Հայաստանը և ԵՄ-ն նոր փաստաթուղթ կազմելիս հիմնվելու են Ասոցացման համաձայնագրի վրա
29.05.2015
12:30
Թեև 2013 թ.-ին Վիլնյուսի գագաթնաժողովին Հայաստանն ի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելու պատճառով չստորագրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր, այնուամենայնիվ երկու տարի անց Երևանն ու Բրյուսելը պատրաստվում են կնքել նոր համաձայնագիր: Այն պետք է հիմնվի արդեն բանակցված ասոցացման համաձայնագրի վրա՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով փոփոխված իրողությունները: Մասնավորապես Հայաստանի պատրավորությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում:

Մինչև վերջերս Եվրամիության հետ ընթանում էին քննարկումներ, որոնց արդյունքում որոշում է կայացվել սկսել բանակցություններ Հայաստանի հետ նոր համաձայնագրի կազմման շուրջ: «Արդեն դիմում-պահանջ է ներկայացված Եվրոպական խորհրդարան և Եվրոպական հանձնաժողով, որպեսզի տրամադրվի համապատասխան մանդատ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու համար: Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագրում արդեն իսկ նախանշվում են այն ոլորտները, որոնց շուրջ Հայաստանը և ԵՄ-ն շարունակելու են երկխոսել: Դրանք են վիզաների ռեժիմի դյուրացում, ավիացիա և այլն», - հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

«Մեդիա կենտրոնում» մայիսի 29-ին Գարեգին Մելքոնյանի, ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի և Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում՝ «Հայաստան-ԵՄ հարաբերությունների ուրվագծվող տեսլականն Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովից հետո» թեմայով:

Կողմերը բանակցվելիք փաստաթղթում, որն ըստ էության հանդիսանալու է Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր իրավական հիմքը, հիմնվելու են արդեն բանակցված, բայց չստորագրած Ասոցացման համաձայնագրի վրա: «Նոր փաստաթղթում հնարավորինս կընդգրկվեն այն հատվածները, որոնք արդեն իսկ համաձայնեցված են եղել: Իհարկե ոչ բոլոր ոլորտները կարող են ներառվել, քանի որ փոխվել է իրավիճակը, և Հայաստանն ունի որոշակի պարտավորություններ Եվրասիական միության շրջանակներում», - պարզաբանեց Մելքոնյանը՝ մանրամասնելով, որ նոր փաստաթղթում հաստատ չի ընդգրկվի մաքսային կարգավորումների մասը, քանի որ դա կհակասի Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին:

Առաջիկայում Եվրամիության հետ կնքվելիք փաստաթղթի տնտեսական բլոկում, ըստ Մելքոնյանի կարող են ներառվել, հետևյալ ոլորտները՝ թափանցիկություն, մրցակցություն, ներդրումներ, ծառայություններ և առևտուր: «Մենք որոշել ենք, որ այդ ոլորտները մնալու են ստորագրվելիք փաստաթղթում», - հավելեց փոխնախարարը՝ նշելով, որ Հյաստանը հայտնվում է բավականին շահեկան վիճակում, քանի որ գտնվելով Եվրասիական տնտեսական միության մեջ՝ տնտեսական բավական սերտ համագործակցություն կարող է ունենալ ԵՄ-ի հետ: «Մենք աշխատում ենք Եվրամիության հետ GSP+ համակարգով, որը հնարավորություն է տալիս մոտ 6400 անուն ապրանք Հայաստանից արտահանել ԵՄ գրեթե զրոյացված մաքսատուրերով», - նշեց նա:

GSP+ համակարգով աշխատել ԵՄ-ի հետ, ըստ Գագիկ Մակարյանի, դեռ չի նշանակում, որ Հայաստանում արտադրված ապրանքները արտահանվում են Եվրամիության շուկա: «Մեր գործարարների մեծ մասի մոտ կա ինֆորմացիայի պակաս առ այն, թե ինչ է այդ համակարգն իրենից ներկայացնում: Մեր գործարարները խուսափում են մրցակացությունից և ցանկանում են աշխատել հիմանակում ռուսական շուկայի հետ, որն ավելի ծանոթ է իրենց», - նշեց նա:

Իսկ Հայաստան-ԵՄ հարաբերություններում առկա զարգացումները Մակարյանը դրական գնահատեց՝ նշելով, որ այս դեպքում գործընթացն ավելի կարևոր է, քան արդյունքը: «Արևելյան գործընկերության շրջանակներում մենք արդեն ստանում ենք այն ամենը, ինչ մեզ պետք է: Անպայման չէ ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, ամեն պատեհ կամ անպատեհ առիթով այդ մասին խոսել, քանի որ այն կարող է առաջացնել Ռուսաստանի բացասական ռեակցիան, ինչը կարող է ունենալ իր հետևանքները», - ասաց բանախոսը:

Հայաստան-ԵՄ ապագա տնտեսական համագործակցության մասով վերապահումներ ներկայացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրելը դեռ չի նշանակում, որ  դրանից հետո  հայկական ապրանքները կլցվեն եվրոպական շուկաներ և Հայաստանի արտահանումը դեպի Եվրոպա կմեծանա: Եվրամիությունը այժմ թուլացնում է եվրոյի դիրքերը, որպեսզի խթանի սեփական ապրանքների սպառումն արտերկրում: Այս առումով անկախ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունից, դեռևս պարզ չէ՝ տնտեսական համագործակցություն կստացվի, թե ոչ», - նշեց նա:

Քննարկման ավարտին բանախոսները դրական գնահատեցին Եվրամիության հետ քննարկումների ընթացքը՝ հույս հայտնելով, որ դրանք կպսակվեն հաջողությամբ: Գարեգին Մելքոնյանը իր հերթին տեղեկացրեց, որ Եվրամիության հետ հարաբերությունների մասին տեղեկացվում են նաև Հայաստանի ԵԱՏՄ-ի մասով գործընկերները: «Սա շատ բնորոշ գործընթաց է յուրաքանչյուր մաքսային կամ տնտեսական միության համար: Օրինակ՝ Եվրամիության անդամ որևէ երկիր միայնակ իրավունք չունի ազատ առևտրի համաձայնագիր կնքել երրորդ պետության հետ», - եզրափակեց էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը:    

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ