Էլելկտրաէներգիայի սակագնի հիմնավոր թանկացու՞մ, թե՞ պետական հանցագործություն. թեժ բանավեճ
29.05.2015
17:30
Էկետրաէներգիայի սակագնի բարձրացման հերթական հայտը ՀԷՑ-ի՝ «ոչ ռացիոնալ վարքագծի» հետևանք է, որի դեմ միակ պայքարը կարող է լինել քաղաքացիական լայնածավալ ընդվզմամբ:

Այս հարցի շուրջ մայիսի 29-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ բանավեճ անցկացվեց «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում, որին մասնակցում էին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը,  ՀՀ Փոքր ՀԷԿ–երի Միության նախագահՆաիրա Նահապետյանը, քաղաքացիական ակտիվիստ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Նարեկ Այվազյանը,  «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար, քաղաքացիական ակտիվիստԴավիթ Սանասարյանը,  տնտեսագետԱրտակ Մանուկյանը և Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահՎազգեն Սաֆարյանը:

Նշենք, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի սակագանի վերանայման հարցով վերջին երկու տարին արդեն երրորդ անգամ է դիմում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, այս անգամ առաջարկելով սակագինը բարձրացնել 17 դրամով: Սակագնի բարձրացումը պայմանավորված է ՀԷՑ-ի կուտակած 250 մլն դոլար պարտքով, ինչը հետևանք է գողության և վատ կառավարման:

Բանավեճի մասնակից Արամ Մանուկյանը ասում է, որ ոչ սակավաջրությունը, ոչ դոլար-դրամ հարաբերակցությունը, որ ատոմակայանի հարցը չի կարող հիմնավոր պատճառ լինել ՀԷՑ-ի կուտակած պարտքի դիմաց:

«Մեր իշխանությունների «լավ քաղաքականության» հետևանքով է, որ 2001-2002-ին մոնոպոլ կազմակերպությունները, մոնոպոլ բնագավառները սեփականաշնորհվեցին և պարտքի դիմաց տրվեցին: Ամբողջապես նույն մեխանիզմներ են գործում թե գազի, թե հոսանքի հարցի պարագայում, որովհետև ղեկավարվում է նույն կետից և մեթոդները լրիվ նույնն են: Իշխանությունը անգամ չի ուզում դատախազություն հանձնել այն գործերը, որոնք գազի և հոսանքի դեպքում դատախազական նյութեր են: Ամբողջովին նույն ձեռագիրն է, նույն անխնա ծախսերը և պարտքերը»,-ասաց Մանուկյանը

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ մինչև ծախսերի զտում չլինի, չեն կարող խոսել հիմնավորվածության մասին:

«Ծախսերի զտումը պետք է լինի համակարգային: Եթե նայենք 2013-ի աուդիտը, արդեն հասկանալի է, որ այդ աուդիտի պահանջներով այս բիզնեսը անհեռանկարային, կայունություն չունեցող բիզնես է: Ինձ համար հիմա անհասկանլի է, թե ինչու այդ ծախսերի մասով պահանջատիրությունը չէր դրևորվել նույն 2012-ից սկսած»,-ընդգծում է Մանուկյանը:

Նաիրա Նահապետյանը նշում է, որ այսօր ՀՀ-ում գործում է 150 ՀԷԿ  և բոլորն էլ ցածր գնով են արտադրում էլեկտրաէներգիա, այնուհետեև տալիս ՀԷՑ-ին:

«Այսօրվա դրությամբ միջին սակագինը գալիս է 15-20 դրամ: Վերջին 2-3 տարին սակավաջրությունը բավականին լուրջ պրոբլեմ հանդիսացավ բոլոր կայանների համար: Իսկ դեկտեմբերից-մարտ ամիսներին ՀԷՑ-ը այնպիսի վիճակի մեջ էր, որ մենք բոլոր արտադրողներով մտանք կոլապսի մեջ թե ատոմակյանը, թե հիդրոկայանները, որովհետև իրենք լուրջ ծախսային պրոբլեմ ունեցան»,-նշում է Նահապետյանը:

Տեղական արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններ նույնպես մտահոգություն են հայտնում, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կանդրադառնա իրենց կողմից թողարկվող ապրանքների ինքարժեքի վրա և կառաջանա գնաճ:

Այս մասին նշեց  Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ հավելելով, որ այսօր արդյունաբերույթունը ավելի ծանր և դժվար փորձության առջև է կանգնած պայմանավորված էլեկտարէնեգիայի սակագնի թանկացմամբ:

«Մենք մի շարք առաջարկություններ ենք արել Կառավարությանը դեռ մեկ տարի առաջ, որ գինը չբարձրանա: Նախ պետք է Երևանի ՋԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հայթհայթեն: Դա ճապոնական բանկը  պատրաստ է տրամարդել 400 միլիոն դոլարի չափով, արդեն մի քանի տարի է այդ խոսակցությունը կա, բայց Կառավարությունը որոշում չի կայացնում: Եթե կառուցվեր Երևանի ՋԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը, ապա մեր բաշխիչ ցանցերին կարող էին տալ առնվազն 1,5- 2 միլիարդ կվ/ժամ էլեկտրաէներգիա շատ ցածր գնով: Համեմատության համար ասեմ, որ 2012-ին Երևանի ՋԷԿ-ը բաշխիչ ցանցերին տրամադրել է 504 մլն կվ/ժամ, իսկ 2013-ին 702 մլն կվ/ժամ էլեկտրաէներգիա»,-նշեց Սաֆարյանը:

Արամ Մանուկյանը հավելեց, այսօր Հայաստանը Վրաստանից 139 հազար կվ/ժամ էլեկտրաէներգիա է գնում, մինչդեռ երբեք այդպիսի խնդիր չի ունեցել:

«Հայաստանը հոսանք է գնում վրացիներից 21 դրամով և հիմա հայտ ենք ներկայացնում թանկացնելու: Սա տնտեսվարություն չի, սա պետական կազմակերպված գողություն է, հանցագործություն: Կամ տարեկան 800 մեքենա է վարձակալում ՀԷՑ-ը ու ամեն տարի 2500 անվադող ուզում, ու այդ ամենը ըդնգրկվում է սակագնի մեջ»:

Արտակ Մանուկյանը ընդգծում է, որ ի տարբերություն կառավարության, ՀԷՑ-ը ավելի մեծ ախորժակ ունի և կաշկանդված չէ նկարչության մեջ:

«Հիմա, որ սնանկանան, մենք ենք  վճարելու ՀԷՑ-ի ոչ ռացիոնալ վարքագծի փոխարեն, նրա վնասների փոխարեն: Նման կարգի սուբյեկտները պետք  գործեն՝ որպես ռացիոնալ սուբյեկտներ, այլ ոչ թե իռացիոնալ ծախսեր կատարեն: Եթե վերցնես ՀԷՑ-ի ֆինանսական հաշվետվությունները նայես, ապա հստակ կհասկանաս, որ սակագնի թանկացումը ոչ մի խնդիր չի լուծի, նույն համակարգային խնդիրները կմնան: Չկա ոչ մի նորմատիվ, ՀԷՑ-ը ունի աշխատողների հզոր բանակ, բայց պարզ չէ, թե ինչ են անում, մինչդեռ մեքենաները դրսում են սարքում»,-ասաց Մանուկյանը

Նա հավելեց, որ այժմ պետք է լինի երկու տեսակի ճնշում՝ մեկը փողոցի պայքարը, մյուսը՝ ինտելեկտուալ ճնշումը:

«Մենք պետք է կամայական ծախսերի հետ կապված պահանջենք առավելագույն հաշվետվողականություն, ինչը մինչև հիմա չի արվել: Անհրաժեշտ է ծախսումների թափանցիկություն, հատկապես երբ 2012-2014-ին շուկայական գնից ավել ձեռբերումներ են եղել»,-ասում է Մանուկյանը՝ հավաստիացնելով որ սուբսիդավորումը տվյալ դեպքում նույնպես արդյունավետ լուծում չէ:

Բանավեճի մասնակից Դավիթ Սանասարյանը ասում է, որ ամբողջ երկրում տեղի ունեցող կոռուպցիոն երևույթներն ու գողությունները արտացոլանք են ՀԷՑ-ի նման կազմակերպությունների:

«Չպետք է թանկանար, քանի որ օր օրի երկրում թանկանում է ամեն ինչ: Քաղաքացուն մնում է երկու ճանապարհ. կամ ընդվզել, կամ Հայաստանը լքել: Միակ լուծումը անհնազանդությունն է, չպետք է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց և պետք է լուրջ քաղաքացիական պայքար տանել»,-նշեց Սանասարյանը:

Նարեկ Այվազյանն էլ ասաց, որ  ընդդիմադիր հատվածը միշտ կողմ է եղել, որպեսզի մոնոպոլ կարգավիճակում գտնվող կազմակերպությունները վերացվեն, ազատականացվեն և դառնան շուկայական տնտեսությանը համապատասխան:

«ՀԷՑ-ի ներկայացրած դիմումի մեջ անգամ կարող եք  հանդիպել բազմաթիվ մաթեմատիկական սխալներ նյութական ծախսերի առումով: Այս ամենը առաջացրել է քաղաքացիական հասարակության ընդվզումը և քաղհասարակությունը շարունակելու է ներկայացնել իր պահանջները, որպեսզի էլէկտրաէներգիան չթանկացնեն»,-հավելեց Այվազյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ