Որո՞նք են աշխատանքային իրավունքի խախտման պատճառները Հայաստանում
07.10.2015
11:00
Թեև 2015թ.-ից Հայաստանում փաստացի չի գործում Աշխատանքի պետական տեսչություն, արհմիությունների ինստիտուտը կայացած չէ, բիզնեսն ու իշխանություն էլ սերտաճած են, այնուամենայնիվ աշխատողների իրավունքների ոտնահարումը կարող են նվազագույնի հասնել, եթե աշխատողների իրազեկման մակարդակը բարձրանա և հենց իրենք պայքարեն իրենց իրավունքների համար:

Նման տեսակետ հայտնեցին այսօր «Մեդիա կենտրոնում» Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվան նվիրված «Աշխատանքային իրավունքի խախտման դեպքերը և գործող օրենսդրությունը» թեմայով քննարկմանը հրավիրված բանախոսները:

Քննարկման մասնակից Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշում է, որ տաքսի ծառայությունների, սուպերմարկետների, սրճարանների, փաբերի ոլորտում և մի քանի խոշոր ձեռնարկություններում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատողների հետ հաճախ պայմանագրեր չեն կնքվում, իսկ եղած պայմանագրերն էլ հաճախ ձևական բնույթ են կրում:

Անդրադառնալով սուպերմարկետներում աշխատողների հանգստի, ընդմիջման իրավունքին` Ավետիք Իշխանյանը նշում է, որ նրանք ընդմիջումից օգտվում են ընդամենը 10-15 րոպե:
«Մեր քաղաքացիները պաշտպանված չեն ոչ մասնավոր հատվածում, ոչ պետական հատվածում…ընդհանրապես Հայաստանում աշխատանքային իրավունքները պաշտպանված չեն»,-հավելում է Իշխանյանը:

Քննարկման բանախոսներից Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը աշխատանքային իրավունքների մի քանի հիմնական խախտում է առանձնացնում.

«Հիմնականում մեզ դիմում են աշխատանքային պայմանագրերի, աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, չվճարված աշխատավարձի, հավելավճարների, պարգևատրումների, ամենամյա արձակուրդների հարցերով»:

Փիլիպոսյանը մտահոգություն է հայտնում. «Արհմիություններին վերապահված չէ պետական վերահսկողություն, աշխատանքների վերահսկողության համար մեր ձեռքերը կապված են: Մեր գործունեությունը կրում է խորհրդատվական, միջնորդության բնույթ»:

Քննարկման մասնակից ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Վարազդատ Դանիելյանը նշում է, որ այժմ որևէ պետական մարմին աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն չունի:

2004թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված աշխատանքի պետական տեսչությունը 2013-ին ՀՀ կառավարության որոշմամբ միաձուլվեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը, որն իր կառուցվածքում ուներ աշխատանքային օրենսդրության նորմերի վերահսկողության բաժին և իրականացնելու էր աշխատանքի տեսչության վերահսկողությունը:

«Սակայն 2014թ.-ին դեկտեմբերի 17-ին ընդունվեց օրենք, որով ուժը կորցրած ճանաչվեց աշխատանքային օրենսգրքի 34-րդ հոդվածը, որը իրավունք էր վերապահում աշխատանքի պետական տեսչությանը աշխատանքային օրենսդրության նորմերի նկատմամբ վերահսկողություն իրականացնել:Եվ կարող ենք արձանագրել, որ 2015թ.-ի հունվարի 9-ից օրենքով աշխատանքային օրենսդրության նորմերի նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության լիազորությունը վերացավ»,-ասում է Դանիելյանը:

Նա նշում է, որ Առողջապահական պետական տեսչությանը վերապահվել է լիազորություն աշխատանքի անվտանգ և առողջ պայմանների նկատմամբ վերահսկողություն իրականացնել և ներկայումս Առողջապահության նախարարությունը մշակում է աշխատանքի անվտանգ և առողջ պայմանների նորմերը:

«Մեր հանրապետությունը ընտրել է մի ճանապարհ, մի ուղի, որտեղ կարող է վերահսկողություն լինել աշխատանքի անվտանգ և առողջ պայմանների նկատմամբ, իսկ մնացած աշխատանքային հարաբերությունները դիտարկվում են որպես աշխատանքային պայմանագրի վրա ծագած հարաբերություններ և ըստ հայեցակարգի այդ խնդիրները կարող են լուծվել միայն դատական կարգով»:
Դանիելյանն իր խոսքում անդրադառնում է նաև հաշտատարի ինստիտուտի ստեղծմանը և դրա կարևորությանը. «Սակայն հաշտարարի ինստիտուտը աշխատանքի պաշտպանության ինստիտուտ չէ, դա կողմերին հաշտեցում է»,-նշում է նա:
Քննարկման բանախոսներից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի բաժնի պետ Ժորա Սարգսյանը մեկ քայլ առաջ է համարում այն հանգամանքը, որ հոկտեմբերի 22-ից ուժի մեջ է մտնելու Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:

«Չնայած չկա վերահսկող մարմինը, բայց մենք փորձում ենք հնարավորինս ավելի մատչելի սահմանել, որ իրենք իմանան (աշխատողները, գործատուները խմբ.), որ ունեն այս կամ այն իրավունքը»,-նշում է Սարգսյանը:
Իշխանյանը հակադարձում է և նշում, որ օրենքների փոփոխությունները շատ կարևոր են, բայց խնդիրը շատ ավելի խորն է:

«Որովհետև ցանկության դեպքում նախկին օրենսգիրքն էլ կարող էր արդյունավետ գործել: Ես համոզված եմ, որ այս օրենքները, որոնք բավականին լավ փոփոխություններ են, առանձնապես կյանքի չեն կոչվի»:

Ըստ նրա՝ օրենքների չիրագործման հիմնական պատճառը Հայաստանում բիզնեսի և իշխանության սերտաճումն է և աշխատողների «հպատակությունը»:

«Այսօր Հայաստանի կառավարության անդամների գերակշիռ մասը, ինչպես նաև պատգամավորների ծանրակշիռ մասը հենց գործատուներ են և խոշոր բիզնեսմեններ: Կա այսպիսի խնդիր. ցանկացած գործարար շահագրգռված է ավելի շատ շահույթ ունենալու մասին, նրան չի հետաքրքրում աշխատողների իրավունքները: Եվ այս պարագայում, երբ ինքը և' իշխանություն է, և' գործատու, ինչպե՞ս պետք է պաշտպանվեն աշխատանքային իրավունքները»,- ասում է նա:

Իշխանյանի համոզմամբ` աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ պետք է ակտիվ զբաղվեն արհմիությունները, ինչպես արեւմտյան երկրներում է. «19-րդ դարում Եվրոպայում էլ է եղել շահագործում եւ այլն, սակայն ստեղծվեցին արհմիություններ, որոնք, «ագրեսիվ արհմիություններ» էի, ցավոք սրտի, նաև արյան գնով հասան նրան, որ սկսեցին աշխատանքային իրավունքները պաշտպանվել: Եթե այդ արհմիությունները արեւմուտքում մի վայրկյան լռեն, էլի նրանց իրավունքները կսահմանափակվեն»:

Հայաստանի գործատուների հանրապետական միության փոխնախագահ, սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ Կարինե Բարսեղյանը ոլորտի կարգավորման համար կարևորում է իրազեկման խնդիրը ոչ միայն աշխատողների, այլև գործատուների համար. «Այստեղ մեծ անելիք ունեն նաև արհիմությունները, քանի որ փոքր և միջին ձեռնարկությունները հնարավորություն չունեն պահելու բարձրակարգ իրավաբաններ կամ հաշվապահներ, և երբեմն խախտումներ լինում են ոչ թե դիտավորությունից, այլ օրենքը չիմանալուց, օրենքը ճիշտ չկիրառելուց»:

Բարսեղյանի ընգծում է նաև աշխատաշուկայում արհմիության կայացման կարևորությունը. «Կարևոր է, որ այն ուժ դառնա և այդ ուժը ուժի իրավունքով աշխատանքային իրավունքները կիրառի ցանկացած պարագայում և գործատուների հետ իրավահարաբերություններում»:

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Վարազդատ Դանիելյան էլ հույս է հայտնում, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծում առկա դրույթը (որով առաջին անգամ սահմանվում է քաղաքացիների վարչական կարգով իրավունքի պաշտպանության ինստիտուտը) և սահմանադրական այդ նորմի հետագա կիրարկումը ապահովելու համար նոր օրենքների ընդունումը այս ոլորտում որոշակի կարգավորում կմտցնեն:

Արփինե Արզումանյան «Մեդիա կենտրոն» ծրագրի կայքի խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arpinearzumanyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21.05.2018
12:00
Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
18.05.2018
11:00
Մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից: Ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ