ԵԱՏՄ-ը Հայաստանի համար տնտեսական հետաքրքրություն չի ներկայացնում
10.07.2015
13:00
Թեև Հայաստանը կես տարուց ավել է, ինչ հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ, սակայն ապրանքաշրջանառությունը այդ կազմակերպության երկրների, հատկապես՝ Ռուսաստանի հետ շարունակվում է կրճատվել: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, միայն այս տարվա հունվար-հունիս ամիսներին անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև կրճատվել է ավելի քան երկու անգամ՝ 535 մլն դոլարից հասնելով 242 մլն դոլարի:

Փորձագետներն այն բացատրում են Ռուսաստանի տնտեսությունում նավթի գների անկման և արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված առկա ռեցեսիոն միտումներով՝ տնտեսական անկում և ռուբլու կտրուկ, գրեթե 100 տոկոսանոց արժեզրկում: Երկու երկրների մեջ ապրանքաշրջանառության համար քիչ խնդիրներ չեն ստեղծում նաև բյուրոկրատական քաշքշուկները, որոնց բախվում են Հայաստանցի արտահանողները հատկապես Ռուսաստանի սահմանը հատելիս: «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո արտահանողների համար գրեթե ոչինչ չի փոխվել: Ինչպես առաջ, այնպես էլ հիմա նույն գումարն արժե Հայաստանից Ռուսաստան բեռների արտահանման ձևակերպումներ կատարելը:  Կրճատվել է միայն մեկ փաստաթուղթ: Այլևս ապրանքի ծագման սերտիֆիկատ հարկավոր չէ ձեռք բերել: Մնացած ողջ փաստաթղթաբանությունը պահպանվել է», - հայտարարեց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը:

«Մեդիա կենտրնում» հուլիսի 10-ին Րաֆֆի Մխչյանի, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի և Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ  «Ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջ-քննարկում: Մոսկվայից քննարկմանը միացել էին ԵվրԱզԵս ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Վլադիմիր Լեպյոխինը, ՌԴ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատողներ Արտյոմ Պիլինը և Մարիա Իլինան:

Մարիա Իլինայի կարծիքով Հայաստանը կարող է օգտվել Ռուսաստանի շուկայում ստեղծված իրավիճակից՝ սեփական արտադրության ապրանքների դիրքերն ամրապնդելու համար: «Ռուսաստանը, Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան, կիրառել է սեփական պատժամիջոցները՝ սահամանփակելով մի շարք երկրներից պարենային ապրանքների ներկրումը: Հայաստանը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից, ավելացնել արտահանման ծավալները՝ շուկայում առաջացած պահանջարկը բավարարելու համար», - նշեց ռուսաստանցի փորձագետը, որպես առավել հեռանկարային առևտրի ուղղություն նշելով մշակված կաշվի, ոսկյա զարդերի և գույղմթերքի արտահանումը:

Արտահանման ժամանակ Լարսի անցակետում փաստաթղթեր ձևակերպելիս առաջացած խնդիրները, ըստ Վլադիմիր Լեպյոխինի, պայմանավորված է հենց Ռուսաստանի հակաարևմտյան պատժամիջոցներով: Արևմուտքի մի շարք երկրների հանդեպ պատժամիջոցներ կիրառելիս առաջացավ իրավիճակ, երբ մի շարք ապրանքներ, որոնց ներմուծումն արգելքի տակ է, արդյունքում հայտնվեցին ՌԴ շուկայում երրորդ երկրի՝ Բելառուսի, միջոցով: Հենց այդ հանագամանքով է պայմանավորված, նշում է բանախոսը, մաքսային որոշակի ձևակերպումների խստացումը: «Հասկանալի է, որ դա անհարմարություններ է առաջացնում, բայց խնդիրը գտնվում է ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների և Եվրասիական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Կարծում եմ այն լուծում կստանա, ուղղակի ժամանակ է պետք», - հավելեց Լեպյոխինը:

Միևնույն ժամանակ նա համոզված է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապագայում ավելի հեշտ կլինի աշխատել: «Միությունը նոր է կայանում, դեռ խնդիրներ կան, բայց դրանք լուծելի են», - հավաստիացրեց փորձագետը:

ՌԴ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատողներ Արտյոմ Պիլինը ներկայացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների կրճատման պատճառները: Հայաստանից Ռուսաստան արտահանումն այս տարվա հունվար-հունիս ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ վիճակագրական տվյալների, կրճատվել է մոտ 30 անգամ՝ 106 մլն դոլարից հասնելով 3 մլն-ի: «Արտահանման կրճատում իհարկե կա, բայց սա իրական պատկերը չէ, քանի որ արտահանված բեռների մեծ մասը չի գրանցվել: Սա տեխնիկական խնդիր է: Ամեն դեպքում արտահանման ծավալները, ըստ իս, կրճատվել են մոտ երկու անգամ», - հավելեց նա:

Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալների կրճատումը, ըստ նրա, պայմանավորված է ՌԴ տնտեսության անկմամբ և ռուբլու արժեզրկմամբ:

Պիլինի հետ համաձայնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ նշելով, որ ռուբլու արժեզրկումն արտահանման ծավալների կրճատումից բացի ևս մեկ խնդիր է ստեղծել հայաստանցի արտադրողների համար: «Ռուսական ռուբլու արժեզրկումը հանգեցրել է նրան, որ ՌԴ-ից Հայաստան են ներմուծվում սպառողների համար ավելի հարմար գներով  ապրանքներ, որոնք արտադրում են նաև հայրենական գործարարները: Արդյունքում բավական անբարենպաստ վիճակում են հայտնվել տեղական արտադրողները», - նշեց Խաչատրյանը:

Տնտեսագետը համոզված է, որ Եվրասիական տնտեսական միությունում պետք է առաջ գային վերոնշյալ խնդիրները, քանի որ Հայաստանի անդամակցությունն այդ կազմակերպությունը պայմանավորված էր ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական նպատակահարմարությամբ: «Հայաստանը ԵԱՏՄ անդամ է դարձել՝ աշխարհաքաղաքական, անվտանգության հետ կապված հարցերից ելնելով: Ուստի այստեղ խոսել տնտեսական օգուտների մասին այդքան էլ տեղին չէ: Դրանք ուղղակի չկան: Այժմ մեծ տնտեսական դիվիդենտների մասին պետք չէ խոսել: Ուղղակի անհրաժեշտ է մարդկանց համար հարմար պայմաներ ստեղծել բեռնափոխադրումներ կատարելիս: Օրինակ, անել այնպես, որպեսզի արտահանողը շատ արագ հատի Ռուսաստանի սահմանը, չմտնի կոռուպցիոն սխեմաների մեջ և օրերով չսպասի Լարսի անցակետում», - պարզաբանեց նա:

ԵԱՏՄ-ն, ըստ Գագիկ Մակարյանի, Հայաստանի համար մեծ տնտեսական հետքրքրություն չի ներկայացնում որպես միություն: «Այնտեղ Երևանի համար եղել ու շարունակում է մնալ որպես հիմնական գործընկեր Ռուսաստանը, որը Եվրամիությունից հետո Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է: Ղազախստանի և Բելառուսի հետ մեր առևտրաշրջանառությունը համապատասխանաբար կազմում է 0,2 և 0,8 տոսկոս: Ռուսաստան է արտահանվում Հայաստանում արտադրված գյուղատնտեսական ծագման ապրանքների մեծ մասը: Այդպիսին էր վիճակը նաև ԱՊՀ շրջանակներում: Եվրասիական տնտեսական միությունը մեծ առավելություններ չի տալիս», - նշեց Մակարյանը:

Նրա կարծիքով, ռուբլու արժեզրկումը հանգեցրեց նրան, որ Հայաստանի շատ արտադրողներ իրենց արտադրանքի համար հումքը կամ այլ պարագաներ ձեռք են բերում Ռուսաստանից: «Սա հետևանք է Հայաստանում ռուբլու մեծ քանակի առկայության, որը կուտակվում է առևտրից ու Ռուսաստանից եկող տրանսֆերտներից, ինչը ՀՀ տնտեսությունը չի կարող կլանել: Ուստի հայ արտադրողները ստիպված են ձեռք բերել որոշակի արտադրության համար անհրաժեշտ պարագաներ, ասենք՝ շշեր, Ռուսաստանից, այն դեպքում, երբ Հայաստանում կան որակյալ ձեռնարկություններ, որոնք հիմա վնասներ են կրում», - պարզաբանեց նա:   

Բանախոսի կարծիքով Ռուսաստան-Հայաստան ապրանքաշրջանառության ակտիվացման տարբերակներից է քվոտավորված առևտուրը: «Ասենք՝ Հայաստանում արտադրվում են ինչ-որ ապրանքներ, որոնք Ռուսաստանը ձեռք է բերում կոնկրետ քանակով», - եզրափակեց Մակարյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար.հնարավոր զարգացումներ» թեմայով:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Երևանում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ