Քննարկում. ինչպե՞ս հանգուցալուծել Երևանում լարված իրավիճակը
26.06.2015
12:00
Էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ Երևանի կենտրոնում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պետք է գնան իշխանության հետ բանակցությունների: Խնդիրը պետք է լուծել խոսելով: Այդ մասին հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Ըստ պատգամավորի՝ անգամ, եթե ակտիվիստները չգնան բանակցությունների և շարունակեն խաղաղ ակցիաները օրենքի սահմաններում, ապա նրանց նկատմամբ ուժ չի կիրառվի: «Ուժ չի կիրառվի: Սակայն հավաքների մասին օրենսդրությունը նաև հստակ արձանագրում է, որտեղ անցկացնել ակցիաներ և ինչպես: Ինչպես նաև օրենքում նշված է ոստիկանության գործողությունների մասին: Ոստիկանության խնդիրն է ապահովել հասարակական կարգը, և որ ամենակարևորն է՝ հավաքված երիտասարդների անվտանգությունը: Հանրահավաքը այլևս ինքնաբուխ չէ և կարող են լինել սադրիչներ: Պետք է զգոն լինել», - նշեց նա՝ հավելելով, որ այս պահին չի կարող ասել, թե քաղաքական իշխանությունը ինչպիսի որոշում կկայացնի մայրաքաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:  

Երևանում արդեն 10 օր է՝ շարունակվում են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ ուղղված բողոքի ակցիաները: Մինչ այդ` հունիսի 23-ին, ոստիկանությունն, ուժ կիրառելով, ցրեց Բաղրամյան պողոտայի վրա անցկացվող խաղաղ ցույցը: Սակայն նույն օրը երեկոյան բազմամարդ բողոքի ակցիաները վերսկսվեցին:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ին որոշումով թույլրատրվեց էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը 17 տոկոսով: Մասնավորապես, նախատեսվում է օգոստոսի մեկից նոր սակագներ սահմանել, որոնք կբարձրանան 6.93 դրամով՝ ցերեկային ժամերին մեկ կիլովատ ժամի համար մինչև 48.78 դրամ, իսկ գիշերային ժամերին՝ մինչև 38.78 դրամ: Սակագների բարձրացումը պայամանվորվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության բարդ ֆինանսական վիճակով, որի պարտքը կազմում է 250 մլն դոլար:

Կառավարությունը նշում է, որ սակագների բարձրացումն արդարացված է, քանի որ հակառակ պարագայում էներգահամակարգում կարող են ծագել լուրջ խնդիրներ: Գործադիրը սոցիալապես անապահով ընտանիքներին սակագների բարձրացման բեռը մեղմելու համար կտրամադրի մոտ 2000 դրամի չափով աջակցություն:

«Մեդիա կենտրոնում» հունիսի 26-ին Հովհանես Սահակյանի և Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Քաղաքական գործիչների գնահատականը Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի վերաբերյալ» թեմայով քննարկում: 

Թևան Պողոսյանն այն կարծիքին է, որ ստեղծված իրավիճակում միայն նախագահը կարող է քաղաքական «կարևոր որոշում» կայացնել և լուծել խնդրին: «Սակագների բարձրացման դեմ բողոքող քաղաքացիներին առաջարկվում է բանակցել: Սակայն այստեղ հարց է առաջանում, ինչի՞ շուրջ: Չէ, որ նրանք հստակ ներկայացրել են պահանջը, այն է՝ չեղարկել Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի սակագների բարձրացման որոշումը: Այդ խնդրին լուծում է պետք տալ: Եվ այդ որոշումը կարող է կայացնել Սերժ Սարգսյանը, քանի որ պահանջը ներկայացվել է իրեն», - ասաց պատգամավորը:

Կառավարության որոշումը՝ սուբսիդավորել անապահով ընտանիքներին, ըստ Պողոսյանի, հարցի կիսատ լուծում է, ինչի պատճառով այն չընդունեցին ցուցարարները: «Սա ոչ ներկայացված պահանջների, ոչ է Էլեկտրական ցանցերում առաջացած համկարգային խնդիրների լուծում է», - հավելեց Պողոսյանը:

«Ինձ համար անհասկանալի է, որ երբ երիտասարդությունը պահանջ է ներկայացնում երկրի նախագահին, սակայն հետո ստանալով նախագահի հրավերը բանակցել՝ չի գնում այդ քայլին», - հակադարձեց Սահակյանը՝ հավելելով, որ երբ որևէ սուր խնդիր վեր է բարձրաձայնում, այնուհետև սկսվում են բանակցություններ՝ խնդրի լուծումը գտնելու համար: «Միգուցե հարցադրման պատասխանն իրենց գոհացնի, կամ ոչ, սա այլ հարց է, բայց միմյանց լսել պետք է», - ասաց նա:

Թևան Պողոսյանի կարծիքով, եթե երիտասարդները, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չեն ցանկանում գնալ բանակցությունների, միգուցե նախագահը ինքը գա և Բաղրամյան պողոտայում հանդիպի ցուցարարների հետ: «Կարող են նաև գալ կարգավորող հանձնաժողովի անդամները և տեղում աշխատել մարդկանց հետ: Երբ ասում ենք բանակցություններ, ապա պետք է դրա մեջ գին և արժեք դնել», - պարզաբանեց պատգամավորը:

Քննարկման ավարտին բանախոսները կարևորեցին ապագայում սադրանքներից զերծ մնալու և իրավիճակը չսրելու հանգամանքը՝ առաջարկելով իրավիճակի հանգուցալուծման սեփական տարբերակները: Դրանք են՝ դատական կարգով վիճարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, ինչն արդեն անհնար է, քանի որ դա պետք է արվեր որոշման կայցումից հետո 10-օրյա ժամկետում, գտնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ մարդկանց ուսերին չդնելու համար սակագների թանկացման բեռը, ինչպես նաև ՀԷՑ-ում անցկացնել աուդիտ, վեր հանել էներգահամակարգի հիմնական խնդիրները և լուծել դրանք:    

ԱրշալույսՄղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ