Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ ԲՍՓ մարզային հանձնաժողովներում կատարված մշտադիտարկման արդյունքում «Լիարժեք կյանք» ՀԿ-ն առանձնացրել է առաջարկությունների փաթեթ, որոնք ներկայացրել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն:
Այսօր «Մեդիա կենտրոնի» հետ համատեղ նախաձեռնած մամլո ասուլիսին «Լիարժեք կյանք» ՀԿ- ի նախագահ Սուրեն Մաղաքյանը, նույն ՀԿ-ի հանրային հարաբերությունների պատասխանատու Լուսինե Սարգսյանն ու ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության պետի տեղակալ Անուշ Սիմոնյանը անդրադարձան ոլորտի խնդիրներին:
«Առաջարկում ենք ստեղծել բողոքարկման հնարավորություն և ավելի գործուն մեխանիզմներ, որոնց միջոցով գործընթացը կդառնա ավելի դյուրին, և կնվազեն կոռուպցիոն ռիսկերն, ինչպես նաև ավելի հարգալից ու բարեկիրթ վերաբերմունք, տեղեկատվական հոսքերի կանոնակարգում, որոնց միջոցով հետադարձ կապն ավելի կլավանա», - հայտարարեց Լուսինե Սարգսյանը:
Իր խոսքում «Լիարժեք կյանք» ՀԿ- ի ներկայացուցիչը շեշտեց, որ ԲՍՓ հանձնաժողովների փորձաքննասենյակներից մի քանիսը մատչելի չեն սակավաշարժ քաղաքացիների համար, ինչպես նաև գտնվում են վատ սանիտարահիգիենիկ վիճակում:
«Սպիտակում ԲՍՓ հանձնաժողովի փորձաքննասենյակը գտնվել է նկուղային հարկում և մատչելի չի եղել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, իսկ Թալինում` քաքապետարանի 2-րդ հարկում, ինչը դարձյալ դժվարամատչելի է սակավաշարժ մարդկանց համար, և նույն իրավիճակն է Մարտունիում, որտեղ սենյակը 3-րդ հարկում է», - նշեց Լուսինե Սարգսյանը:
Ըստ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության պետի տեղակալ Անուշ Սիմոնյանի`դիտորդկան խմբի ներկայացրած խնդիրներից մի քանիսն, օրինակ` բողոքարկման գործընթացին վերաբերող խնդիրը, լուծվել են օրենսդրական ակտերի միջոցով: Այսպես, սահմանվել է բողոքարկման բազմաստիճան համակարգ, որի համաձայն` 2 ամսվա ընթացքում քաղաքացին կարող է դիմում ներկայացնել գործակալության պետի անունով ու վերափորձաքննվել: Եթե ԲՍՓ բաժնի որոշումն իրեն չի բավարարում, նա կարող է դիմել ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն նախարարություն, որտեղ 3 բժիշկ-փորձագետներից կազմված խումբը կուսումնասիրի բողոքը և որոշում կկայացնի: Եթե պատասխանը չի բավարարում, քաղաքացին կարող է մասնավոր դիմում ներկայացնել ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին, ում` ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ հրամանով կազմավորվում է փորձագետների խումբ ու ուսումնասիրվում է գործը: Պատասխանի հետ չհամաձայնելու դեպքում քաղաքացին կարող է դիմել դատարան:
«Անձը հաշմանդամ է ճանաչվում, եթե նա ունի հիվանդություն, վնասվածք, խեղում, որը համապատասխան բուժումներից հետո մնացել է օրգանիզմի ֆունկցիայի կայուն խանգարում, որն էլ հանգեցրել է կենսագործունեության որևէ աստիճանի սահմանափակման: Այս 3 բաղադրիչները պարտադիր պետք է միասին լինեն, որ անձը ճանաչվի հաշմանդամ», - նշեց Անուշ Սիմոնյանն` անդրադառնալով այն պնդմանը, որ չկան հաշմանդամության ճանաչման հստակ չափորոշիչներ:
«Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանն էլ վստահ է, որ հաշմանդամության ճանաչման ընթացքում մարդկային գործոնի ավելի պակաս դերը կօգնի արդար որոշումներ կայացնել` հավելելով` որ հաշմանդամության ճանաչման գործընթացում կա 20% կոռուպցիոն ռիսկ նախկին 47-50%-ի փոխարեն: «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահի դիտարկամամբ` համատեղ աշխատանքի արդյունքում կարելի է արձանագրել առաջընթաց, որն ավելի կբարելավվի ոլորտի բարեփոխմանն ուղղված առաջարկներն ընդունելուց հետո: