Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխության ազդեցությունը կրթության ու գիտության վրա
26.11.2014
13:00
Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունը ծավալուն դժգոհությունների ալիք է բարձրացրել երիտասարդ դասախոսների և գիտնականների շրջանում:

Նոյեմբերի 12-ին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրապարակած տվյալների համաձայնˋ Հայաստանում շուրջ 470 երիտասարդ դասախոսներից և գիտնականներից 120-ը արդեն ազատվել են աշխատանքից իրենց դիմումի համաձայն: Մնացած 350-ը սպասում են հարցի լուծմանը:

Խնդիրը  վերաբերում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի անցումային դրույթներին, որի համաձայն, 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիները, ովքեր  աշխատում են պետական սեկտորում, չեն կարող հրաժարվել կուտակային կենսաթոշակային վճար կատարելու պարտականությունից:

Սա նշանակում է, որ այն անձիք, ովքեր պետական կազմակերպությունում աշխատելուց բացի, համատեղության կարգով աշխատում են նաև մասնավոր սեկտորում, ըստ օրենքի պահանջի, պետք է կուտակային վճարում կատարեն նաև մասնավոր կազմակերպությունից իրենց ստացած աշխատավարձից: 

Շատ երիտասարդ դասախոսներ և գիտնականներ, որոնց մեծ մասը համատեղության կարգով աշխատում է նաև մասնավոր սեկտորում, դեմ են այս օրենքին և պահանջում են Կառավարությունից համապատասխան փոփոխություններ կատարել:

«Միայն Ինֆորմատիկայի ինստիտուտից այս տարի դուրս եկավ 10 մասնագետ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկմանը ասաց  Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի նախկին գիտաշխատող Գրիգոր Պետրոսյանը:

Գրիգոր Պետրսյանը հրաժարվել է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի աշխատանքից, որտեղ որպես գիտաշխատող աշխատել է գրեթե 10 տարի: 

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոն նախագծի հետ համատեղ կազմակերպած քննարկմանը մասնակցում էին Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի նախկին գիտաշխատող  Գրիգոր Պետրոսյանը, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս Վահագն Դալլաքյանը  և «Դեմ եմ» քաղաքացիական շարժման անդամ  Արսեն Մանուկյանը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի գնահատմամբ`  այս օրենքը  պարտադրում է երիտասարդներին կատարել մի վճարում, որը հակասահմանադրական է եւ անտրամաբանական:

Քննարկմանը մասնակցողԵրևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս Վահագն Դալլաքյանի կարծիքով, անցումային դրույթների բացասական ազդեցությունն արդեն տեղի է ունեցել։

«Երիտասարդ դասախոսները, մտածելով ուսումնական գործընթացին չխանգարելու մասին, գերադասել են աշխատանքից ազատվել ոչ թե ուսումնական տարվա կեսից, այլ սկզբում, իսկ խնդրի լուծման ձգձգումն ավելի է մեծացնում բացասական ազդեցությունը»,-ասաց Վահագն Դալլաքյանը։

Ըստ օրենքիˋ անձը կարող է հրաժարվել կուտակային վճարում կատարելու պարտականությունից  մինչև այս տարվա դեկտեմբերի 25-ը:

Արծվիկ Մինասյանիկարծիքովˋ Կառավարությունը մինչև տարեվերջ այս հարցի տեխնիկական լուծումը կտա:

«Բայց տեխնիկական լուծումը կարճաժամկետ լուծում է ու նոր խնդիրներ կարող է առաջ քաշել հետագայում, եթե օրենքի փոփոխությանը անդրադարձ չլինի: Անգամ եթե կառավարությունը մինչև դեկտեմբերի 25-ը տեխնիկական փոփոխությունը կատարի՝ հնարավորություն տալով երիտասարդ դասախոսներին և գիտնականներին պետական և մասնավոր սեկտորներում աշխատել առանց կուտակային պահումների, միևնույն է հիմնարար հարցը չի լուծվում»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

«Դեմ եմ» քաղաքացիական շարժման անդամ Արսեն Մանուկյանն էլ նշեց, որ երիտասարդների համար գրավիչ չէ գիտության ոլորտում աշխատելը, քանի որ մասնավոր ընկերությունում ավելի բարձր աշխատավարձ կարող են ստանալ, և դրա հետևանքով դասախոսների միջին տարիքը շատ բարձր է։

 «Ինչո՞ւ էր վարչապետը խոսքեր շռայլում: Փաստորեն իր սեփական անձի PR-ից ելնելով խոստացավ, որ կլուծվեն խնդիրները, հայտարարեց, թե հանձնարարական է տվել, բայց ոչինչ չի փոխվել, արդյունք չկա: Կրթության և գիտության նախարարն էլ հորդորում էˋ դիմումներ չգրել ու սպասել, բայց ինչքա՞ն սպասել: Սպասեն, որ ամսի 25-ից հետո էլ ասեն ներողություն: Այսպիսի պետական մոտեցումը նման խնդիրներին արդեն օրինակ է դարձել»,-ասաց Արսեն Մանուկյանը: 

Հիշեցնենք, որ մի շարք երիտասարդ դասախոսներ դեռ այս տարվա սեպտեմբեր ամսին նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի լուծում տրվի կուտակային վճարների հարցին: Վարչապետը հանձնարարել էր Ֆինանսների նախարարությանը համապատասխան քայլեր ձեռնարկել երիտասարդ դասախոսների խնդրի լուծման համար, սակայն մինչ օրս որևէ  գործնական քայլ չի կատարվել:

Այնուամենայնիվ, քննարկմանը ներկա Վահագն Դալլաքյանը ակնկալիք ունի, որ Կառավարությունը լուծում կտա այս հարցին:

 «Ես լավատես եմ, որ կոնկրետ այս խնդիրը (երիտասարդ դասախոսները և գիտնականները ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորում աշխատեն առանց կուտակային պահումների) պետք է լուծվի. քաղաքական հայատարարություն եղել է վարչապետի կողմից»,-ասաց  Վահագն Դալլաքյանը:

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն կրթությանը և գիտությանը, այլև մյուս ոլորտներին։

«Լավ կենսաթոշակային համակարգ ունենալը բոլորիս խնդիրն է, և պետք է համախմբվել։ Օրենքի դրական փոփոխություն կատարելու պարտավորությունը կառավարությանն է։ Միանշանակ է, որ օրենքի փոփոխություն պետք է լինի։ Իրենք պետք է անեն այդ փոփոխությունը»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ