«Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում անհրաժեշտ է սահմանել չափորոշիչներ»
18.03.2015
11:00
Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը չի գործում Հայաստանում և չկան հստակ սահմանված չափորոշիչներ, ուստի Արդարադատության նախարարությունը պետք է մշակի նոր հայեցակարգի նախագիծ բարեփոխումներ կատարելու համար. վստահեցնում են իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները՝ հակադրվելով պետական կառույցների ներկայացուցիչների հետ, այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:

Քննարկման մասնակից, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանը ասում է, որ Հայաստանը չունի պայմանական վաղաժամկետ ազատման համակարգ, քանի որ 5 տոկոսից էլ քիչ են ազատվողները:

«Այսօրվա դրությամբ այս համակարգը չի գործում և պատճառը անկախ հանձնաժողովներն են, որոնք կտրուկ նվազեցրեցին քրեակատարողական հիմնարկներում պայմանական վաղաժամկետ ազատվողների թիվը: Առաջին հերթին մենք պետք է փոխենք պայմանական վաղաժամկետ ազատման սկզբունքը: Աշխարհում ընդունված է կրկնահանցագործության ռիսկի հիման վրա վաղաժամկետ պայմանական ազատում, դրա համար մենք պետք է նախ բանտարկյալի գնահատում կատարենք»,-ասաց Դանիելյանը:

Նրա ներկայացրած թվային տվյալներով՝ մինչև 2006-ը, երբ չկային անկախ հանձնաժողովներ, բատարկյալները ազատվում էին 90 տոկոսով, իսկ հիմա 5 տոկոսով:

«2013-ին ներկայացվել է պայմանական վաղաժամկետ ազատման 5468 դիմում, բայց անկախ հանձնաժողով ներկայացվել է 906 դիմում, այսինքն մնացածը մերժել է վարչական հանձնաժողովը: 906-ից էլ դատարան է հասել 261-ը»,-ներկայացրեց Դանիելյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասաց որ չափորոշիչներ չունենալու հետևանքով հանձնաժողովների աշխատանքը սուբյեկտիվության վրա է հիմնվում, նրանք օբյեկտիվ գնահատականներ չեն տալիս:

«Հանձնաժողովների մեծամասնությունը ուժային կառույցների ներկայացուցիչներ են և  նրանց հոգեբանությունը պատժիչ հոգեբանություն է: Եթե մենք դեռ չունենք հստակ սահմանված չափորոշիչներ, ապա պետք է լինի հոգեբանի աշխատանք, ռեաբիլիտացիոն աշխատանք բանտարկյալի հետ և այդ ընթացքում, երբ ՔԿՀ-ն ներկայացնում է բանտարկյալին, պետք է դիտարկել,  եթե ազատազրկված անձը տույժեր չի արել, հանցագործություն չի կատարել, ապա կարող է ազատ արձակվել»,-նշեց Իշխանյանը:

Նա հավելեց, որ բանտարկյալներին հաճախ մերժում են քաղ. հայցի հետ կապված, իսկ ցմահ ազատազրկվածների վրա ընդհանրապես որևէ կերպ չի ազդում պայմանական վաղաժամկետ ազատումը:

 «Սա բացարձակապես վատ է, որովհետև այդ մարդիկ ազատվելու հույս պետք է ունենան: Դրա համար մարդիկ ստիպված սպասում են համաներմանը: Համաներումը իհարկե որոշ հարցեր  լուծում է, բայց այն պետք չէր լինի, եթե գործեր պայմանական վաղաժամկետ ազատումը»,-շեշտեց Իշխանյանը:

Քննարկման մասնակից, ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանն էլ ասաց, որ ՔԿՀ-ներից բողոքների 90 տոկոսը վերաբերում է կամ պայմանական վաղաժամկետ ազատման բացակայությանը, կամ համաներմանը:

«Վաղաժամկետ պայմանական ազատման համակարգի չգործելու մասին խոսում են և դատապարտյալները, և ՔԿՀ-ների աշխատողները: Նույն ՔԿՀ-ների աշխատողները ասում են,  թե ինչու  պետք է դատապարտյալը իրենց ենթարկվի, կարգը պահի, կամ ուղղման մասին մտածի, եթե նա վաղաժամկետ չի ազատվելու, այլ մինչև վերջ կրելու է իր պատիժը: Եվ պատիժը կրելուց հետո, երբ նա վերադառնում է հասարակություն նույն ագրեսիվ վարքով, այս դեպքում կրկնահանցագործությունը շատ ավելի շուտ է լինում»,-նշում է Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ չափորոշիչների սահմանումը հնարավորություն կտա, որպեսզի համակարգը գործի, ավելի թափանցիկ լինի և բանտարկյալն էլ իմանա ինչ անել վաղաժամկետ ազատման համար:

Քննարկման բոլոր բանախոսները ընդգծեցին, որ անկախ հանձնաժողովների ներդնումից հետո կտրուկ անկում է ապրել պայմանական վաղաժամկետ ազատվողների թիվը և տարեցտարի նվազում է:

Քննարկմանը ներկաՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության վարչության իրավաբանական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Միքայել Զախարյանը հակադարձեց իրավապաշտպաններին, նշելով որ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը Հայաստանում գործում է:

«Խնդիրը քանակի մեջ է, թե քանի մարդ է կարողանում օգտվել այդ իրավունքից: Մենք քննարկել ենք մի քանի նախագծեր՝ այդ թվում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» ներկայացրած նախագիծը: Դեռևս քննարկման փուլում է և աշխատելու ենք լավագույն տարբերակները գտնել: Ամենակարևոր գործոնը այն է, որ սուբյեկտիվությունն ու կոռուպցիոն ռիսկերը պակասեն»,-նշեց Զախարյանը:

Նա ընդգծեց, որ պայմանական վաղաժամկետ ազատման համար պետք է լինի 2 չափորոշիչ՝ ստատիկ և դինամիկ: Ստատիկը ներառելու է ազատազրկված անձի կրթական ցենզը, տնտեսական վիճակը, աշխատունակությունը և այլն:

«Դինամիկ չափանիշները պետք է լինեն այնպես, որ եթե ազատազրկված անձը ինչ-որ մի չափորոշիչի չի բավարարում և նրա դիմումը մերժվում է, ապա նրան պետք է հնարավորություն տրվի որոշակի ժամանակում այդ չափորոշիչը համապատասխանեցնելու՝ դատապարտյալին շտկելու և ուղղելու առումով: Եվ եթե բավարարի բալերի քանակը, ապա սուբյեկտիվությունը արդեն մեծ դեր չի ունենա»,-հավելեց Զախարյանը:

Նա նշեց նաև, որ ՔԿՀ-ների վարչական հանձնաժողովների կազմը պետք է  ընդլայնել ու մասնակից դարձնել ՀԿ-ների ներկայացուցիչներին:

Դանիելյանը արձագանքեց՝ ներկայացնելով իր առաջարկները չափորոշիչների մասով: Նրա խոսքով՝  «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» անցած տարի կատարել է կրկնահանցագործության ռիսկի չափորոշիչները որոշելու ուսումնասիրություն:

«Մենք որոշեցինք այն գործոնները, որոնք ազդում են կրկնահանցագործության վրա: Հիմա մենք այդ գործոններից պատրաստում ենք այն գործիքը, որով կարելի է գնահատել դատապարտյալի ռիսկայնությունը, և դրա հիման վրա  որոշել՝  ազատել նրան, թե ոչ»,-նշեց Դանիելյանը:

Նա հավելեց, որ Արդարադատության նախարարությունը արդեն երկար տարիներ չի կարողանում լուծումներ գտնել և բավականին փակ է աշխատում, մինչդեռ  պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի գործելու համար պետք է համախմբվել, քննարկել և լուծումներ տալ:

Հակադարձելով իրավապաշտպաններին՝ Քրեակատարողական վարչության ներկայացուցիչը պատասխանեց, որ նախարարությունը բաց է աշխատում և բարեփոխումների երկարաձգումը պայմանավորված է ընթացիկ աշխատանքների ու արդյունավետ լուծումներ գտնելու, ճիշտ որոշումներ կայացնելու հետ:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ