Հայկական համայնքը Թուրքիայում հայտնվել է բարդ կացության մեջ
14.09.2015
12:00
Ներքաղաքական իրավիճակի լարումը Թուրքիայում, որն ուղեկցվում է քրդական բնակավայրերի և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության գրասենյակների վրա թուրք ազգայնականների հարձակմամբ և ոստիկանական ճնշումներով ունի ինչպես ներքաղաքական, այնպես էլ տարածաշրջանային պատճառներ: Ներքաղաքական գործոնների շարքում փորձագետներն առանձնացնում են Թուքիայում մայիսին կայացած ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանում մեծամասնության կորուստը և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության մուտքը խորհրդարան:

Տարածաշրջանային գործոնների շարքում են դասում արյունալի քաոսը Մերձավոր Արևելքում՝ հատկապես Սիրիայում և Իրաքում, որտեղ Անկարան վերջերես սկսել է ռազմական գործողություններ ծավալել Քուդրիստանի բանվորական կուսակցության ջոկատների դեմ: Վերջիններս Սիրիայի նախագահ Բաշար Ասադին լոյալ ուժերի հետ պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ և որոշակի հաջողության էին հասել: Ազգային խնդրի սրումը, ոսիկանական բռնաճնշումներով և ռազմական գործողություններով ուղեկցվող ներքաղաքական ցնցումները հատկապես Թուրքիայի քրդաբնակ արևելյան նահանգներում, ըստ մասնագետների, վտանգավոր է ինչպես Թուքիայում ապրող հայերի, այնպես էլ սահմանակից Հայաստանի համար:

Ուստի ստեղծված իրավիճակում Երևանը պետք է զգոն լինի, ամենյան լրջությամբ հետևի իրադարձությունների զարգացմանը և համապատասխան հետևություններ անի, նշում են փորձագետները:

«Մեդիա կենտրոնում» սեպտեմբերի 14-ին ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի և տեսազանգի միջոցով «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուքյանի և վերլուծաբան Վիգեն Չեթերյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Թուրքիայում ծավալվող վերջին իրադարձությունները և դրանց ազդեցությունը հայ համայնքի վրա» թեմայով քննարկում:

Թուրքիայում ծավալվող իրադարձությունները Բագրադ Էստուքյանը որակավորում է, որպես լայնածավալ բռնաճնշումներ քրդական բնակչության և խորհրդարան անցած քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության դեմ: Նպատակը, ըստ նրա, իշխանության ձգտումն է փոխել ուժերի բալանսը ներքաղաքական կյանքում, քանի որ այժմ իշխող կուսակցությունը զրկվել է խորհրդարանական մեծամասնությունից: «ԱԶԿ-ն ներքաղաքական հարցեր լուծելու և նոր նշանակված ընտրությունների միջոցով սեփական դիրքերը վերականգնելու համար երկիրը վերածել է ռազմի դաշտի: Հատկապես քրդաբնակ շրջաններում, իսկ քրդերը կազմում են Թուրքիայի բնակչության 20-25%, ամենուր կրակոցներ են, ոստիկանական բռնություններ, հարձակումներ և սահմանված է արտակարգ դրություն», - թվարկեց «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիրը:

Նրա կարծիքով, խորհրդարան անցած Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության գրասենյակների վրա հարձակումները և նրա գաղափարակիցների նկատմամբ բռնաճնշումներն ուղղված են մեկ նպատակի՝ քրդամետ կուսակցության վարկաբեկման և վերստին նշանակված (այս տարվա նոյեմբերին) ընտրությունների միջոցով ԱԶԿ-ի դոմինանտության վերականգման:

Ազգային խնդրի սրումը, ըստ Էստուքյանի, բարդ իրավիճակ է ստեղծել նաև Թուրքիայում հայկական համայնքի վրա: Հարձակումներ հայկական համայնքի վրա չեն իրականացնում, սակայն մամուլի միջոցով ազգայնական շրջանակները համապատասխան քարոզչություն են իրականացնում ինչպես քրդերի, այնպես էլ հայերի վերաբերյալ, որոնք վերջին ընտրություններին մեծամասնաբար աջակցեցին քրդամետ կուսակցությանը: «Նրանք շատ լավ գիտեն, որտեղ են գտնվում հայկական մշակութային և կրթական կենտրոնները, երբ են այնտեղ սկսվում դասերը և երբ ավարտվում: Իսկ դա այն տեղեկատվությունն է, որին տիրապետում են ոստիկանները», - ասաց նա:

Էստուքյանի հետ համկարծիք էր Կիրո Մանոյանը, ով համոզված է, որ մինչև նոյեմբերի 2-ը, երբ Թուքրիայում տեղի կունենան նոր ընտրություններ, իրավիճակն այդ երկրում ավելի կլարվի: «Քրդական բնակչության և նրանց աջակցությունը վայելող Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության դեմ ուղղված ճնշումների նպատակն է իշխող կուսակցության դիրքերի վերականգնումը: Իմիջիայլոց, վարչապետ Ահմետ Դավութողլուն վերջերս ուղերձի տեքստով հայտարարեց, որ եթե ազգաբնակչությունը չի ցանկանում Թուրքիայում իրավիճակի սրում, ապա պետք է ընտրի մեկ կուսակցություն: Այն է՝ պետք է իշխի մեկ կուսակցություն: Դժվար չէ կռահել, թե այդ արտահայտության տակ ինչ ի նկատի ունի Դավութօղլուն», - պարզաբանեց Մանոյանը:

Նրա խոսքով, Թուրքիայում բախումների ազդեցության շրջանակները կարող են տարածվել նաև տարածաշրջանային այլ երկրների վրա: «Այդ երկրների թվում զգոնություն պետք է ցուցաբերի Հայաստանը: Մենք պետք է զգոն լինենք և հետևենք, քանի որ ՀՀ սահմանից շատ հեռու չեն տեղի ունենում այդ իրադարձությունները: Այն ինչ-որ տեղ կարող են ազդել նաև Ադրբեջանի հնարավորությունների վրա, քանի որ Թուրքիայում արդեն երկրորդ անգամ պայթեցվում է «Բաքու-Թբիլիսի-Էրզում» գազատարը: Իսկ նման միջադեպերը, որոնք սեղծում են էներգառեսուրսների մատակարաման խափանումներ, ֆինանսական խնդիրներ են առաջացնում Բաքվի համար», - հավելեց բանախոսը:

Քննարկմանը մասնակից վերլուծաբան Վիգեն Չեթերյանը Թուրքիայում իրավիճակը, բացի ներքաղաքական հաշվարկներից, դիտարկեց նաև ավելի լայն տարածաշրջանային գործընթացների ենթատեքստում:

«Իրավիճակը լարվեց Թուրքիայում, երբ տեղի ունեցավ ահաբեկչություն քրդաբնակ Սուրուչ քաղաքում: Դրանից հետո թուրքական իշխանությունները բռնաճնշումներ սկսեցին երկրի արևելյան նահանգներում քրդերի նկատմամբ և ռազմական գործողություններ ծավալեցին Սիրիայի տարածքում Քուրդիստանի բանվորական կուսակցության ջոկատների դեմ, որոնք հասել էին զգալի հաջողությունների «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում: Նրանք Թուքիայի սահմանի հետ մոտավորապես 400 կիլոմերտանոց հատված արդեն վերցնում էին իրենց վերասկողության տակ: Այսինքն՝ Թուրքիան իր հարավում սկսելու էր սահմանակցել, ոչ թե Սիրիայի, այլ քրդական ինքնավար միավորման հետ, ինչից պաշտոնական Անկարան վտանգ զգաց: Այսինքն՝ այստեղ բացի ներքաղաքան հաշվարկներից, կան նաև տարածաշրջանային գործոններ», - երզափակեց նա:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ