Նավթամթերքների և գազի առևտուրը ռուբլով հնարավո՞ր է
29.09.2015
12:00
Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի և նավթամթերքների ռուբլով առևտուրը բխում է ՀՀ շահերից և կարող է հանգեցնել տվյալ ապրանքների գների որաշակի անկման: Սա բավականին բարդ, բայց իրականանալու հեռանկար ունեցող առևտրի տարբերակ է, որը վերջիվերջո հիմք է դնելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում ապագայում միասնական արժույթի անցման համար: Այդ մասին հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Վերջերս Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գրոդնոյում (Բելառուս) հանդես եկավ առաջարկությամբ ԵԱՏՄ երկրներում ազգային արժույթներով փոխհաշվարկների իրականացման և ռազմավարական ապրանքների (նավթ, գազ, ուրան) առևտրում ռուբլու անցման վերաբերյալ: Նպատակն ազգային տնտեսություններում դոլարիզացիայի մակարդակի իջեցումն է: Աբրահամյանի առաջարկը, ըստ տնտեսագետների, համապատասխանում է ԵԱՏՄ անդամ երկրներում, հատկապես ՌԴ-ում տիրող քաղաքական տրամադրություններին: Բոլորովին վերջերես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա ներկայացրեց օրինագիծ ԱՊՀ տարածաշրջանում ազգային արժույթներով առևտրի իրականացման և դոլարից ու եվրոյից որպես փոխհաշվարկի միջոց աստիճանաբար հրաժարվելու մասին:

Փորձագետները Ռուսաստանում արդյունահանվող ստրատեգիական ապրանքների դիմաց ռուբլով վճարելու առաջարկը համարում են գրավիչ, բայց դժվար իրականանալի: Այնումանայնիվ ըստ Միքայել Մելքումյանի, խնդիրը ավելի շատ քաղաքական է, իսկ ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցները միայն արագացնելու են Եվրասիական տնտեսական միությունում ազգային փոխարժեքներով առևտրի աշխուժացման և վերջապես միասնական արժույթի անցման գործընթացը:

«Մեդիա կենտրոնում» սեպտեմբերի 29-ին Միքայել Մելքումյանի և տնտեսագետ Սուրեն Պարսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Ռուբլով առևտրին անցնելու հնարավորությունը ԵԱՏՄ շրջանակներում» թեմայով:

«Գազի և նավթամթերքի դիմաց ռուբլով վճարելը բխում է Հայաստանի շահերից: Հայաստանը տարեկան Ռուսաստանից ներկրում է մոտ 650 միլիոն դոլարի գազ և նավթամթերք: Իսկ դոլարի արժևորման պայմաններում դա բավականին մեծ բեռ է Հայաստանի համար, որի ընդհանուր ներկրման ծավալը կազմում է 4.5 միլիարդ դոլար», - նշեց Մելքումյանը` հավելելով, որ վաղ թե ուշ Եվրասիական միության անդամ երկրները պետք է անցնեն միասնական արժույթի, կամ գոնե միասնական փոխհաշվարկի համակարգով առևտրի կազմակերպման:

Նրա կարծիքով Հայաստանի ֆինանսական շուկայում առկա ռուբլու չափաքանակը բավարարում է ներկրվող գազի և նավթամթերքների դիմաց վճարելու համար: «Տարեկան Ռուսաստանից Հայաստան տրասնֆերտների տեսքով փոխանցվում է մոտ 1,5 մլրդ դոլարին համարժեք ռուբլի: Բացի այդ ՌԴ-ի հետ առևտրում մեր արտահանողներն արդեն անցել են ռուբլով փոխհաշվարկի: Սա նշանակում է, որ ռուբլու բավարար չափաքանակ կա Հայաստանում: Ռուբլով փոխհաշվարկի անցնելու դեպքում այնպես պետք է կազմակերպել աշխատանքը, որպեսզի այդ քանակությամբ ռուբլին չմտնի Հայաստան, փոխանակվի դոլարով կամ եվրոյով ու արժեզրկվի: Այն պետք է ստերիլիզացնել: Այդպես շուկայում նաև կխթանվի ռուբլու նկատմամբ պահանջարկը», - ասաց պատգամավորը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նախևառաջ նշեց, որ այժմ դեռ վաղ է խոսել ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթի անցման հանարավորությունից, քանի որ այդ հարցի քննարկումները պետք է սկսվեն միայն 2025 թ.-ին:   

Նրա խոսքով, ԵԱՏՄ որոշ երկրներ Ռուսաստանի հետ առևտրում արդեն իսկ անցել են ռուբլով փոխհաշվարկի ռեժիմի: Բելառուսը Ռուսաստան ապրանքների արտահանման դեպքում 87 տոկոսով վճարումները ստանում է ռուբլով, ներմուծման դեպքում՝ 65 տոկոսը,  Ղազախստանը `51 տոկոսը: «Այս երկրներն արդեն իսկ օգտվում են այդ հնարվորությունից: Ինչո՞ւ Հայաստանը չգնա այդ քայլին: Երբ անցում կատարվի այդ ռեժիմին, նավթի գինը պետք է սահմանվի ռուբլով՝ ՌԴ-ի ներքին գնին համարժեք, գումարած լոգիստիկան, ինչն ամրագրված է էներգակիրների առևտրի վերաբերյալ վերջին հայ-ռուսական պայամանագրերում: Սա նշանակում է, որ կարող է տեղի ունենալ նավթամթերքների և գազի գնի որոշակի անկում Հայաստանում», - ասաց նա:

Փորձագետները վստահ են, որ գոնե ստրատեգիական ապրանքների մասով ռուբլով փոխհաշվարկի անցումն իրեն երկար սպասել չի տա: «Ինչքան էլ տարօրինակ է, բայց այս գործընթացին կնպաստի ՌԴ-ում տնտեսական բարդ իրավիճակը և Ռուսաստանի դեմ կիրարռված արևմտյան պատժամիջոցները: Այն է՝ ճգնաժամը կխթանի ֆինանսական ինտեգրացիան», - եզրափակեցին բանախոսները:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ