Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու փորձագետները վիճարկում են Եվրասիական տնտեսական միության ԵՏՄ պայմանագրի սահմանադրականությունը
13.11.2014
11:00
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ եւ փորձագետներ վստահ են, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան դիմել է ՀՀ Սամանադրական դատարան վիճարկելու այն դրույթը, որ նախագահի արտաքին քաղաքական գործունեությունը չի կարող դատական կարգով բողոքարկվել:

«Մեդիա կենտրոնի» նախաձեռնած Եվրասիական տնտեսական միության պայմանագրի սահամանադրականության վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի սահմանադրականության հարցին՝ Սաքունցը կարծիք հայտնեց, - «Վաղն ականատես ենք լինելու հերթական խայտառակությանը: Սահմանադրական դատարանը ճանաչելու է այս փաստաթուղթը (ԵՏՄ-ին Հայաստանի միանալու) և հերթական անգամ Սահմանադրական դատարանը զգայուն և կարևորագույն նշանակություն ունեցող խնդրի, փաստաթղթի վերաբերյալ կայացնելու է հակասահմանադրական որոշում»:

Նրա խոսքով՝ ինքը կողմ է, որ Հայաստանը ժամանակի ընթացքում միանա Եվրոպական միությանը, քանի որ մեր Սահմանադրությունը սահմանում է այն սկզբունքները, որի իրացման լավագույն մոդելը Եվրոպական միությունն է առաջարկում:

«Երբ որ մենք խոսում ենք Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների մասին, մենք պետք է նկատի ունենաք, որ այս պայմանագիրը գործելու է փոխշաղկապված Գազային պայմանագրի հետ, ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական պայմանագրերի հետ, որոնք արդեն իսկ այլ ոլորտներում Հայաստանի ինքնիշխանությունը կիսել են», - քննարկման ժամանակ նշեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Քննարկման մյուս մասնակիցներից Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու Դանիել Իոաննիսյանը նշեց, որ քաղաքացիները բավարար չափով տեղեկացված չեն, թե ի՞նչ է Մաքսային միությունը, ինչ՝ Ասոցացման համաձայնագիրը:

«Մենք գնում ենք դաշինքի երեք երկրների հետ…, որոնցից երեքն էլ պակաս ժողովրդավար են, քան Հայաստանը», - ասաց Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու հետ կապված առնվազն երեք ակնհայտ հակասություններ կան:

Առաջինը Սահմանադրության առաջին հոդվածի և Անկախության հռչակագրի վեցերորդ կետի հետ հակասությունն է, որտեղ հստակ ասվում է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշումներ կայացնում: Իսկ Եվրասիական տնտեսական միության մայր պայմանագրում, որին մենք միանում ենք այլ պայմանագրով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կոլեգիալ մարմին է, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության կամքին դեմ կարող են ընդունվել որոշումներ, որոնք պարտադիր են կատարման Հայաստանի տարածքում:

Երկրորդ՝ Հայաստանի Սահմանադրության մեջ երկու հոդվածներ հստակ ասում են, որ հարկերը, տուրքերի չափը և վճարման կարգը բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքով կարող է սահմանվել, բայց Եվրասիական տնտեսական պայմանագրով այդ լիազորությունը կրկին անցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:

Երրորդ՝ Սահմանադրությունը սահմանում է, որ Կառավարությունն է իրականացնում ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականությունը, որի իրականացումը կրկին անցնելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:

Բանախոսների կարծիքով՝ հասարակական նման հնչեղություն ունեցող իրադարձությունը Սահմանադրական դատարանը պետք է բանավոր ընթացակարգով քննության առներ:

Արթուր Սաքունցի փոխանցմամբ՝ ՍԴ-ի կայացվելիք որոշումը իրենք բողոքարկելու հնարավորություն են ունենալու այն մարմիններում, որին Հայաստանը դեռևս անդամակցում է:

Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը քննարկման ավարտին ասաց, որ վաղը Սահմանադրական դատարանի մոտ տեղի է ունենալու ակցիա, և որ քաղաքացիական ակտիվիստները հաստատակամ են ձախողելու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացումը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության  է առնելու 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին Հայաստանի պայմանագրում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ