«Հրապարակի» և «ilur.am»-ի քրեական գործը լուրջ մարտահրավեր է ԶԼՄ-ների համար. փորձագետներ
17.07.2015
11:00
«Հրապարակ» օրաթերթի և «ilur.am» կայքի քրեական գործով լուրջ մարտահրավերի առջև են կանգնում լրագրողական հանրությունն ու ԶԼՄ-ները. վստահեցնում են մեդիա փորձագետներն ու իրավապաշտպանները այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ:

Հիշեցնենք, որ  «ilur.am» կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանը մեղադրվում է «ilur.am» կայքում հրապարակված տեղեկատվության աղբյուրը դիտավորությամբ չբացահայտելու, կամ ավելի ստույգ՝ աղբյուրը բացահայտելու մասին դատական ակտը դիտավորյալ չկատարելու մեջ։ Քրիստինե Խանումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Խոսքը վերաբերում է շուրջ մեկ տարի առաջ կայքում հրապարակված այն տեղեկատվությանը, որ Շիրակի արդեն նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը հարձակվել և բռնություն է գործադրել գյումրեցի ճանաչված ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ։

Նույն թեմայով հրապարակման համար դատարանը նաև «Հրապարակ» օրաթերթին էր պարտավորեցրել աղբյուրը բացահայտել։

«Մեդիա կենտրոնի» քննարկման մասնակից, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասում է, որ դիմել է Սահմանդրական դատարան՝ վիճարկելով քրեական դատավարության նորմերի սահմանադրականության հարցը:

«Ներկայումս սահմանադրական վարույթը ընթացքի մեջ է: Լրատվական աղբյուրների գաղտնիության միջամտությունը պետական մարմինների կողմից համարում եմ արտառոց միջամտություն: Մենք բոլորս գիտենք, թե որքան կարևոր է մամուլի ազատության և հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքի համար աղբյուրների գաղտնիությունը, որպեսզի այդ աղբյուրները վստահ լինեն, որ իրենց անձը չի գաղտանզերծվի, հակառակ դեպքում մեկ դեպքը բավարար է, որ ամբողջ դաշտը աղբյուրների հետ դադարի համագործակցել»,-ասում է Ղազարյանը:

Նա նշեց, որ այս գործով ՍԴ-ի կողմից հոկտեմբերի 20-ին նշանակվել է նիստ:

«Դա նշանակում է, որ քրեական գործը, որը հարուցվել է՝ դատական ակտը չկատարելու հիմքով, առնվազն պետք է կասեցվի, հաշվի առնելով որ, ընթացքի մեջ է սահմանադրական վարույթը»,-հավելեց Ղազարյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ասում է, որ այստեղ շատ լուրջ և վտանգավոր նախադեպ է ստեղծվում:

«Գործող «Զանգվածային լրատվության» մասին օրենքի դրույթները հստակ սահմանում են, թե ինչպես կարելի է  բացահայտել աղբյուրը:  Այստեղ խոսքը կարող է գնալ ծանր, կամ առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտելու մասին: Բայց այս դեպքը, որ տեղի է ունեցել Գյումրիում, ամենևին էլ չի ձգում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության: Այդ միջադեպի մասին խոսում էր ամբողջ Գյումրին, այստեղ խոսքի ազատության շահը, իրավունքը, շատ ավելի բարձր է, քան այն հանցագործությունը, որ կատարվել է: Այստեղ հասարակական շահը աղբյուրը չբացահայտելն է: Առանց գաղտնի աղբյուրների լրագրություն գոյություն չունի, առավել ևս հետաքննող լրագրություն: Չի կարելի ոտնահարելով օրենքը, միջազգային նորմերը, այդ կարևորագույն իրավունքի պաշտպանությունը, տարօրինակ սկզբունքներ առաջ քաշել ու պնդել, որ աղբյուրը բացահայտեն»,-ասաց Մելիքյանը:

Նա ընդգծում է, որ այս գործը շատ լուրջ մարտահրավեր է լրագրողական հանրության և ԶԼՄ-ների համար և ամբողջ լրագրողական դաշտը, հասարկությունը պետք է համախմբվի պաշտպանելու այս լրագրողների շահերը:

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը , ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասում է, որ «մեր աղբյուրների համաձայն» տերմինը հայկական մամուլում բավականին հաճախ հանդիպող արտահայտություն է:

«Շատ կան այդպիսի հոդվածներ, բայց այստեղ խնդիրը նախադեպության հարցի մեջ է,: Այս պարագայում կարող էին Գյումրի գնալ ու մի քանի հոգու հետ խոսել և ավելի հեշտ այդ աղբյուրները կբացահայտվեին, քան այսպես: Հիմա այստեղ խնդիրը ի՞նչն է. աղբյու՞րը, թե՞ իրական այդ պատմությունը, կողմերն ու մեղավորները: Արդունքում խոցելին դարձել է լրատվամիջոցը, մյուսները, ովքեր հենց այս բուն միջադեպի մասնակիցներն են, նրանց մասին չի քննարկվում»,-ասաց Դեհերյանը:

Նա խորհուրդ տվեց լրատվամիջոցներին նման դեպքերում մեկ աղբյուրի վրա չհիմնվել, այլ մի քանի աղբյուրից ճշտել տեղեկատվությունը, այնուհետեև հրապարակել, որպեսզի պատասխանատվությունը չընկնի մեկ աղբյուրի վրա:

«Թող փորձեն կողմերից մեկից էլ ինֆորմացիա ստանալ, եթե անգամ նրանք մերժում են, ավելացնեն հոդվածի մեջ, որ մերժել են»,-հավելեց Դեհերյանը:

Մելիքյանն ասում է, որ աղբյուրների բացահայտումը կհանգեցնի անմիջապես լրատվամիջոցների նկատմամբ վստահության  կորստին:

Ըստ նրա՝ մի ամբողջ դաշտ կարող է չլուսաբանվել, եթե լրատավամիջոցները այդ վստահությունը կորցնեն, և գաղտնի աղբյուրները չեն ցանկանա հանրային նշանակության հարցեր պատմել, ներկայացնել րատվամիջոցներին:

«Կարելի է ասել, այս գործից կարող են որոշ լրատվամիջոցներ նաև մտահոգվել նմանատիպ գաղտնի աղբյուրների հետ աշխատելու հարցում»,-հավելեց Դեհերյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ