Հանքարդյունաբերությունը Հայաստանում հանգեցնում է բնապահպանական և առողջապահական խնդիրների
23.06.2015
12:30
Լոռու մարզում գործող բաց հանքերի և պոչամբարների պատճառով ծագում են ոչ միայն շրջակա միջավայրի աղտոտման, այլև մի շարք առողջապահական ոլորտի խնդիրներ:

Այս խնդիրների շուրջ Վանաձորում հունիսի 23-ին «Մեդիա կենտրոնի» և Վանաձորի «ՀԿ կենտրոնի» համատեղ անցկացրած քննարկմանը իրենց տեսակետները հայտնեցին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը, ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Օլգա Բելյաեվան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության բաժնի առողջապահական ծառայությունների զարգացման և հետազոտման կենտրոնի գիտաշխատողներ Ծովինար Մելքում Մելքումյանը և Քրիստինա Հակոբյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուրգարյանը, Ախթալայի համայնքային երիտասարդ նախաձեռնողների ակումբի անդամ Իշխան Սոխակյանը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ծրագրային աշխատակից Լիլիթ Սինդոյանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Լոռու մասնաճյուղի անդամ Լիանա Վարդումյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը և Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանը:

Թեև Հայաստանում չեն արվել կոնկրետ հետազոտություններ, որոնք ցույց կտային հանքարդյունաբերության հետևանքով բնապահպանական իրավիճակի սրման և առողջապահական խնդիրների առաջացման միջև ուղիղ կապը, սակայն նման ուսումնասիրություններ իրականացվել են արտասահմանում:

«Խոշոր քաղաքներից Հայաստանում ամենաաղտոտվածն Ալավերդին է: Այնտեղ բացի շրջակա միջավայրի աղտոտվածությունից, խնդիրներ են նկատվում հանրային առողջության ոլորտում», - հայտարարեց  Քրիստինա Հակոբյանը:

Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության բաժնի առողջապահական ծառայությունների զարգացման և հետազոտման կենտրոնը իրականացրել է հետազոտություն հանքերով և պոչամբարներով «հարուստ» Լոռու և Սյունիքի մարզերում: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ տվյալ մարզերի արդյունաբերական կենտրոններին մոտ գտնվող բնակավայրերի հողերում ծանր մետաղների և մկնդեղի քանակությունը շեշտակիորեն գերազանցում է թույլատրված միջազգային չափանիշները:

«Փոքր քաղաքաներից Հայաստանում ամենաղտոտվածը Ախթալա քաղաքն է», - նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ Ախթալայում կապարը և մկնդեղի քանակությունը նույնպես գերազանցել է թույլատրված չափը:

Ծովինար Մելքում Մելքումյանի խոսքով հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է նաև բանապահպանական խնդիրների ազդեցությունը հանրային առողջության վրա: Ստուգվել է 39 երեխա Ախթալա համայնքից, Ալավերդիից՝ 69-ը:

«Այսպիսով Ախթալայի երեխաների 80 տոկոսից ավելիի մոտ արյան մեջ գերազանցել է կապարի պայմանականորեն թույլատրելի քանակը՝ 5 միկրոգրամ դեկալիտր արյան մեջ: Ալավերդիում կապարի քանակությունը գերազանցել է ստուգված երեխաների 72,5 տոկոսի մոտ», - հավելեց Մելքում Մելքումյանը:

Փորձագետները, շրջակա միջավայրի աղտոտվածությունից ծագած առողջական խնդիրները մտահոգիչ համարելով, հավելեցին, որ խուճապի մատնվելու կարիք չկա:

«Ուղղակի անհրաժեշտ է իրականացնել հետևողական աշխատանք թե՛ բնակչության, թե՛ տնտեսվարողների շրջանում բնապահպանական խնդիրների վերացման և առողջապահական ռիսկերի նվազեցման ուղղությամբ», - նշեցին փորձագետները:

Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները չհամաձայնեցին փորձագետների հետ և նշեցին, որ ծանր մետաղների թույլատրելի քանակի գերազանցումը նշված քաղաքաներում չի կարելի ուղղակիորեն կապել հանքավայրերի շահագործման հետ:

«Այո, բաց հանքերի շահագործման պարագայում լինում են որոշակի արտանետումներ, որոնք ունենում են ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Սակայն այն չի կարելի պայմանավորել միայն հանքերի շահագործման հետ, քանի որ ամողջ Հայաստանը շատ խիտ մետաղական հանքայնացման ցանց ունի: Շատ մետաղներ կան հողի մեջ պարզապես ապարների քայքայման հետևանքով», - հավելեց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը:

Լուսինե Վարդանյանը, ով հանդիսանում է Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետը, դժվարացավ հստակ պատասխանել՝ առողջապահական խնդիրնեը պայմանավորված են հանքերի և պոչամբարների շահագործման հետ, թե ոչ:

«Նման հետազոտություն Հայաստանում չկա: Չեմ կարծում, որ առանց հետազոտության կարելի է խոսել երկու խնդիրների միջև հստակ կապի մասին», - կարճ պարզաբանեց նա:

Մարզպետարանի ներկայացուցիչների հետ որոշակի առումով համաձայնեց նաև ՀՀ  ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Օլգա Բելյաեվան:

«Այդ ազդեցությունը գնահատելը բավականին դժվար է: Ուստի շատ դժվար է նաև ասել, որ մարդկանց արյան մեջ որոշակի քանակությամբ մետաղների առկայության դեպքում ինչ հիվանդություններ առաջ կգան», - պարզաբանեց նա: 

Հետազոտության մեջ չի չափվել շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցության աստիճանը բնակչության առողջության վրա,  հակադարձեց Ծովինար Մելքոմ Մելքոմյանը՝ հավելելով, որ միայն ցույց  է տրվել ծանր մետաղների քանակության գերազանցումը և՛ հողում, և՛ մարդկանց արյան մեջ:

«Իսկ միջազգային գրականության մեջ և հետազոտություններում ասվում է, որ դրանք հնարավոր է բացասական ազդեցություն ունենան հանրային առջողջության վրա», - նշեց նա:

«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զառաֆյանի կարծիքով բաց հանքից արատանետումներն անցնում են ու ստեղծում  քիմիական ռեակցիաների մի ամբողջ շղթա:

«Այս խնդիրը շատ կարևոր է, քանի որ աղտոտվածության ազդեցությունը մեկը տասին հարաբերակցությամբ է: Այսինք՝ մեկ հեկտար բաց հանքը աղտոտում է տաս հեկտար տարածք: Դա ահավոր մեծ թիվ է: Այս խնդիրը շատ հրատապ է և կարիք ունի լուծման, որը տեղի կունենա իշխանության քաղաքական որոշման պարագայում: Ինչո՞ւ, որովհետև լեռնաարդյունաբերությունը միջազգային բնապահպանական չափանիշներին համապատասխանեցնելու համար կարիք ունի մեծ ներդրումների և արդիականացման», - ասաց Զառաֆյանը:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուրգարյանը բերեց շրջակա միջավայրի վրա հանքավայրերի բացասական ազդեցության ևս մեկ օրնակ:

«Այրում գյուղում հանքավայր չկա, սակայն հարևան բնակավայրերում գործող հանքավայրերի ազդեցությունը ակնհայտ է: Այդ ազդեցության պատճառով Այրումում աճող դեղձը հնարավոր չեղավ արտահանել եվրոպական շուկաներ, քանի որ փորձաքննության արդյունքում պարզվեց, որ այդ մրգի մեջ մետաղների քանակությունը գերազանցում է թույլատրելի սահմանները», - նշեց նա:

Բնակչության առողջության վրա հանքավայրերի արտանետումների բացասական ազդեցության մասին, ըստ Դուրգարյանի խոսում են նաև տեղի բժիշկները. «Նրանք խոսում են այդ մասին, սակայն միայն մասնավոր դեպքերում, երբ խոսքը հասնում է պաշտոնական հայտարարություններ անելուն, լռում են», - հավելեց Դուրգարյանը: 

 Քննարկման ավարտին բանախոսները համաձայնեցին, որ Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերություն ունենալու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, հանքավայրերի հարևանությամբ ապրող քաղաքացիների ակտիվություն և գործարարների կողմից պատասխանատվություն:

«Ուղղակի անհրաժեշտ է, որ տեղում բնակիչները լինեն ակտիվ, ներգրավվեն հանքերի հնարավոր շայհագործման գործընթացում հենց սկզբից, քանի որ դա վերաբերում է հենց իրենց առողջությանը», - ընդգծեց Զառաֆյանը:       

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ