արժանացավ, որից հետո հայտնի դարձավ նաև սահմանադրական հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ը:
Սահմանադրության նոր նախագիծը ենթադրում է կառավարման մոդելի փոփոխություն, ըստ որի Հայաստանը գործող կիսանախագահական համակարգից անցում պետք է կատարի խորհրդարանական կառավարման ձևաչափի:

«Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ  Արմեն Փարսադանյանի կարծիքով ավելի կարևոր է՝  սահմանադրական կարգի պահպանումը, այլ ոչ թե պարբերաբար այն փոփոխությունների ենթարկելը:

«Եթե սահմանադրական կարգը չի պահպանվում, այդքան էլ էական չէ, թե ինչպիսի օրենքներ կընդունենք, ինչ սահմանադրություն կունենանք: Այս սահամանադրական փոփոխությունները կատարվել են, որպեսզի նվազեցնեն ընտրությունների քանակը և իշխանությունները 5 տարին մեկ, ընդամենը մեկ ընտրություն կազմակերպելով, փորձեն վերարտադրվել»,-ասում է Փարսադանյանը:

«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի Կապանի քաղաքացիական կենտրոնի ներկայացուցիչ Հրայր Խաչատրյանը կարծում է, որ  քաղաքացիները և  հասարակական կազմակերպությունները, որոնք այժմ պետք է ներկայացնեն նախագծի վերաբերյալ իրենց կարծիքները,  անպատեհ է:

«Դրանք պետք է ներկայացվեին ավելի վաղ ժամանակշրջանում՝ 2013-ի նոյեմբերից սկսած, երբ արդեն ՀՀ-ն դիմեց Վենետիկի հանձնաժողովին: Այդ փուլից պետք է հաշվի առնեին ու ներգրավվեին քաղհասրակության ներկայացուցիչներին: Իսկ Ազգային ժողովում այն խմբակցությունները, որոնք նախաձեռնողի դերում էին և ստանձնել էին հասարակության առաջնորդելու դերակատարությունը, իրենց քվեարկությամբ կորցրեցին վստահությունը: Ես անձամբ իմ վստահությունը կորցրել եմ բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ»,-հավելում է Խաչատրյանը:

Ըստ «Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանի՝ սահմանադրական փոփոխությունների կարիքը չկա այս պահին Հայաստանում:

«ՀՀ քաղաքացու ձայնը այսօր Նռնաձորից մինչև Աշոցք, իմ համոզմամբ, լսելի չէ: Բոլոր ընտրությունները, որոնք տեղի են ունեցել սկսած 1996-ից հանրության ճնշող մեծամասնությունը չընդունեց և մնաց չբավարարված, քանի որ իր այդ հույսերը մնացին անկատար: Հետևաբար սա արդեն հանրային քննարկում չէ, սա արդեն կատարված փաստ ենք դիտարկում և կատարված փաստի մասին ենք խոսում»,-նշեց Հակոբյանը:

Սյունիքի մարզում ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Շահբազյանը կարծում է , որ եթե սահմանադրական փոփոխությունն առաջարկվել է ՀՀ նախագահի կողմից, ուրեմն դրա անհրաժեշտությունը «հավանաբար կար»:

 «Մենք կարծում ենք, եթե դրա կարիքը չլիներ, ինքը չէր առաջարկի դա: Անհրաժշետությունը հավանաբար եղել է, որ ներկայացվել է երկրի ղեկավարի կողմից: Եթե մենք խոսում են ԵԱՀԿ գաղափարախոսության մասին, մենք սահմանադրության նոր փոփոխությունների մեջ չենք տեսնում այնպիսի բաներ, որոնք հակասում են ժողովրդավարական հասարակարգի կայացմանը, հակառակը՝ համապատասխանում են  Հելսիկնյան 10 սկզբունքների պահանջներին: Այլ հարց է, թե այսպիսի փոփոխությամբ մենք կարողանալու՞ ենք կառուցել ժողովրդավարական հասարակարգ, թե՞ ոչ: Սա դժվար հարց է»,-նշեց Շահբազյանը:

Դավիթ Հոկբյանը հակադարձեց՝ նշելով, որ սա արմատական փոփոխություն է, որովհետև կառավարման մոդել է փոխվում:

«Սա չպետք է լինի հավանաբանար, պետք է լինի անհրաժշետաբար, սա խաղալիք չէ: Իսկ այսօր հանրային պահանջ  չկա, որովհետև հանրությունը մասնակից չի եղել անուղղակիորեն, թե ուղղակիորեն պետական կառավարմանը և պետության համար կարևոր որոշումների կայացմանը լինի դա  ներքին, թե արտաքին»,-ընդգծեց Հակոբյանը:

Քաղաքագետ Հովհաննես Գալստյանն էլ ներկայարցեց իր դիտարկումները գործընթացի և նախագծի շուրջ՝ նշելով որ Հանրային քաղաքականության, վերլուծության և երկխոսության ինստիտուտը հետևում է  այս գործընթացին 2013-ի սեպտեմբերից, երբ ստորագրվեց համապատասխն հրամանագիրը հանձնաժողով ստեղծելու մասին:

Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը ջանքեր չգործադրեց, որպեսզի այս կարևորագույն փաստթուղթը հանրային քննարկման դրվեր:

«Իմ կարծիքով չէր դրսևորվել նաև ոչ մի հանրային պահանջ այն քննարկելու: Բայց հանրային քննարկումը պետք է ուղղված լիներ ոչ թե վերջնական նախագծին, այլ այդ երկու կարևորագույն փաստաթղթերին, որի հիման վրա կձևավորվեր վերջնական փաստաթուղթը և նոր հավանության պետք է արժանանար Ազգային ժողովում»,-նշում է Գալստյանը:

Նա հավելում է, որ ցանկացած երկրում սահանադրության փոփոխության համար կարևորը ոչ թե արդյունքն է, այլ այդ գործընթացի հիմքում ընկած սկզբունքները:

«Եթե չկան այդ սկզբունքները, սահմանադրությունը գործելու արդյունավետություն չի կարող ունենալ: Սահմանադրությունը փոփոխելու պահը դրսևորվում է այն ժամանակ, երբ երկրում հասունացած քաղաքական վիճակը և խնդիրները թույլ են տալիս ենթադրելու, որ նման փոփոխությունը չի կատարվում մեկ իշխանության, մեկ ուժի նպատակի համար: Պարզ ասած պետք է լինի քաղաքական ճգնաժամ, այն չպետք է փոփոխվի հանկարծակի և հապշտապ ինչպես մեր պարագայում էր»,-ընդգծեց Գալստյանը:

Երկորդ կարևորագույն հարցը, ըստ քաղաքագետի,  քաղաքական ուժերի հավասարակշռությունն է. «Եթե գոյություն ունի մեկ քաղաքական ուժի մենիշխանություն, ապա նույնիսկ լավագույն սահմանադրության դեպքում սահմանադրական դրույթները կմնան թղթի վրա, արդյունավետություն ունենալ չեն կարող»:

Նա նշում է, որ հանրությունը գործ ունի ոչ թե փոփոխությունների հետ, այլ բոլորովին նոր փաստաթղթի հետ, որտեղ փոխվում է սահմանադրության կորիզը՝ կառավարման համակարգը:

«Իսկ հանձանժողովի կազմը նման կարևորագույն փոփխությունների համար պետք է ներառեր տարբեր ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում ՀԿ-ների ներկայացուցիչներ: Հանձնաժողովը մասնագիտական էր կոչվում, բայց այնտեղ ներկայացուցիչները կախվածություն ունեին բառիս բուն իմաստով նախագահից ու ներկայացնում էին պետական պաշտոններ»,-եզրափակեց Գալստյանը:

Սյունիքի մարզպետարանի ներկայացուիցչ Գրիշա Խաչատրյանն էլ ներկայացրեց «Ընտրական օրեսնգրքով» և «Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված պարտականություններն ու լիազորությունները:

«Քարոզչություն կատարողների համար մենք մարզի տարածքում անվճար հիմունքներով նախատեսում ենք  տրամադրել մոտ 116 դահլիճներ, որպեսզի կողմ կամ դեմ քարոզչություն անողները կարողանան կատարել:  Նախորդ ընտրություններում ձևավորվել է մոտավորապես 150 ընտրական տեղամաս, հիմա որքան կլինի, լիազոր մարմինները կորոշեն: Հանրաքվեին մասնակցող քաղաքացիների ցուցակը տեղամասային կենտրոններում բոլորի համար տեսանելի տեղում կլինի և  պետք է տեղադրվի միչև հոկտեմբերի 27-ը»,-հավելեց Խաչատրյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:     

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ