Բաքուն և Երևանը կարող են խաղարկել «Ղարաբաղի քարտը»
02.10.2015
11:00
Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նոր փուլն ունի երեք հիմնական պատճառ: Դրանք են, նավթի գների անկումը, որը բարդ իրավիճակ է ստեղծել նավթադոլարներից կախված Ադրբեջանում, արտաքին խաղացողների ակտիվացումը և Ադրբեջանում սպասվող խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը հայտարարեցին փորձագետները:

Օրեցօր մեծանում է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: 1994 թվականից՝ զինադադարի կնքումից ի վեր, Ադրբեջանն առաջին անգամ, այնուհետև Հայաստանն ի պատասխան օգտագործեցին խոշոր տրամաչափի հրետանային զենքեր և հրթիռային համակարգեր: Լարվածության մեծացման և կրակահերթերի հետևանքով  զոհ դարձան զինվորականներ ու խաղաղ բնակիչներ:

Ի՞նչ հետևանքներ կունենա հակամարտության շարունակական լարվածությունը, և ի՞նչ հեռանկարներ կան վերջինիս կարգավորման համար. այս և այլ հարցերի շուրջ «Մեդիա կենտրոնում» Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ անցկացրեց քննարկում «Լարվածության նոր փուլ հայ-ադրբեջանական սահմանին  և ղարաբաղյան հակամարտության գոտում» թեմայով:

«Հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Առաջին, Ադրբեջանում կրճատվում են նավթադոլորների ծավալները, քանի որ արդեն տևական ժամանակ է էներգառեսուրսների գները համաշխարհային շուկայում անկում են ապրել: Այդ երկրի ներսում սկսում են գլուխ բարձրացնել ներքին խնդիրները, որոնցից պետք է շեղել հասարակության ուշադրությունը: Երկրորդ, մեծ դեր ունի Ռուսաստանի գործոնը, որը ցանկանում է հակամարտության գոտի մտցնել խաղաղապահ ուժեր ՀԱԿՊ-ի քողի ներքո: Բաքուն, որ միշտ դեմ է եղել խաղաղապահների տեղակայամանը, այժմ կարծես դեմ չէ և պատրաստ է ՌԴ-ի հետ գնալ գործարքի, քանի որ հստակ պատկերացնում է, որ այս տեսքով ՌԴ-ն երկար չի կարող գոյատևել», - նշեց քննարկմանը մասնակից Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:

Նրա խոսքով, խաղաղապահների տեղակայման համար ֆորմալ առիթ կարող է հանդիսանալ կարճատև պատերազմը հակամարտության գոտում, որի ընթացքում Ադրբեջանը կցանկանա որոշակի տարածքներ վերցնել իր վերահսկողության տակ: «Այս սցենարի իրականացումը կանխելու համար անհրաժեշտ է, որպեսզի հակամարտության կողմերը և միջնորդները հստակ հայտարարեն ռուսական խաղաղապահների տեղակայման անթույլատրելիության մասին», - նշեց Ենոքյանը:

Աղասի Ենոքյանի կարծիքը չի կիսում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը, ում խոսքով պատերազմը սկսելը շատ բարդ որոշում է և միայն Բաքվից չէ կախված: «Պատերազմ կարելի է սկսել, սակայն պարզ չէ, թե այն ինչ ընթացք կունենա: Աշխարհում այժմ բազմաթիվ են օրինակները», - պարզաբանեց նա՝ հավելելով, որ Բաքվի՝ լարվածության աճին միտված քայլերը խոսում են վերջինիս քաղաքականության շարունակման մասին: «Բաքուն դժգոհ է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակից և միշտ պահում է լարվածությունը: Սկզբում օգտագործում էր այդ նպատակի համար դիպուկահարներ, հետո դիվերսիոն խմբեր, այժմ արդեն հրետանի և հրթիռներ», - ասաց Սարգսյանը:

«Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը հետաքրքրված չեն Լեռնային Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմամբ», - հայտարարեց քնարկմանը տեսազանգի միջոցով միացած Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս Դե Վաալը: Նրա խոսքով, Հայաստանին այսօրվա ստատուս-քվոն բավականին ձեռնտու է, իսկ Բաքուն լայնածավալ պատերազմ սկսելու համար համապատասխան ներուժ չունի:

«Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը՝ դա առաջին հերթին մեծ ռիսկեր են Բաքվի ռեժիմի համար: Հայտնի չէ, թե ինչպես կարձագանքի ՌԴ-ը, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի: Պետք է նշել, որ հակամարտության գոտում լարվածության աստիճանը զգալիորեն մեծացել է, քանի որ առաջին հերթին Ադրբեջանը ավելացրել է օգտագործվող զենքի տրամաչափը: Այդ հանգամանքը կխոչընդոտի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասաց փորձագետը:

Դե Վաալի խոսքով, այնուամենայնիվ շփման գծում կամ հայ-ադրբեջանական սահմանին լուրջ միջադեպն ամեն ինչ կարող է փոխել: Իրավիճակի վրա, նշում է փորձագետը, կարող է ազդել Հայաստանում և Ադրբեջանում առկա քաղաքական իրավիճակը: «Ընդհանուր տարածաշրջանային քաղաքական համատեքստը վատանում է: Սերժ Սարգսյանի կառավարման երկրորդ ժամկետն ավարտվում է, Ադրբեջանում անհասկանալի իրավիճակ է նավթի գների անկման ֆոնին: Իշխանությունը պահելու ցանկությունը մեծ է երկու կողմերում: Այս առումով վտանգ կա, որ կողմերն այդ նպատակին հասնելու համար կարող են խաղարկել Ղարաբաղի քարտը», - եզրափակեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ