«Սևանա լճի ափամերձ տարածքներում հորատման աշխատանքներ չեն կատարվի»
25.03.2015
11:00
Կառավարության ներկայացուցիչները վստահեցնում են, որ Սևանա լճի ափամերձ տարածքներում նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման դեպքում հորատումներ չեն անցկացվի, մինչդեռ բնապահպաններն ու հասարակական կազմակեպությունների ներկայացուցիչները թերհավատորեն են մոտնեւոմ հնչեցված հայտարարություններին և ներկայացնում իրենց մտահոգությունները:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը մասնակցում էին Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի՝ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը, , ՀՀ Բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ  Վիգեն Ավետիսյանը և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի վարչության պետ Վարդան Վարդանյանը:

Քննարկման մասնակից ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի վարչության պետ Վարդան Վարդանյանը ասում է, որ դեռ 2007-ից «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ն ստացել է լիցենզիա Գեղարքունիքի մարզում՝  Սևանա լճի ափամերձ տարածքներում, իրականացնելու նավթի և գազի հայտնաբերման երկրաբանական ուսումնասիրություններ:

«Ընկերությունը ներկայումս մեզ ներկայացրել է դիմում, որպեսզի իրենց աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգվի ևս երկու տարով, քանի որ իրենք ֆինանսական ներդրումների հետ կապված խնդիրներ են ունեցել և ուսումնասիրությունը ավարտին չեն հասցրել պայմանագրով սահմանված 5 տարի ժամկետում: Այստեղ խոսքը վերաբերում է սեյսմիկ աշխատանքներին, երկրաբանական ուսումնասիրություններին, որի արդյունքում հայտնի կլինի, թե մենք հանրապետությունում ունենք նավթի, կամ բնական գազի որևիցե պաշար: Այստեղ ոչ մի հորատման աշխատանքի մասին խոսք չի գնում»,-մանրամասնեց Վարդանյանը:

ՀՀ Էներգետիկայի և բնականան պաշարների նախարարի հրամանի համաձայն Հայաստանի տարածքը բաժանվել է 6 բլոկի, որտեղ պետք է իրականացվեն գազի և նավթի պաշարների հայտնաբերման, երկրաբանական ուսումնասիրությունների աշխատանքներ: Դա իրականացվելու է ոչ միայն Գեղարքունիքի, այլ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում:

Առաջին և երրորդ բլոկների ուսումնասիրությունը տրամադրված է «Արմոլ» հայ-ռուսական ընկերությանը, երկրորդ բլոկը տրամադրված է «Ինտեգրալ փեթրոլիում» ընկերությանը, իսկ 4-րդ, 5-րդ և 6-րդ բլոկները «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ին:

Վերջինիս ներկայացրած աշխատանքային ծրագիրը արդեն ներկայացվել է Բնապահպանության նախարարություն՝ փորձաքննության և 2015-ի փետրվարին ստացել դրական եզրակացություն:

ՀՀ Բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ  Վիգեն Ավետիսյանը ասում է, որ նախարարությունը ներկայացրել է դրական փորձագիտական եզրակացություն՝ ելնելով մի քանի պահանջներից:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նավթի և գազի որոնման աշխատանքների հետ կապված հորատման աշխատանքերի ոչ մի թույլատրություն չի  տրամադրվել: Բնապահպանական տեսանկյունից այս փուլում անվտանգ երկրաբանական ուսումնասիրությունների աշխատանքներ են իրականացվելու, որը տևելու է երկու տարի: Դրանից ելնելով՝ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել»,-ասում է Ավետիսյանը:

Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը հակադարձեց նախարարության ներկայացուցիչներին՝ նշելով, որ իրենք հասկանում են, որ այս պահին հորատման աշխատանքեր չեն կատարվելու, բայց եթե հայտնաբերվեն նավթի ու գազի պաշարներ, ապա մտավախություն կա, որ այդ ժամանակ կսկսվեն ընդերքի շահագործման աշխատանքները:

«Մենք Երևանի Օրհուս կենտրոնում հանդիպում էինք վերջերս  կազմակերպել ՀԿ-ների և «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչների միջև: Այդ հանդիպմանը, ընկերության ներկայցուցիչները ՀԿ-ներին հարցին պատասխանեցին, որ եթե Սևանին հարող տարածքներում գտնեն նավթ ու գազ, ապա կսկսեն հորատման աշխատանքներ իրականացնել: Բայց չէ որ կա «Սևանալճի մասին» օրենք, ինչու՞ եք դուք անտեսում այդ օրենքը: Մենք բոլոր ՀԿ-ներով թույլ չենք տալու Սևանին հարող գյուղերի տարածքում որևէ հորատում անել և գազ ու նավթ արդյունահանել»,-նշեց Ադամյանը:

Վարդանյանը, ի պատասխան նշեց, որ հորատման աշխատանքները լինում են նախագծով, որը պետք է անցնի հանրային լսումներ և բնապահպանական փորձաքննություն:

«Ինչ վերաբերում է Սևանի տարածքում «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ի հայտարարությանը, դա իրենց որոշելիքը չէ: Կան լիազոր մարմիններ, որոնք տեղյակ են և օրենսդրությանը, և «Սևանա լճի մասին» օրենքին, և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքին: Բնականաբար թույլ չի տրվելու որևէ  հորատման աշխատանք: Եթե ամբողջ Քուվեյթի նավթի պաշարներն էլ Սևանա լճի տարածքում լինի, միանաշնակ այնտեղ ոչ մի հորատանցք չի հորատվելու»,-նշեց Վարդանյանը:

Երկու տարվա երկրաբանական ուսումնասիրությունների ծախսը «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ի կողմից կազմելու է 11 միլիոն դոլար:

Այն հարցին, թե անհասկանալի է՝ ինչու՞ է ընկերությունը այդքան ծախսեր կատարում, եթե պաշարների հայտնաբերման դեպքում, միևնույն է, նրանց չեն թույլատրելու հորատումներ անել և այդ պաշարները արդյունահանել, Ավետիսյանը պատասխանեց, որ դա ընկերության ռիսկն է:

«Եթե գոյություն ունի «Սևանա լճի մասին» օրենք, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենք, «Շրջակա միջավայրի մասին» օրենք, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենք և կատեգորիկ արգելվում է, ուրեմն բացառվում է, որ որևէ լիազոր մարմնի ներկայացուցիչ դրական փորձագիտական եզրակացություն տրամադրի այդ ընկերության հորատումների համար: Ոչ մի լիազոր մարմնի ներկայացուցիչ օրենքի խախտում չի անի և դրական եզրակացություն չի տա հորատումներ անելու համար»,-հավելեց Ավետիսյանը:

ԳԱԱ-ի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի՝ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը կարծում է, որ հետախուզական աշխատանքները պետք է կանխվեին հենց սկզբից:

«Որովհետև, եթե «Սևանա լճի մասին» օրենքը պահանջում է, որ Գեղարքունիքի մարզում, տվյալ դեպքում կենտրոնական գոտում և անմիջական ազդեցության գոտում չի կարելի  հանքարդյունաբերության հետ կապված որևէ գործունեություն ծավալել, հետևաբար չպետք է լինեին այդ հետախուզական աշխատանքները: Այսօր Սևանը ռազմավարական պաշար է և պետք է անգամ մոտ չթողնել նման կազմակերպություններին, հետախուզական աշխատանքներ կատարելու համար: Մեկ լիտր նավթը կարող է թթվածնից զրկել 40 հազար լիտր ջուր»,-ասաց Ղուկասյանը:

Բնապահպանները նշում են, որ այս հարցը իրենց մտահոգում է ոչ միայն այն պատճառով, որ Սևանա լիճը բացառիկ նշանակություն ունի, այլև նրա համար, որ ընդերքի օգտագործումը վերջին տասնամյակում խիստ անհանգստացնում է իրենց:

«Ընդերքի օգտագործումը այն միակ ոլորտն է, որ մենք իշխանության հետ չենք կարողանում գալ որևէ  հայտարարի: Հանրության և իշխանության պատկերացումները խիստ տարբեր են, ուղղակի կոնֆլիկտի մեջ ենք: Իշխանությունը կարծում է, որ սա երկրի զարգացման ուղի է, հանրությունը կարծում է, որ հիմքից կտրում ենք Հայաստանի բնությունը: Այս պարագայում մենք չենք ընդունում, որ այդ երկրաբանական ուսումնասիրությունները ի գիտության համար է,  իրոք ընկերությունը այդքան գումարներ չէր ծախսի: Ուրեմն շանս կա, որ ծրագիրը կշարունակվի»,-ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը:

Նա հավելեց, որ վստահություն չունի նախարարության ներկայցուցիչների խոսքերի նկատմամբ, թե պաշարների հայտնաբերման դեպքում հորատման աշխատանքեր չեն կատարվի:

Վարդանյանը հակադարձեց՝ նշելով, որ ուսումնասիրությունների արդյուքնում հնարավոր է ոչինչ չհայտնաբերվի, քանի որ ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը 100 երկրաբանական ուսումնասիրություններից ընդամենը 10-ն են դառնում հանքավայր:

«Ցանկացած երկրաբան և մասնագիտացված կազմակերպություն, որը իրականացնում է  նման աշխատանք, ունի ռիսկեր գումարները ծախսելու և ոչ մի արդյունքի չհասնելու: Եվ այդ գումաները իրենք հետ չեն ստանալու, բանականաբար»,-եզրափակեց Վարդանյանը:

Քննարկման ամբողջական տեսանյութը դիտեք այստեղ:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ