Շանթ Հարությունյանի գործը ՄԻԵԴ-ում. փաստաբանը դրական ելքի հույս ունի
15.10.2015
12:00
Շանթ Հարությունյանի և նրա ընկերների «Շանթ Հարությունյան+10» պայմանական անունը կրող դատական գործով բողոքն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ընդամենը 15 օրվա ընթացքում գրանցվել ՄԻԵԴ-ում:

Ընդհանուր առմամբ տասնմեկ անձի վերաբերող դատական գործի գանգատում Շանթ Հարությունյանի և նրա ընկերների փաստաբան Ինեսսա Պետրոսյանն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տարբեր հոդվածներով խախտումներ: Մասնավորապես՝ արդար դատաքննության, ազատ հավաքների անցկացման իրավունքների և անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտումներ:

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը, ով 2013 թ-ի նոյեմբերին Ազատության հրապարակում իրականացնում էր «Ես սկսում եմ հեղափոխություն» ակցիան, դատապարտվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` 6 տարվա ազատազրկման, իսկ նրա որդին՝ Շահեն Հարությունյանը՝ 4  տարվա պայմանական ազատազրկման: Հարությունյանի ընկերները դատապարտվեցին 4-7 տարի ազատազրկման 2013 թ-ի նոյեմբերի 5-ին «Անոնիմուսի» երթի ժամանակ ոստիկանության հետ տեղի ունեցած ընդհարման հետևանքով:

«Մեդիա կենտրոնում» հոկտեմբերի 15-ին փաստաբան Ինեսսա Պետրոսյանի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի  մասնակցությամբ տեղի ունեցավ մամլո ասուլիս «Շանթ Հարությունյանի և ընկերների դատական գործն ուղարկվել է Եվրոպական դատարան. նոր մանրամասներ» թեմայով:

ՄԻԵԴ ներկայացված գանգատում, նշում է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, շեշտը դրված է երեք հիմնական իրավունքների խախտման վրա:

«Առաջինը, արդար դատաքնության իրավունքն է: 14 ամբաստանյալների 134 հատորանոց գործով վճիռը  Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացվեց շատ հապճեպ և ներկայացվեց երկու ժամվա ընթացքում: Խախտվեցին նաև ամբաստանյալների վերջին խոսքի իրավունքը, իսկ որոշ ամբաստանյալների թույլ չտրվեց հանրային պաշտպան ունենալ», - ասաց նա:

Խախտվել է նաև ամբաստանյալների անմեղության կանխավարկածը, վստահ է Պետրոսյանը:

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այդ օրերին գտնվելով ԱՄՆ-ում և պատասախանելով իրեն ուղված հարցին, ասել է, որ «Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել»: Սա այն դեպքում, երբ դեռ Առաջին ատյանի դատարանը վճիռը չէր հրապարակել: Ես այս հանգամանքը մի քանի անգամ ներկայացրել եմ դատարանում, որը չի հաշվի առնվել», - նշեց փաստաբանը՝ հավելելով, որ նախագահի հայտարարությունը, հաշվի առնելով ՀՀ-ում դատական համակարգի կախվածությունը գործադիր իշխանությունից, կանխորոշել է դատարանի վճիռը:

Ըստ փաստաբանի՝ խախտվել է նաև հավաքների ազատ անցկացման իրավունքը, քանի որ 2013թ-ի Շանթ Հարությունյանի և նրա ընկերների երթի ժամանակ տեղի են ունեցել սադրանքներ, ինչը վերածվել է բռնության կիրառման և ցուցարարներին թույլ չի տվել խաղաղ երթ իրականացնել:

Շանթ Հուրթյունյանին և նրա հետ ազատազրկված ընկերներին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անվանաեց քաղաքական բանտարկյալներ:

«Նրանք հետապնդվում են քաղաքական դրդապատճառներով, քանի որ դեմ էին հանդես գալիս Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացին: Մարդը համարվում է քաղբանտարկյալ, եթե ազատազրկվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով կամ կից արձանագրություններով երաշխավորված ազատություններից որևէ մեկի խախտմամբ և այդ ազատազրկումը կատարվել է ակնհայտ քաղաքական դրդապատճառներով», - ասաց իրավապաշտպանը:

Այս ենթատեքստում նա անդրադարձավ նաև սահմանադրական փոփոխությունների գործընթացին՝ հայտարարելով, որ անհեթհեթ է խոսել սահմանադրության փոփոխմամբ իրավունքի գերակայության հաստատման մասին Հայաստանում, եթե երկրում չեն դադարում քաղաքական հետապնդումները: «Սա չափիչն է, որով պետք է գնահատվի հայտարարությունների և իրական գործի տարբերությունը», - հավելեց նա:

Ասուլիսի ավարտին բանախոսները հույս հայտնեցին, որ ՄԻԵԴ ներկայացրած բողոքը կբավարարվի, ինչին կարող է հետևել գործի վերանայում Հայաստանի դատարաններում:

«ՄԻԵԴ-ը չորրորդ ատյան չէ, որպեսզի բեկանի Հայաստանի դատարանների որոշումները: Բայց եթե Եվրոպական դատարանում մեր բողոքը բավարարվի և ճանաչվեն այդ իրավախախտումները, ապա հնարավոր է գործը մտնի վերանայման փուլ: Այժմ դեռ պարզ չէ՝ ինչ ժամանակահատվածում կարող է ՄԻԵԴ-ը վճիռ կայացնել մեր բողոքի մասով: Ժամկետների մասով ոչինչ չենք կարող ասել», - եզրափակեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:   

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույց» Հրաչյա Հակոբյանի հետ
22.06.2018
16:00
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից Հրաչյա Հակոբյանի կարծիքով այսօր բավականին խորը արմատներ են դրվում, որպեսզի հասարակությունը պատրաստվի գնալու ազատ և արդար ընտրությունների:
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ