Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի մյուս մասնակից` կրթության հարցերով փորձագետ, մանկավարժ Արմինե Դավթյանի փոխանցմամբ` երբ Առաքելական եկեղեցուն Սահմանադրությամբ հնարավորություն տրվեց գործունեություն ծավալել հանրակրթության ոլորտում, կրթության աշխարհիկության սկզբունքը խախտվեց:
Ստեփան Դանիելյանի կարծիքով Հայաստանում կրոնական անհանդուրժողականությունն այնքան էլ սուր չէ. կա քաղաքական շահարկում, և «կրոնական անհանդուրժողականությունն արհեստական է` քաղաքական հայացքներով մոտիվացված»:
Դավթյանը նշեց, որ Հայաստանում տարբեր մարզերում կրոնական անհանդուրժողականությունն ունի տարբեր մակարդակներ` ամենահանդուրժողը Տավուշի մարզն է, իսկ Շիրակի ու Լոռու մարզերն ավելի անհանդուրժող են:
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքին սպասելիս
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ներկայումս գործող օրենքն ընդունել է դեռ ՀՀ Գերագույն խորհուրդը 1991 թվականին, երբ դեռ ընդունված չէր Հայաստանի անկախ հանրապետության առաջին սահմանադրությունը: Օրենքի համար հիմք էր ծառայել Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների ԽՍՀՄ օրենքը, ինչի հետևանքով այն մի շարք թերություններ պարունակելուց զատ նաև չի համապատասխանում ներկա իրավիճակին, երբ Հայաստանը վավերացրել է միջազգային մի շարք համաձայնագրեր, անադամկցել է Եվրախորհրդին, ստանձնել պարտավորություններ: Արդեն մի քանի տարի է ՀՀ կառավարությունը, մասնավորապես արդարադատության նախարարությունը օրենքի նախագծեր է մշակում: Երկու անգամ մշակված օրինագծերին բացասական գնահատական են տվել ԵԱՀԿ-ն և Վենետիկի հանձնաժողովը: Դրանից հետո 2011-ին բոլորովին նոր օրինագիծ է մշակվել, բայց մինչ այսօր օրինագիծը վերջնական տեսքով շրջանառության մեջ չի դրվել: Այս փուլում կարծես որևէ աշխատանք չի տարվում օրինագիծը շահառուների և միջազգային պահանջներին ու չափանիշներին բավարարելու ուղղությամբ:
Ստեփան Դանիելյանի նշեց, որ նոր օրենքն ավելի շատ քաղաքական որոշում է, քանի որ խնդիրը պետական քաղաքականության մեջ է:
«Նոր օրենքը չի ընդունվում Էջմիածնի միաբանների լոբբինգի պատճառով, իսկ մյուս կողմից միջազգային չափանիշներ ու պահանջներ: Այս երկու ճնշումների հետևանքով օրենքը չի փոխվում», - ասաց Դանիելյանը:
Արմինե Դավթյանի խոսքով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի դեպքում կրոնական բոլոր կազմակերպությունները պետք է ենթարկվեն դրան, այդ թվում նաև Հայ առաքելական եկեղեցին, ինչն ամենայն հավանականությամբ այնքան էլ ձեռնտու չէ նրանց համար, ավելի լավ է ունենալ լղոզված օրենսդրություն:
Որպես կրոնական անհանդուրժողականությունից խուսափելու հնարավոր միջոց` Դավթյանը նշեց կրոնական հարցերը գիտական մակարդակում լուծելը, իսկ ըստ Դանիելյանի` «մեր պետությունը պետք է ունենա հստակ պատկերացումներ, թե ինչ երկիր է ուզում կառուցել ու դրանից ելնելով որոշի, թե տարբեր ոլորտներում, նաև այս ոլորտում ինչ հստակ քաղաքականություն պետք է վարի»: