Ընդերքի շահագործման տնտեսական հիմնավորումները կասկածելի են
05.06.2015
12:00
Հայաստանում բնապահպանական հիմնական չլուծված խնդիրներից են ընդերքի օգտագործումը, թափոնների կառավարումը և Արարատյան արտեզյան ավազանի անմխիթար վիճակը: Այս խնդիրները բացասական են անդրադառնում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա: Այդ մասին «Մեդիա կենտրոնում» հայտարարեցին բնապահպանները:

«Ընդերքի օգտագործումը Հայաստանում տեղի է ունեցել շատ կամայական: Իսկ թափոնների կառավարման ոլորտը անտերության է մատնված: Այստեղ մեր և իշխանությունների պատկերացումները տարբեր են: Ըստ իշխանության` իրավիճակը այդքան էլ լուրջ չէ, սակայն ըստ հանրության` ամբողջ երկիրը պատված է թափոններով, որոնք խանգարում են հատկապես տուրիզմի և գյուղատնտեսության զարգացմանը», - հայտարարեց քննարկման մասնակից «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:

«Մեդիա կենտրոնում» հունիսի 5-ին բնապահպանների մասնակցությամբ անցկացվեց «Չլուծված էկոլոգիական խնդիրներն ու շրջակա միջավայրի պահպանությունը Հայաստանում» թեմայով քննարկում՝ նվիրված Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրվան:

Ըստ Դանիելյանի` օրհասական է դարձել Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանի վիճակը: Արարատյան դաշտավայրը վերջին 10 տարիների ընթացքում, բանախոսի գնահատմամբ, կանգնել է անապատացման եզրին: «Սա հետևանք է մեր ագահության, անհեռատես լինելու և ջրերի ռացիոնալ օգտագործման անտեսման», - պարզաբանեց նա` հավելելով, որ Բնապահպանության նախարարությունը հայտարարություններով է հանդես գալիս, թե իբր հորատանցքեր է փակում, սակայն հանրության ներկայացուցիչներն այլ տեսարանի են ականատես լինում:

«Վերջերս մի դիպլոմայինի պաշտպանության ժամանակ (թեման բնապահպանությանն է վերաբերել), որը ներկայացնում էր շատ տաղանդավոր երիտասարդ, հետաքրքրվեցի, թե ինչպիսի վիճակ է հիմա, պատասխանեց, որ այդքան ժամանակ գնացել-եկել է, բայց ոչ մի հոր փակած չի տեսել: Թե ինչքանով է ճշմարիտ այս տեղեկատվությունը` չգիտեմ, քանի որ պետական մարմինները տեղեկացնում են, որ բավականին գործ են անում ու արդեն անգամ ջրի մակարդակն է բարձրացել», - հավելեց նա:

Շրջակա միջավայրի վրա, ըստ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի, կարող է աղետալի հետևանքներ թողնել այժմ Ազգային ժողովում գտնվող պոչհանքերի վերամշակման մասին նախագիծը: «Իհարկե, շատ կարևոր է պոչհանքի վերամշակումը, սակայն նախագիծն այս տեսքով մտահոգություններ է առաջացնում: Նախագծի վերաբերյալ լսումներ չեն կազմակերպվել: Կարող եմ հավատացնել, եթե այդ նախագիծը ընթացք ստանա և դառնա օրենք, ապա մենք կունենանք շրջակա միջավայրի խոշորածավալ ավերածություններ», - ասաց նա:

Քննարկման մասնակից Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը դեմ արտահայտվեց մետաղական հանքերի շահագործմանը: «Մենք դեմ ենք բոլոր տեսակի մետաղական հանքավայրերի բացմանն ու շահագործմանը Հայաստանում, քանի որ այդքան հանքերի շահագործումը հղի է անդառնալի հետևանքներով, որը կերևա 20-30 տարի հետո», - նշեց նա` հավելելով, որ անգամ եթե Հայաստանում պահպանվեն հանքերի շահագործման բոլոր տեսակի միջազգային նորմերը, ապա միևնույն է բացասական հետևանքներից խուսափել հնարավոր չի լինի:

Քննարկմանը ներկա Մարտունու «Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը և Գեղարքունիքի մարզի «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը անդրադարձան էկոլոգիական խնդիրներին Գեղարքունիքի մարզում, մասնավորապես Սևանի ավազանում:

Սևանա լիճում, Անահիտ Գևորգյանի խոսքով, կառավարության ծրագրերով տեղադրվում են ձկների բուծման ցանցային տնտեսություններ, որը ոչ մի հանրային քննարկում չի անցել և հնարավոր վտանգները գնահատված չեն: «Սևանա լիճը դարձրել են ձկնաբուծարան, իսկ լիճը սնուցող գետերի վրա կառուցված ՀԷԿ-երի պատճառով վերանում է կենդանական աշխարհը: Օրինակ`ՀԷԿ-ի պատճառով Մարտունու գետում անգամ գորտ չկա: Մենք նկարել ենք ջրի տակ հավաքված գորտի ոսկորները և ձկների փշերը: Կենդանական աշխարհը մեռած է», - պարզաբանեց Մարտունու «Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահը:

«Բնությունը շահագործելով փչացնում են: Չեն ներկայացնում որևէ գիտական հիմանավորում կամ ուսումնասիրություն: Այս ամենը պատճառաբանվում է տնտեսական իրավիճակի շտկման ձգտմամբ, բայց իրականում մենք տեսնում են բնության անխնա շահագործում, շրջակա միջավայրի աղտոտում, սակայն երկրի տնտեսական վիճակը չի բարելավում», - հավելեց իր հերթին Սաթիկ Բադեյանը:

Ամփոփելով քննարկումը` բանախոսները վստահեցրեցին, որ Հայաստանում արդեն անհնար է հասնել բնության պահպանման և հանքերի շահագործման համատեղման: «Այստեղ ոսկե միջին գտնելն անհնար է: Բացի դրանից, երբ նայում ենք հանքարդյունաբերության ծավալները մեր տնտեսության մեջ, որը բավականին զիջում է նույն գյուղատնտեսությանը, ապա տեսնում ենք, որ հանքարդյունաբերության տնտեսական հիմնավորումներն էլ կասկածելի են», - հայտարարեց Կարինե Դանիելյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց. սեյսմիկ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում»
07.12.2017
11:00
1988թ․ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի մարդկային ու նյութական կորուստներն աղետալի էին։ Տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, ավերվեց հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը։
«2015թ․ սահմանադրական փոփոխությունների արդյունքներն ու ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի վրա»
06.12.2017
12:00
Դեկտեմբերի 6-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «2015թ․ սահմանադրական փոփոխությունների արդյունքներն ու ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի վրա» թեմայով:
2015թ․ դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե։ Հանրաքվեի դրված Սահմանադրության նախագծով առաջարկվում էր անցում կատարել կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական համակարգի:
«Բռնության ենթարկված կանանց շրջանում ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը»
05.12.2017
12:00
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը աշխարհում անցկացվում է Ընդդեմ գենդերային բռնության 16 օրյակ, որի շրջանակում դեկտեմբերի 5-ին Մեդիա կենտրոնում անկացվեց մամլո ասուլիս «Բռնությանն արդարացում չկա» տարածաշրջանային ակցիայի վերաբերյալ:
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանում. միջազգային պարտավորություններ, նախընտրական խոստումներ և իրականություն
04.12.2017
12:00
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որի առնչությամբ դեկտեմբերի 4-ին Մեդիա կենտրոնում կազմակերպվեց քննարկում` «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանում. միջազգային պարտավորություններ, նախընտրական խոստումներ և իրականություն» թեմայով:
«Հիասթափված եմ ՊՆ ղեկավարությունից». «ԱրԱր» հիմնադրամի նախագահ
01.12.2017
12:00
Ազգ-բանակ» հայեցակարգը կամ ծրագիրը դեռեւս բյուրեղացման կարիք ունի, այն միասնական փաստաթղթի տեսքով ներկայացված չէ, իսկ այդ տրամաբանության ներքո իրականացվող օրենսդրական փոփոխություններն ու զինված ուժերում կատարվող ռեֆորմները հաճախ ներկայացվում են վիճելի ձեւով ու ստեղծում ընդհանուր բացասական ֆոն:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ