«Դ!եմ եմ»-ը կուտակային կենսաթոշակայինի վերաբերյալ նոր օրինագիծ է մշակում
06.06.2014
13:00
«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ է մշակում և շարունակում պայքարը «պարտադիր» բաղադրիչի դեմ:

«Մենք դիմելու ենք ԱԺ ոչ իշխանական 4 քաղաքական ուժերին, որպեսզի օրակարգ մտցվի կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նոր օրինագիծ, որը 180 աստիճանով տարբերվելու է այս պահին առկա օրենքից: Կուտակային համակարգը պե՛տք է լինի կամավոր սկզբունքի հիման վրա», - հայտարարեց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

Վերջինս և «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության այլ անդամներ Սրբուհի Ղազարյանը և Արմեն Աբրոյանն այսօր «Մեդիա կենտրոնում» անդրադարձան «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի շուրջ ծավալվող իրադարձություններին, աշխատակիցների դիմում ներկայացնելու գործընթացին, ճնշումներին ու նախաձեռնության հետագա քայլերին:

«Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից նամակներ են գրում, որ կենսաթոշակային համակարգին չմասնակցելու մասին դիմումներ գրողներին համալսարանի հաշվապահությունում ասում են, որ ռեկտորը հորդորել է միանգամից նաև ազատման դիմում գրել: Նույն պատկերն է նաև Հերացու անվան բժշկական համալսարանում, Գրանդ Տոբակոյում, Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում», - նշեց Սրբուհի Ղազարյանը` ողջունելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ղեկավարության վարքագիծը, ուր  աշխատակիցներին ներկայացրել են դիմում տալու ընթացակարգը:

Բանախոսն առանձնացրեց մի շարք դպրոցներ, մասնավորապես Երևանի համար 65, 97, 69, 66, 38, 172, 173, 31, 114 դպրոցները, որոնց աշխատակիցների հանդեպ կիրառվել են ճնշումներ:

«Բացի կոպիտ ճնշումներից կան նաև դեպքեր, երբ մարդկանց փորձում են մոլորեցնել՝ ասելով, թե մեկ է պարտադիր կուտակայինից ազատվելու են միայն երկու ամսով և հետո ստիպված են լինելու նորից վճարել», - ընդգծեց Արմեն Աբրոյան:

Նախաձեռնության անդամների կարծիքով՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին միջանկյալ օրենքը հնարավորություն է տալիս շարունակել ճնշումներն ամենաբարձր մակարդակով:

Սրբուհի Ղազարյանըհայտարարեց, որ չմասնակցելու համար դիմումների ներկայացման դրույթը հակասում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածին, որտեղ ամրագրված են քաղաքացիաիրավական հարաբերությունների սկզբունքներն, ըստ որոնց` քաղաքացին պետք է ներգրավվի գործողությունների մեջ իր կամքի արտահայտմամբ, այլ ոչ թե հրաժարվելով:

Բանախոսը հորդորեց դիմել դատարաններ նախկինում գանձված կուտակային կենսաթոշակային պահումը հետ ստանալու համար՝ հետևելով իր օրինակին. նրա հայցն արդեն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում է:

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը գործատուների կողմից ճնշումների ենթարկվող աշխատակիցներին սատարելու համար կոչ է անում մասնակցել հերթական բողոքի ակցիային, որը տեղի կունենա հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Մատենադարանի մոտ «Դ!եմ եմ» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիային: 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար: