«Ընդերքի օգտագործումը Հայաստանում տեղի է ունեցել շատ կամայական: Իսկ թափոնների կառավարման ոլորտը անտերության է մատնված: Այստեղ մեր և իշխանությունների պատկերացումները տարբեր են: Ըստ իշխանության` իրավիճակը այդքան էլ լուրջ չէ, սակայն ըստ հանրության` ամբողջ երկիրը պատված է թափոններով, որոնք խանգարում են հատկապես տուրիզմի և գյուղատնտեսության զարգացմանը», - հայտարարեց քննարկման մասնակից «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:
«Մեդիա կենտրոնում» հունիսի 5-ին բնապահպանների մասնակցությամբ անցկացվեց «Չլուծված էկոլոգիական խնդիրներն ու շրջակա միջավայրի պահպանությունը Հայաստանում» թեմայով քննարկում՝ նվիրված Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրվան:
Ըստ Դանիելյանի` օրհասական է դարձել Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանի վիճակը: Արարատյան դաշտավայրը վերջին 10 տարիների ընթացքում, բանախոսի գնահատմամբ, կանգնել է անապատացման եզրին: «Սա հետևանք է մեր ագահության, անհեռատես լինելու և ջրերի ռացիոնալ օգտագործման անտեսման», - պարզաբանեց նա` հավելելով, որ Բնապահպանության նախարարությունը հայտարարություններով է հանդես գալիս, թե իբր հորատանցքեր է փակում, սակայն հանրության ներկայացուցիչներն այլ տեսարանի են ականատես լինում:
«Վերջերս մի դիպլոմայինի պաշտպանության ժամանակ (թեման բնապահպանությանն է վերաբերել), որը ներկայացնում էր շատ տաղանդավոր երիտասարդ, հետաքրքրվեցի, թե ինչպիսի վիճակ է հիմա, պատասխանեց, որ այդքան ժամանակ գնացել-եկել է, բայց ոչ մի հոր փակած չի տեսել: Թե ինչքանով է ճշմարիտ այս տեղեկատվությունը` չգիտեմ, քանի որ պետական մարմինները տեղեկացնում են, որ բավականին գործ են անում ու արդեն անգամ ջրի մակարդակն է բարձրացել», - հավելեց նա:
Շրջակա միջավայրի վրա, ըստ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի, կարող է աղետալի հետևանքներ թողնել այժմ Ազգային ժողովում գտնվող պոչհանքերի վերամշակման մասին նախագիծը: «Իհարկե, շատ կարևոր է պոչհանքի վերամշակումը, սակայն նախագիծն այս տեսքով մտահոգություններ է առաջացնում: Նախագծի վերաբերյալ լսումներ չեն կազմակերպվել: Կարող եմ հավատացնել, եթե այդ նախագիծը ընթացք ստանա և դառնա օրենք, ապա մենք կունենանք շրջակա միջավայրի խոշորածավալ ավերածություններ», - ասաց նա:
Քննարկման մասնակից Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը դեմ արտահայտվեց մետաղական հանքերի շահագործմանը: «Մենք դեմ ենք բոլոր տեսակի մետաղական հանքավայրերի բացմանն ու շահագործմանը Հայաստանում, քանի որ այդքան հանքերի շահագործումը հղի է անդառնալի հետևանքներով, որը կերևա 20-30 տարի հետո», - նշեց նա` հավելելով, որ անգամ եթե Հայաստանում պահպանվեն հանքերի շահագործման բոլոր տեսակի միջազգային նորմերը, ապա միևնույն է բացասական հետևանքներից խուսափել հնարավոր չի լինի:
Քննարկմանը ներկա Մարտունու «Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը և Գեղարքունիքի մարզի «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը անդրադարձան էկոլոգիական խնդիրներին Գեղարքունիքի մարզում, մասնավորապես Սևանի ավազանում:
Սևանա լիճում, Անահիտ Գևորգյանի խոսքով, կառավարության ծրագրերով տեղադրվում են ձկների բուծման ցանցային տնտեսություններ, որը ոչ մի հանրային քննարկում չի անցել և հնարավոր վտանգները գնահատված չեն: «Սևանա լիճը դարձրել են ձկնաբուծարան, իսկ լիճը սնուցող գետերի վրա կառուցված ՀԷԿ-երի պատճառով վերանում է կենդանական աշխարհը: Օրինակ`ՀԷԿ-ի պատճառով Մարտունու գետում անգամ գորտ չկա: Մենք նկարել ենք ջրի տակ հավաքված գորտի ոսկորները և ձկների փշերը: Կենդանական աշխարհը մեռած է», - պարզաբանեց Մարտունու «Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահը:
«Բնությունը շահագործելով փչացնում են: Չեն ներկայացնում որևէ գիտական հիմանավորում կամ ուսումնասիրություն: Այս ամենը պատճառաբանվում է տնտեսական իրավիճակի շտկման ձգտմամբ, բայց իրականում մենք տեսնում են բնության անխնա շահագործում, շրջակա միջավայրի աղտոտում, սակայն երկրի տնտեսական վիճակը չի բարելավում», - հավելեց իր հերթին Սաթիկ Բադեյանը:
Ամփոփելով քննարկումը` բանախոսները վստահեցրեցին, որ Հայաստանում արդեն անհնար է հասնել բնության պահպանման և հանքերի շահագործման համատեղման: «Այստեղ ոսկե միջին գտնելն անհնար է: Բացի դրանից, երբ նայում ենք հանքարդյունաբերության ծավալները մեր տնտեսության մեջ, որը բավականին զիջում է նույն գյուղատնտեսությանը, ապա տեսնում ենք, որ հանքարդյունաբերության տնտեսական հիմնավորումներն էլ կասկածելի են», - հայտարարեց Կարինե Դանիելյանը:
Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր
Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին: