Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կտրված է հասարակությունից. փորձագետներ
06.07.2015
11:00
Հայաստանում ընթացող սահամանադրական փոփոխությունների գործընթացը, որը ենթադրում է գործող կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական մոդելի անցում, ամբողջությամբ կտրված է հասարակությունից: Հասարակության մոտ կա անվստահություն ինչպես գործընթացի, այնպես էլ այն իրականացնողների նկատմամբ: Մեծ է հավանականությունը, որ այս պայմաններում նոր սահմանադրությունը չի գործելու: Այս կարծիքին են ինչպես քաղաքագետները, այնպես էլ իրավապաշտպանները:

Թեև Հայաստանում առաջին անգամ Սահամանադրությունը ընդունվել է 1995թ-ին և բարեփոխումների գործընթացով անցել 2005-ին, երկիրը դեռ հեռու է իրավական պետություն լինելուց: «Հայաստանում կա Սահամանդրություն, չկա սահամանադրականություն», - հաճախ է կրկնում այս խոսքերը Հայաստանի Սահամանադրական դատարանի նախագահ, սահամանդրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանը:

Տևական ժամանակ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների գործընթաց: Այն ենթադրում է ոչ միայն սահամանդրության առանձին հոդվածների կատարելագործում, այլև կառավարման մոդելի փոփոխություն՝ ապահովելով անցում գործող կիսանախագահական համակարգից խորհրդարանականի: Ինչն էլ առաջացրել է իրավապաշտպանների և որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի մտահոգությունը:

Նրանք կարծում են, որ կառավարման համակարգի փոփոխությունն իրականացվում է ոչ թե Խորհրդարանի դերի ուժեղացման և կառավարման որակի բարձրացման, այլ իշխանության վերարտադրության համար: «Արդյունքում սա կհանգեցնի նրան, որ հասարակական ընկալման մեջ կարժեզրկվի նաև խորհրդարանական համակարգը», - նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:

«Մեդիա կենտրոնում» հուլիսի 6-ին Ավետիք Իշխանյանի, APR Group կազմակերպության նախագահ Ռուբեն Սարգսյանի, Հանրային քաղաքականության, վերլուծության և երկխոսության ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հովհաննես Գալստյանի, «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գևորգ Մանուկյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Կա՞ անհրաժեշտություն սահմանադրական փոփոխությունների, թե՞ ոչ» թեմայով քննարկում:

Հայաստանի առաջին սահամանադրությունը 1995 թ-ին, ըստ Ավետիք Իշխանյանի, ևս ընդունվեց հանրային և քաղաքական մերժման մթնոլորտում: «Այդ ժամանակ տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները: Ընտրություններն անցան բռնություններով, որին զուգահեռ հանրաքվեի դրվեց սահամանդրությունը: Հայաստանն իրավական պետություն դառնալու քննությունը չկարողացավ տալ», - նշեց Իշխանյանը:

Թեև Իշխանյանը կողմ է կառավարման խորհրդարանական համակարգին, սակայն վստահ է, որ այն պետք է տեղի ունենա ընդդիմության ճնշման և հանրային հստակ պահանջի առկայության պայմաններում:

«Անցումը մի համակարգից մյուսին պետք է տեղի ունենա հանրային պահանջի առկայության և ընդդիմության ճնշման պարագայում: Այժմ մենք չունենք ոչ առաջինը, ոչ երկրորդը: Հենց այդ պատճառով ես չեմ կարող պատկերացնել, որ իշխանությունն ինքն իր կամքով գնում է սեփական լիազորությունների սահմանափակման: Այստեղ ուրիշ նպատակներ են հետապնդվում, օրինակ՝ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը: Մտահոգություն ունեմ, որ ՀՀ իշխանություններն այսպես կվարկաբեկեն խորհրդարանական հանրապետություն ասվածը», - նշեց իրավապաշտպանը:

Իշխանյանի կարծիքը կիսում է նաև Հանրային քաղաքականության, վերլուծության և երկխոսության ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հովհաննես Գալստյանը: Նա ևս տպավորություն է ստացել, որ սահամանադրական փոփոխությունները կատարվում են իշխանության վերարտադրության հեշտացման համար:

«Կառավարման մոդելի փոփոխության դեպքում քաղաքական համակարգում հիմնական դերակատարը լինելու է ԱԺ նախագահը: Սակայն որպեսզի Սահմանադրությունը աշխատի, անհրաժեշտ է, որպեսզի ինչպես հասարակությունը, այնպես էլ քաղաքական հիմնական դերակատարներն ակտիվ ներգրավվեն այս գործընթացում», - հավելեց նա:

«Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հ/կ-ի նախագահ Գևորգ Մանուկյանը կարծում է, որ Սահամանդրությունը կոսմետիկ փոփոխությունների կարիք չունի: «Գործող Սահմանադրությունն ունի շատ թերություններ իշխանության թևերի տարրանջատման և հավասարակշռման տեսանկյունից: Այստեղ հարկավոր են հստակ փոփոխություններ, որպեսզի ձևավորվի համակարգ, որը թույլ կտա սահամանափակել և հավասարակշռել իշխանության տարբեր թևերին: Դրա համար մենք պետք է օգտագործենք այս պահը: Այն հնարավորություն է նոր՝ պատշաճ Սահմանադրություն ունեննալու համար», - հավելեց Մանուկյանը:

Նոր մշակված Սահամանադրության չաշխատելու հավանականությունը, ըստ APR Group կազմակերպության նախագահ Ռուբեն Սարգսյանի, մեծ է, քանի որ իրենց հարցումները ցույց են տալիս՝ հասարակության մոտ կա անվստահություն գործընթացի նկատմամբ: «Հասարակությունը չի վստահում ինչպես սահմանադրական բարեփոխումները իրականացնողներին, այնպես էլ գործընթացին: Բացի այդ կա անվստահություն ընտրական (հանրաքվեի) գործընթացի նկատմամբ, որի միջոցով պետք է անցնի սահմանադրության բարեփոխումների նախագիծը: Ուստի կա ռիսկ, որ Սահմանադրությունը նախկինների նման չի գործելու», - պարզաբանեց փորձագետը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրիհամակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ