Դրական քայլ, բայց ռիսկերով լի. հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումները, օրենքով արգելվի
15.07.2015
12:00
Հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումները օրենքով արգելելը, ոլորտի մասնագետները գնահատում են դրական և կարևորագույն քայլ, սակայն միևնույն ժամանակ բարձրաձայնում են հնարավոր ռիսկերի և դրանց կանխարգելման միջոցների մասին:

Այսօր «Մեդիա կենտրոնում» այս թեմայով տեղի ունեցած քննարկմանը մասնակցում էին ՀՀ Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար Վահան Ասատրյանը և Կանանց ռեսուրսային կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը:

Նշենք, որ հուլիսի 2-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Կառավարության հաստատումից հետո, սահմանված կարգով, օրենքի նախագիծը կներկայացվի Ազգային ժողով:

Նախագծով օրենսդրորեն արգելվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումը, որը մինչ օրս բացակայում էր ՀՀ օրենսդրության մեջ: 

««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, որը վերաբերում է հղիության արհեստական ընդհատմանը, վերախմբագրվել է և առաջարկվել է օրենքով ամրագրել մի շարք կարևոր դրույթներ: Մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը, կինը կարող է իր ցանկությամբ ընդհատել իր հղիությունը, բայց առաջ մենք չունեինք գրավոր դիմումի պահանջ:  Այժմ այս օրենքի նախագծով գրավոր դիմում պետք  է ներկայացվի հղիության արհեստական ընդհատման համար»,-ասաց Գայանե Ավագյանը:

Նա նշում է, որ այս օրինագիծը ուղղված է ոչ միայն հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումների նվազեցմանը, այլև ընդհանրապես հղիության արհեստական ընդհատումներին:

«Կնոջը տրամադրվում է 3 օրացույցային օր, որպեսզի կինը լրացուցիչ անգամ մտածի, խորհի իր ցանկության և որոշման մասին: Այդ ընթացքում բժիշկը պետք է անպայման կնոջը տրամադրի հոգեբանական, սոցիալական խորհրդատվություն և փորձի հասկանալ հղիության ընդհատմանը դիմելու պատճառները: Օրենքի նախագծում ամրագրված է նաև պտղի սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման արգելքը: Հնարավոր է, որ ոչ միայն 12 շաբաթականում, այլ դրանից առաջ որոշվի պտղի սեռը, բայց այդ դեպքում էլ կարգելվի հղիության ընդհատումը»,-ասում է Ավագյանը:

Գարիկ Հայրապետյանը նշում է, որ ըստ ՄԱԿ-ի 2011-ին կատարած հետազոտության, այս խնդիրը բազմաշերտ է, իսկ պատճառները գալիս են հասարկության մտածելակերպից:

«Ես ուրախ եմ, որ այս երեք տարվա մեջ մենք կարողացանք հասնել մի իրավիճակի, երբ խնդիր ընկալվեց և որոշակի քայլեր կատարվեցին այդ ֆենոմենի դեմ պայքարելու համար, որովհետև կան երկրներ, որտեղ այդ խնդիրը բացահայտելուց մինչև կոնկրետ քայլերի անցնելը տևում է 15-20 տարի: Մեզ մոտ դա տևեց ընդամենը 3 տարի, ինչը ուրախալի փաստ է»,-ասում է Հայրապետյանը:

Ըստ հետազոտության արդյունքների՝ սեռերի անհամամասնությամբ Հայաստանը աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը, Չինաստանից ու Ադրբեջանից հետո:

«Մեզնից հետո Վրաստանն են ու Ալբանիան: Հայաստանում 113 տղա է ծնվում 100 աղջկա հաշվով: 1993 թ-ից մինչ օրս Հայաստանում կա մոտ 50 հազար ավելի շատ ծնված տղա երեխա, քան աղջիկ երեխա»,-հավելում է Հայրապետյանը:

Տաթևիկ Աղաբեկյանն էլ նշում է, որ այս հարցում մեծ դեր ունի մարդկանց մտածելակերպը:

«Ինչու՞ են բոլորը այդքան ջանք գործադրում տղա երեխա ունենալու համար, մինչև անգամ պատրաստ են բազմաթիվ աղջիկ երեխաներից ազատվել գոնե մեկ տղա ունենալու համար: Կարծում եմ,  այստեղ բազմակողմանի աշխատանքի կարիք կա և ավելի շատ կրթական ծրագրերի անհրաժեշտություն: Հույս ունեմ, որ պետությունը ինչ-որ ծրագրեր կձեռնարկի, միգուցե ԿԳՆ-ն իր պատրաստակամությունը կհայտնի ինչ- որ բաներ ձեռնարկելու համար:  Բժիշկները պետք է կրթական, անգամ հոգեբանական աշխատանքներ տանեն և այստեղ ես ունեմ մտավախություններ»,-ընդգծեց Աղաբեկյանը:

Վահան Ասատրյանն ասում է, որ առողջապահության ոլորտի մասնագետները պետք է հղի կնոջը, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին նախապես իրազեկեն:

«էթիկայի մասով շատ անելիքներ կան բուժանձնակազմի հետ, թե պետական ծրագրում, թե աջակցության մեխանիզմներում: Առաջիկայում պետք է մասնագետների կարողություների զարգացման աշխատանքներ տարվեն: Հիմքեր կան այս օրինագծով դրական փոփոխություններ ակնկալելու, բայց կան նաև վտանգներ: Ցանկացած առիթով հղիության արհեստական ընդհատումների ազատական օրենսդրությունը սահմանափակելը սովորաբար ռիսկեր է պարունակում: Դա բերում է ոչ անվտանգ աբորտների ընտրությանը, որը մայրական մահացության բարձրացմանը տանող ամենակարճ ճանապարհն է»,-նշեց Ասատրյանը:

Նա հավելեց, որ քանի դեռ օրինագիծը գտնվում է քննարկան փուլում, պետք է չէ բացառել, որ ռադիկալ փոփոխություններ կարող են առաջարկվել:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշում է, որ բժշկական փաստաթղթերում պետք է կատարվեն գրառումներ հղիության արհեստական ընդհատումից առաջ և հետո տրամադրված խորհրդատվության մասին:

«Մեր գործընկերները, մանկաբարձ-գինեկոլոգները բոլորը չեն, որ ունեն օրինազանց մարդու վարքագիծ: Հուսով եմ, որ նրանք կհարգեն օրենքի պահաջները և կփորձեն աշխատել օրենքի սահմաներում: Բացի այդ հղիության արհեստական ընդհատումը միանձնյա որոշում չէ, կատարվում են հետազոտություններ, որտեղ ժամկետներ են ֆիքսվում: Կարծում եմ շատ փոքր կլինեն այն խախտումները, որոնց նկատմամբ  մոնիտորինգ կիրականացնի Առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությունը, որի հիմնական գործառույթներից մեկը օրենքի կիրառման նկատմամբ վերահսկողություն, գնահատում սահմանելն է լինելու»,-նշեց Ավագյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ինչու՞ և ինչպե՞ս գիտական թեզ պաշտպանել Հայաստանում»
19.07.2018
12:30
Հուլիսի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ինչու՞ և ինչպե՞ս գիտական թեզ պաշտպանել Հայաստանում» թեմայով։

Խորհրդային անցյալի գնահատման տարբերությունները ներկա ու նախկին վերնախավերի մոտ
18.07.2018
11:00
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը «Սպիտակեցումից դեպի դատապարտում. մինչհեղափոխական և հետհեղափոխական իշխող քաղաքական վերնախավի մոտեցումները Հայաստանի սովետական անցյալի նկատմամբ» թեմայով հետազոտության արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ խորհրդային ավտորիտար կառավարման վերաբերյալ ներկա ու նախկին իշխանական վերնախավերը բոլորովին տարբեր վերաբերմունք ունեն։
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ