«Գործելով միասին» ծրագիրը ի նպաստ հայ և թուրք ժողովուրդների մերձեցմանը
22.09.2015
14:00
«Գործելով միասին» հայ-թուրքական հաշտեցման ծրագրի շրջանակներում 20 երիտասարդ և երկու գրող Հայաստանից ու Թուրքիայից մասնակցում են 1915 թվականի ճանապարհները հետագծող ուղևորությանը՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանության և փրկության ճամփաներին:

Ծրագրի շրջանակում մասնակիցները այցելել են Հայաստան, հաջորդիվ` Թուրքիա: Հայաստանում խումբը աշխատել է Գյումրիում, Թալինում, Էջմիածնում, Երևանում և մի շարք գյուղերում՝ ընտանեկան պատմություններ գրանցելով 20-րդ դարի սկզբին Ռուսական կայսրության մաս կազմող Արևելյան Հայաստանում փրկություն գտած վերապրածների սերունդներից:

«Թեև Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական գործընթացը, որ սկսվել էր 2009թ.-ին, կասեցվեց, այնուամենայնիվ մենք գտնում ենք, որ քաղաքական մակարդակում կարևոր է շփման պահպանությունը: «Գործելով միասին» ծրագիրը կազմակերպված է, որպեսզի երկու հասարակությունների երիտասարդները միասին ժամանակ անցկացնեն և խոսեն պատմության դժվար դրվագների մասին: Ես համոզված եմ, որ այս տիպի հանդիպումները Հայաստանում և Թուրքիայում պիտի նպաստեն ժողովուրդների մերձեցմանը»,- այսօր Մեդիա կենտրոնում «Գործելով միասին» հայ-թուրքական հաշտեցման ծրագրին նվիրված ասուլիսին ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերը:

Նրա կարծիքով՝ միայն դիվանագիտական ջանքերը բավարար չեն հաջողության համար:

«Այդ ջանքերը կարող են դրական արդյունք տալ, երբ երկու երկրների հասարակությունները ներգրավված են այս գործում: Բոլորս էլ գիտենք, որ զգացմունքայնությունն այս հարցերում միայն կարող է խանգարել»,-հավելեց դեսպանը:

Ասուլիսի բանախոս Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մաթիաս Քլինգենբերգը, ներկայացնելով ծրագիրը, նշում է, որ այն 5  հիմնական բաղադրիչից է բաղկացած:

«Առաջինն Աճող արխիվի գաղափարն է: Այն արխիվային ցուցահանդես է, որը մենք հավաքագրում ենք մեր ամբողջ ճանապարհորդության ընթացքում: Այնտեղ կարող են լինել մարդկանց պատմություններ, նկարներ, իրեր. այս բոլորը ցեղասպանության և ներկայիս իրողության մասին պատմելու մի ձև է»,- ասում է Մաթիաս Քլինգենբերգը:

Ծրագրի մյուս բաղադրիչն է Հայաստանից և Թուրքիայից երկուական գրողի ներգրավվածությունը: Նրանք մասնակիցների հետ անցնում են ամբողջ ճանապարհը և օրագրային գրառումներ են կատարում, որոնք հետագայում պիտի վերածվեն գրքի:

3-րդ բաղադրիչը հանրային միջոցառումներն են`ցուցահանդեսներ, քննարկումներ, բեմականացումներ:

Մյուս բաղադրիչը ճանապարհային ամսագիրն է: Այն պատրաստվում, գրվում և տպագրվելու է ճանապարհի ընթացքում, որտեղ ներառվելու են այն հանդիպումներն ու  մարդկանց հետ ծանոթությունները, որոնք ունեցել է խումբը:

«Վերջին բաղադրիչը բանավոր պատմության բաղադրիչն է. ծրագրի մասնակիցները ծրագրով նախատեսված վայրերում հանդիպում են մարդկանց, նրանց տուն են այցելում և գրառում նրանց անձնական կամ ընտանեկան պատմությունները, որը ևս կարևոր է իրողությունը և երկիրը հասկանալու համար»,- ասում է Մաթիաս Քլինգենբերգը:

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի ներկայացուցիչ Այշե Օքթամը (Թուրքիա) կարծում է, որ հայ-թուրքական հարաբերություններում թուրքական կողմը պետք է առաջին քայլն անի և ասի, որ ճանաչում է ցեղասպանությունը:

Այշե Օքթամը վստահություն է հայտնում. «Մենք որպես Թուրքիայի քաղաքացիներ, եթե ճանաչում ենք ցեղասպանությունը և աշխատում ենք այս ուղղությամբ, ապա ցանկացած երկրի ցանկացած կառավարություն ստիպված պետք է լինի ճանաչել ցեղասպանությունը»:

Ասուլիսի մասնակից, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի ներկայացուցիչ Հայկակ Արշամյանը վստահություն է հայտնում, որ որքան շատ լինեն նման ծրագրերը հասարակության տարբեր շերտերում, այնքան հասարակությունների միջև երկխոսությունը առաջընթաց կապրի:

«Թուրքիան տարածաշրջանում վարում է ոչ միայն չհաշտեցման քաղաքականություն, այլև նույնիսկ ավելի բորբոքում է տարածաշրջանում տարբեր երկրների և ժողովուրդների միջև խմորումները: Բայց ամենակարևորն այն է, որ նույնիսկ այս ծրագրի շրջանակներում, երբ որ հանդիպում են Հայաստանից և Թուրքիայից երիտասարդներ, նրանց միջև անմիջապես հաստատվում է կապը և նրանք կարողանում են միմյանց հետ երկխոսել, աշխատել, ընկերանալ,- նշում է Հայկակ Արշամյանը, - և ավելացնում,- 21-րդ դարում փակ սահմաններ չեն կարող լինել»:

Թուրքիայից տեսազանգի միջոցով ասուլիսին միացած Պատմության հիմնադրամի ներկայացուցիչ  Օզլեմ Չայքենդը կարևորում է ծրագրի իրագործումը երկխոսության և մարդկանց միջև կապերի ստեղծման առումով: «Մեզ համար շատ կարևոր էր սովորական մարդկանց հիշողությունների գրանցումը, մարդկանց պատմություններ լսելը և հատկապես այն մարդկանց, ովքեր ապրել են ցեղասպանությունը»,- ասում է Օզլեմ Չայքենդը:

Ասուլիսի ընթացքում դեսպան Մաթիաս Քիեսլերը անդրադարձավ նաև Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին. «2015 թվականը շատ կարևոր է Հայաստանի համար։ Գերմանիայի նախագահն արտահայտվել է այս առիթով։ Այն, ինչ որ մենք հիմա չունենք, դա Գերմանիայի պառլամենտի որոշումն է։ Որքանով ես տեղյակ եմ, աշնանը ճանաչման օրինագիծը կքննարկվի Բունդեսթագում, այժմ լսումներ են ընթանում։ Այս թեման շատ կարևոր է Գերմանիայի տարբեր ոլորտների համար»։

Հաջորդ տարի «Գործելով միասին» ծրագրի մասնակիցները  կաշխատեն Թուրքիայում՝ փորձելով փնտրել և փաստագրել հայության գոյության, կյանքի ու ոչնչացման հետքերը տարբեր էթնիկ, կրոնական ու մշակութային պատկանելություն ունեցող մարդկանց կոլեկտիվ հիշողության մեջ: Ի թիվս այլ կանգառների, Թուրքիայում նախատեսվում է այցելություն Ստամբուլի Հայդար Փաշա երկաթուղային կայարան որտեղից հայ մտավորականները աքսորվել են 1915թ. ապրիլի 24-ին  և Անկարայի մերձակայքում գտնվող Այաշ, որը համակենտրոնացման վայր է եղել:

«Գործելով միասին» ծրագիրը Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի և իր գործընկերների՝ «Պատմության հիմնադրամի» (Tarih Vakfı) ու «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի միացյալ նախաձեռնությունն է: Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից:

Արփինե Արզումանյան, «Մեդիա Կենտրոն» ծրագրի կայքի խմբագիր:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arpinearzumanyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ