Ի՞նչ փոխվեց Երևանում ավագանու ընտրություններից մեկ տարի անց
06.05.2014
17:00
Երևանի ավագանու ընտրություններից 1 տարի անց ավագանու մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունը համարում է, որ քաղաքապետի հետ բավականին հաջող կատարել է տրված խոստումները, մինչդեռ քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչները կարծում են բացասական երևույթները գերակշռում են՝ որպես օրինակ նշելով «Ծածկած շուկայի», Կոմիտաս 5-ի, կարմիր գծերի, Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման և այլ խնդիրներ:

«Որքանո՞վ է Երևանի ավագանին իրականացնում նախընտրական ծրագրերը. ավագանու ընտրություններից մեկ տարի անց»թեմայով բանավեճը «Մեդիա կենտրոնը» նախաձեռնել էր մայիսի 6-ին «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ: 

«Հանրապետական կուսակցությունն այս մեկ տարվա ընթացքում քաղաքապետի հետ բավականին հաջող կատարել է տրված խոստումները: Մեկ տարվա ընթացքում մենք կատարել ենք երեք տարվան համարժեք աշխատանք»,- ասաց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը:

ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը, զարմանում է, որ մարդիկ՝ ապրելով այս քաղաքում, այս մեկ տարվա ընթացքում կատարված փոփոխությունները չեն տեսնում. «Օրինակ՝ մեր բոլորի պահանջով Երևանում վերջապես ստեղծվեց Գեղխորհուրդ, որի շնորհիվ վատ որակի և պատահական արձաններ չեն տեղադրվի: Շատ արձանների առաջարկություններ ուղղակի մերժվել են»:

Հանրապետական խմբակցության անդամների այս պնդումներին հակադարձում  են ընդդիմադիրները:

Ըստ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի՝ «Երևանը զարգանում է քաոսայնորեն, և Երևանի վերաբերյալ ընդունված որոշումները միշտ չէ, որ երևանցու բարօրության համար են ընդունվում»:

ՀՅԴ Երևանի մարզային կոմիտեի անդամ Բագրատ Եսայանը կարծում է, որ Երևանում առկա են կոսմետիկ, աննշան փոփոխություններ, սակայն կատարված բացասական երևույթների կողքին սրանք չնչին են ու չեն երևում: Նա հատկապես առանձնացրեց կարմիր գծերի խնդիրը. «Կարմիր գծերի վերաբերյալ մրցույթը և ընտրությունը կատարվել էր փակ կերպով, և հիմա դրանց ամբողջ հասույթի 70 %-ը լցվում է մասնավոր օպերատորի գրպանը»:

«Նախախորհրդարանի» անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը ընդգծեց, որ առ այսօր լուծում չի տրվել «Ծածկած Շուկայի», «Կոմիտաս 5»-ի և այլ կարևորագույն խնդիրների. «Երևանցիները մնացել են մենակ իրենց խնդիրների հետ, իսկ կառուցապատումները շարունակվում են: Քաղաքացիները պաշտպանում են բակային տարածքները քաղաքապետարանից, որը ոստիկանների հսկողությամբ գրավում է խաղահրապարակները և այլ տարածքներ»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը կարևորում է Երևանի համաչափ զարգացման ծրագիրը. ««Բարգավաճ Հայաստանի» առաջարկով մշակվել է այդ հայեցակարգը և ներառվել 2014թ. ծրագրի մեջ»:

Անդրադառնալով Երևանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցին՝ Թամար Պողոսյանը, ով ղեկավարում է Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, հայտարարեց, որ իր նախաձեռնությամբ իրենց հանձնաժողովը մայիսի 8-ին արտահերթ նիստ է հրավիրել. «Նիստի ժամանակ քննարկվելու է Երևանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին ավագանու՝ օրեր առաջ կայացրած որոշումը: Կլինի նոր քննարկում և ավագանու որոշման վերաբերյալ մեր հանձնաժողովը կարտահայտի իր դիրքորոշումը»:

Բագրատ Եսայանն առաջարկեց այդ քննարկմանը հրավիրել նաև «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցչի, ով կարող է իրազեկել, թե որքան դաշնակցականներ են ռեպրեսիաների ենթարկվել Միկոյանի թեթև ձեռքով. «Մարդ, ով ստալինյան մարդակեր վարչակազմի օրոք եղել է առանցքային դեմքերից մեկը, մարդ, ով հատուկ նամակով դիմել է Կենտկոմ և Հայաստանում իրականացրել է ռեպրեսիաներ, քաղաքական, պետական, կուսակցական գործիչ չպետք է համարվի: Պետք է դատապարտվի նրա արարքը»:

Իսկ Նաիրա Նահապետյանը հպարտացավ Միկոյանի գործունեությամբ և ասաց, որ Հայաստանի տնտեսությունն այդ տարիներին զգալի վերելք է ապրել:  Նա նշեց, որ գնահատում է Անաստաս Միկոյանի ջանքերը Հայաստանի տնտեսական զարգացման գործում. «Ես գիտեմ, թե ինչ ներդրումներ է արել Միկոյանը Հայաստանի տնտեսությունը, էներգետիկան զարգացնելու, Քաջարանի մոլիբդենային գործարանը զարգացնելու գործում և դրա համար կողմ եմ Միկոյանի արձանի տեղադրմանը»:

Մայիսի 6-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբանցկացվեց բանավեճ` «Որքանո՞վ է Երևանի ավագանին իրականացնում նախընտրական ծրագրերը. ավագանու ընտրություններից մեկ տարի անց» թեմայով: Բանավեճի բանախոսներն էին. Նաիրա Նահապետյանը` Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Ստյոպա Սաֆարյանը` Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ, Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Թամար Պողոսյանը՝ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար, Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Լեւոն Իգիթյանը՝ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Բագրատ Եսայանը՝ ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի  անդամ, Վարդան Հակոբյանը՝ «Նախախորհրդարանի» անդամ, դիրիժոր:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ