Այսօրվա սերնդի համար Շոտլանդիայի անկախության խնդրին վերջակետ է դրվելու: Հանրաքվեի արդյունքում, սակայն, «Շոտլանդիան քվեարկեց ավելի հզոր խորհրդարան ունենալու համար, որին պիտի աջակցի ավելի հզոր և անվտանգ Միացյալ Թագավորությունը»: Շոտլանդիայի հանրաքվեն պատմական նշանակություն ուներ նաև այն առումով, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պարտավորություն ստանձնեց վերանայել ոչ միայն Շոտլանդիայի, այլ նաև թագավորության կազմում ընդգրկված՝ Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի և Անգլիայի ժողովուրդների մի շարք իրավունքներ:
Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչն, անդրադառնալով սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներին և նշանակությանը, լրագրողներին փոխանցեց ՄԹ վարչապետ Դեյվիդ Քեմերոնի գնահատականները: