«Մեր պահանջներից ոչ մեկը չի կատարվել». քաղաքացիական ակտիվիստների հաջողության հասնելու ճանապարհը՝ փողոցն է
03.07.2015
11:00
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների պահանջները շարունակում են մնալ նույնը:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը ներկայացված պահանջների և շարունակվող պայքարի տրամաբանությանն անդրադարձան քաղաքացիական ակտիվիստ, «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը, Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին միացած ՀՀ քաղաքացի Արամ Մանուկյանը, քաղաքացիական ակտիվիստներ, «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Մաքսիմ Սարգսյանն ու Արտուշ Չիբուխչյանը:

Մասնակիցները նշում են, որ երեք պահանջներից ոչ մեկը չի կատարվել, ուստի իրենք շարունակելու են իրենց պայքարը Բաղրամյան պողոտայում՝ նստացույց անկացնելով:

«Քրեական գործ հարուցված չէ բռնությունների մասով, ներկայիս սակագնի վերանայման հետ կապված ընդհանրապես որևէ  գործողություն չի իրականացվում. այս պահին երեք պահանջներն էլ բաց են»,-ասում է Մաքսիմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Ռուսական Ինտեռ ՌԱՕ-ի 100%-ոց կապիտալով դուստր ընկերություն համարվող «Հայաստանի էլեկտրական ցանցերը» մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագները 40%-ով բարձրացնելու հայտ: Հանձնաժողովը հունիսի 17-ի նիստին, չնայած հանրային դժգոհությանը, հայտը բավարարեց մասնակի` 17 տոկոսով: Ընկերության պարտքը կազմում է 250 միլիոն դոլար և այն հայտնվել է բարդ ֆինանսական իրավիճակում:

Որոշումը բուռն հասարակական դժգոհություն առաջացրեց: Հունիսի 19-ից Երևանի բնակիչները սկսել են շուրջօրյա բողոքի ակցիաներ անցկացնել քաղաքում` փակելով կենտրոնական Բաղրամյան պողոտան: Ցուցարարները պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիայի սակագաների բարձրացումը, վերանայել գործող սակագները նվազման միտումով, ինչպես նաև պատժել կարգազանց ոստիկաններին, ովքեր բիրտ ուժի կիրառմամբ հունիսի 23-ին ցրեցին խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցներին:

Շուրջօրյա բողոքի ակցիաների արդյունքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տնտեսական ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ թեև ինքը հիմնավոր է համարում սակագների բարձրացումը, սակայն հասարակության մեջ առկա կասկածները փարատելու համար ՀԷՑ-ում կանցկացվի միջազգային աուդիտ: Մինչև աուդիտի ավարտը, որը տարբեր հաշվարկներով կարող է տևել 3-6 ամիս, կառավարությունը, ըստ Սերժ Սարգսյանի, իր վրա կվերցնի հոսանքի թանկացման ողջ բեռը:

Քննարկման մասնակից Արմեն Մկրտչյանը ընդգծում է, որ վերջին տաս օրերը նորագույն պատմության մեջ ամենալուսավոր օրերն էին, քանի որ բոլորի աչքի առաջ քաղաքացիական և քաղաքական ռեալ սերնդափոխություն էր:

«Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ապա դա եղած ալիքը քնեցնելու փորձ էր Սերժ Սարգսյանին հատուկ ոճով, ինչը ի ուրախություն բոլորի, չստացվեց: Ամեն տարի աուդիտ է տեղի ունենում, սա նորություն չէ, և կարիք չկար ստաբիլ գործողությունը այդպես ներկայացնել»,-նշեց Մկրտչյանը:

Արամ Մանուկյանը հավելում է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը իրենց պահանջած 3 կետերի լուծումը չէ:

«Աուդիտի մասով այս ընթացքում բազմաթիվ տնտեսագետների, էներգետիկների և իրավաբանների հետ ենք հանդիպել և ասում են, որ մեծ հաշվով աուդիտը որևէ  բան չի փոխելու: Աուդիտը տանում է նրան, որպեսզի վերջնական հայտարարություն լինի, թե տեսեք թանկացումը հիմնավորված էր: Այսինքն աուդիտը հերթական քայլ է, ժողովրդի աչքը փակելու և կեղծ հիմքեր ստեղծելու համար»,-նշում է Մաքսիմ Սարգսյանը:

Արտուշ Չիբուխչյանն էլ ասում է, որ վերջին տասը օրերի զարգացումները ցույց տվեցին, որ հաղթանակի հասնելու ճանապարհը փողոցն է:

«Մենք կարող ենք ճնշում գործադրել փողոցում,  իսկ աուդիտից ես սպասումներ չունեմ, աուդիտը կլինի այնպես, ինչպես եղել է մինչ օրս, որովհետև գիտենք ովքեր են աուդիտ անում, ինչպես են անում, իսկ մինչև հիմա աուդիտը բերել է միմիայն սակագնի թանակացման: Եթե մենք հիմա փողոցում ճնշում չգործադրենք և այս ամենը մարի, նորից թանկացում կլինի: Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը աուդիտին,  ապա նշեմ, որ մենք հրաժարվել ենք, քանի որ մասնակցելով կեղծ կլեգիտիմացնենք աուդիտը: Իրենք կասեն. դուք մասնակցում էիք աուդիտին և դուք տեսաք, որ աուդիտը նորմալ ընթացավ: Մեզ թուլ չեն տա մուտք գործել այն տվյալների մեջ, որոնք կարող են ազդել աուդիտի վրա: Մեր մասնակցությունը կլինի զուտ ձևական և կլեգիտիմացնի իրենց աուդիտը, ուստի մենք հրաժարվել ենք»,-նշում է Չիբուխչյանը:

Նա հավելում է, որ այնուամենայնիվ իրենք հետևողական են լինելու և վերահսկելու են աուդիտի ընթացքը, թե ինչպես է այն իրականացվելու, սակայն մասնակցություն չեն ունենա:

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին հունիսի 23-ին և դրանից հետո, Արմեն Մկրտչյանը ընդգծեց, որ Ոստիկանությունը իր աշխատանքը կատարում է առանց ոստիկանական հատուկ համազգեստի:

«Դուք հիմա էլ ամեն օր կարող եք տեսնել տասնյակ սադրիչների, որոնք հայտնվում են Բաղրամյան պողոտայում և նրանց լուսանկարները կարելի էր տեսնել քաղաքացիական հագուստով ոստիկանների լուսանկարների մեջ: Այդ առումով մենք չենք կարող հիմա ոստիկանության գործունեությունը համարել խաղաղ: Իսկ հունիս 23-ի առնչությամբ ոստիկանության կատարած հանցագործությունների համար ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները  մեզ հրապարակային խոստացան պարզել և պատժել մեղավորներին, սակայն ինչպես տեսնում ենք, սայլը տեղից չի շարժվում: Ես չեմ կարծում, որ ոստիկանները պատժամիջոցներ կկիրառեն իրենց բարձրաստիճան գեներալների վրա, որովհետև ով եղել է հունիսի 23-ի առավոտյան, լավ տեսել է, թե որ գեներալը ինչ բռնության հրահանգ է  տվել ոստիկաններին ու այդ ամեն ինչի կադրերն էլ կան, պահպանվել են»,-նշեց Մկրտչյանը:

Նրա կարծիքով՝  հասարակությունը իր ուշադրության կենտրոնում պետք է պահի քրեական գործի հարուցումը և այն քննությունը, որ պետք է իրականացնեն ոստիկանները քրեական գործի շրջանակում:

 «Մեր նկատմամբ ապօրինի գործողություններ են իրականացրել և բերման ենթարկելով ոստիկանական բաժանմուքներ, փորձել են ապացուցել, որ մենք խուլիգանություն կատարած անձինք ենք»,-հավելում է Արամ Մանուկյանը:

Սարգսյանը նշում է, որ նստացույցի մասնակիցները եղել են հանգիստ ու ոչ մեկ չի գրոհել ոստիկանական զորքերի վրա, չի դիմել ագրեսիվ գործողությունների:

«Բայց ոստիկանությունը կիրառել է այնպիսի մեթոդներ, որ աշխարհում կիրառում են զինված ակցիաների ժամանակ, երբ հնարավոր չէ ցուցարարներին մոտենալ, իզոլացնել այդ տարածքից ու ջրցան մեքենաներ են գործի դնում: Բայց այստեղ եղավ բացառիկ մի բան, որ  600 խաղաղ ցուցարար նստած են ու չգիտես ինչու ջրցան մենքենայով ցրում են, ջրում, ծեծում ու էլ չեմ ասում, ինչ այլանդակ հայհոյանքներ էին հնչեցնում, առանց նայելու, որ այնտեղ կային բազմաթիվ աղջիկներ: Ու ցավալին այն է, որ դա եղել է բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ, հրամանով ու նրանց մասնակցությամբ»,-հավելում է Սարգսյանը:

Մկրտչյանն էլ նշում է, որ ամբողջ աշխարհում, երբ ցուցարարների վրա ջրցան մեքենա են կիրառում, ցուցարարները ի պատասխան բենզին, շշեր, քարեր ու փայտեր են շպրտում:

«Բայց մենք ստեղծեցինք մի նախադեպ, որ կարելի է գանդիականության ոճի մեջ տեսնել, երբ ցուցարարները խաղաղությամբ ու ժպիտներով պատասխանեցին իրենց վրա հարձակում գործած մարդկանց վրա և չգործեցին այնպես, ինչպես ամբողջ աշխարհում»,-նշեց Մկրտչյանը:

Բանախոսները քննարկման վերջում հավելեցին, որ այսօր ժամը 19:00-ին Ազատության հրապարակից երթով շարժվելու են Բաղրամյան պողոտա և միանան նստացույցին մասնակցող մյուս քաղաքացիներին:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ