Հայաստանում տարեկան 1500 երեխա չի ծնվում՝ աղջիկ լինելու պատճառով
06.06.2014
12:00
Սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հետևանքով Հայաստանում տարեկան 1500 աղջիկ չի ծնվում: ՀՀ առողջապահության նախարարության հեղինակած օրինագիծը, որով մինչև 30 շաբաթական դառնալն արգելվելու է ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը, անկախ հնարավոր կոռուպցիոն ռիսկերից, խնդիր ունի հասարակության միջից հանել «տղայակենտրոն» մոտեցումը:

«Հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումն ավելի շատ սոցիալական խնդիր է, քան առողջապահական, պտղի սեռը չհայտնելու մասին օրենքի նախագիծը նախևառաջ ուղերձ է հասարակությանը և գալու է սատար կանգնելու այն կանանց, ովքեր ստիպված են լինում արհեստական ընդհատման դիմել՝ ընտանիքի անդամների ճնշմամբ»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնած օրենքի նախագծի վերաբերյալ քննարկմանը: Օրինագիծն առաջարկում է պտղի՝ մինչև 30 շաբաթական դառնալն արգելել բժիշկներին հայտնել ծնողներին ապագա երեխայի սեռը:

Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության վարչության պետԿարինե Սարիբեկյաննու Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Անուշ Սուքիասյանը:

«Երրորդ երեխայի դեպքում՝ 100 աղջկա համեմատությամբ ծնվում է 160 տղա, ինչը կատաստրոֆիկ թիվ է», - նշեց Կարինե Սարիբեկյանն` ավելացնելով, որ հայերը դեռ առաջնորդվում են «տան ծուխը չմարելու հոգեբանությամբ», երբ տղա երեխա ունենալը համարում են պարտադիր պայման: Ըստ բանախոսի` այս միտումներով մինչև 2060թ. Հայաստանը կկորցնի 100 հազար աղջիկ:

Անդրադառնալով միջազգային փորձին՝տիկին Սարիբեկյանը նշեց. «Հարավային Կորեայում արգելքը ենթադրում է քրեական պատասխանատվություն ինչպես բժշկի, այնպես էլ արհեստական ընդհատման դիմող կնոջ նկատմամբ, սակայն մեզ մոտ լինելու է միայն վարչական պատիժ՝ տուգանքի տեսքով»:

Բանախոսը համեմատեց նախկինում տղա երեխա չունեցող զույգերի հոգեբանությունը ժամանակակից զույգերի հոգեբանության հետ` նշելով, որ նախկինում «կինը ծննդաբերում էր մինչև հաղթական ավարտն, այսինքն մինչև որդի ունենալն, ինչը բարձրացնում էր երկրի ծնելիության ցուցանիշը»:

«Ապագա մայրերի ու հայրերի շրջանում պետք է արմատավորենք անհանդուրժողականություն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման նկատմամբ», - ասում է Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Անուշ Սուքիասյանը:

Բանախոսն ընդգծեց, որ նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում, և իրենց առաջարկներից մեկն է շեշտը դնել Հայաստանի հասարակությունում առկա կարծրատիպերի վերացման վրա:

ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության վարչության պետը չի բացառում, որ ծնողները կդիմեն տարատեսակ միջոցների ապագա երեխայի սեռն իմանալու համար, սակայն ըստ բանախոսի` դա կանի տասը զույգից մեկը:

«Ամենահիմնարարը պտղի կյանքի իրավունքն է: 30 շաբաթականից հետո ծնողները կարող են իմանալ երեխայի սեռը և մինչև ծնունդը կունենան 10 շաբաթ երեխայի ծնունդին նախապատրաստվելու համար», - հայտարարեց Կարինե Սարիբեկյանն` ի պատասխան մարդու տեղեկություն ստանալու իրավունքի մասին հնչած հարցին:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշեց, որ, միայն այս օրենքով հնարավոր չի լինի պայքարել սեռով պայմանավորված ընհատումների դեմ, և պետք է մշակել գործողությունների երկարաժամկետ փաթեթ:

Նշենք, որ նախագծի համար հիմք է ծառայել «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» հետազոտությունը, որը կատարվել է 2012-2013 թթ.՝ ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ:

Քննարկումը նախաձեռնել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը՝ «Մեդիա կենտրոնի» հետ համագործակցությամբ:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ