«Չկա համապատասխան աշխատանք Հայաստանի իշխանությունների կողմից… Մյուս գործոնն այն խնդիրն է, որ Ռուսաստանի պայմաններում այլ քաղաքական համակարգ է, և դժվար է կազմակերպել ֆորմալ կառույց, որը չի ենթարկվի իշխանությունների գծին, բայց ոչ ֆորմալ մեխանիզմները եղել են նույնիսկ խորհրդային տարիներում, իսկ այսօր նման բան գոյություն չունի»,- ասաց Միքայել Զոլյանը:
Վերլուծաբանի կարծիքով` Եվրամիությունն իր այս վերջին դրամաշնորհի հատկացմամբ ու քայլերով մեսիջ է ուղարկում Հայաստանին, որ մեր երկիրը կարող է Ղազախստանի նման վարել անկախ քաղաքականություն ու զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ` Եվրասիական տնտեսական միության անդամ լինելով հանդերձ:
Քննարկման մասնակից «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանի դիտարկմամբ` «Եվրամիությունն աշխատում է չկտրել վերջին թելը Հայաստանի հետ, ու այս վերջին ֆինանսական աջակցությունը հենց այդ թելն է»:
«Այն, ինչ կատարվում է այսօր Ռուսաստանում, այնքան էլ լավ չէ ոչ միայն Ռուսաստանի, այլ ամբողջ աշխարհի համար: Այսօր նավթի գինը 77 դոլար է, այսինքն Ռուսաստանի անկումը բավականին արագ տեմպերով է տեղի ունենում… Այսպիսի Ռուսաստանի հետ Հայաստանը հայտնվելու է քաղաքական վաակումում», - ասաց Աղասի Ենոքյանը:
«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը վստահ է, որ Հայաստանում պետք է լինի ներքին դիմադրություն, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ եվրոպական մոդելին:
Մեհրաբյանի դիտարկմամբ` մինչ այս պահը պարզ չէ, թե ինչպիսին են լինելու Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունները, քանի որ մինչ այս պահը հստակ չէ նաև Հայաստան-ԵՏՄ հարաբերությունների ձևաչափը:
«Մեր մաքսային ռեժիմը ռուսներին հանձնելով` մենք վերածվում ենք նույն պատժամիջոցի տակ գտնվող տարածքի», - հավելեց Մեհրաբյանը:
Անդրադառնալով նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռի միջադեպին` Աղասի Ենոքյանն ասաց, - «Երկկողմանի, բավականին լուրջ, բայց փնթի պատրաստված պրովոկացիա… Ով կազմակերպել է, արել է դա, որ ավելի շատ վերահսկի իրավիճակը, և կտեսնենք, որ ժամանակի ընթացքում Ռուսաստանը կփորձի մեծացնել իր ազդեցությունը այս կոնֆլիկտի կառավարման մեջ»:
Պատասխանելով ուղղաթիռի միջադեպի վերաբերյալ հարցին` Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ «սահմանին մահ է բերում ռուսական զենքը», իսկ Միքայել Զոլյանի կարծիքով` իրավիճակը վերադարձավ այն լարված իրավիճակին, որ կար ամռանը, սակայն Հայաստանի պատասխանը պետք է լինի համաչափ, որը չի հանգեցնի նոր էսկալացիայի: