Ինքնակարգավորումը մեդիայի համար անխուսափելի անհրաժեշտություն է
02.05.2014
13:00
Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը աշխարհի 197 պետությունների շարքում 134-րդն է. այս մասին է վկայում Freedom House իրավապաշտպան կազմակերպության մայիսի 1-ին հրապարակած տարեկան զեկույցը:

«Նախորդ տարի մենք մոտեցել էինք անազատից՝ կիսաազատ մամուլ ունեցող երկրների շարքին, սակայն կրկին հետընթաց գրանցվեց»,- «Մեդիա կենտրոնում» մամուլի ազատության օրվան ընդառաջ կազմակերպված քննարկմանն ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:

Միջազգային ու տեղական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանում օտարերկրյա ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումը խնդիր ուներ ամփոփելու  մեկ տարում մեդիա ոլորտի խնդիրները, առաջընթացն ու տեխնոլոգիական զարգացումներին հաջորդած փոփոխությունները:

Քննարկման բանախոսներից իրավաբան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր Արա Ղազարյանը Freedom House-ի զեկույցը գնահատեց որպես չափազանցված:

«Freedom House-ը ոչ թե հետընթաց է գրանցել, այլ՝ առաջընթաց չի գրանցել նախորդ տարիների համեմատությամբ»,- ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը՝ նշելով, որ նախորդ տարիների վերաբերյալ գնահատականներն, ըստ էության, էականորեն չեն փոխվել:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ կարևոր է մամուլի ազատության վերաբերյալ ներքին գնահատականը, այլ ոչ թե այն, ինչ կասեն արտասահմանյան որոշ փորձագետներ: Ըստ Մարտիրոսյանի՝ 2013 թ.-ին առաջընթացի բացակայությունն սպասելի էր, տեղի ունեցած նախագահական ընտրությունների համատեքստում:

Media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը մտահոգություն հայտնեց, որ մեդիայի հանդեպ վերաբերմունքը մարդկանց մեջ հոգեբանորեն կարող է փոխվել դեպի բացասականը՝ Հայաստանի՝  Մաքսային միություն ինտեգրման հետևանքով:

Վարդանյանը նաև նկատեց, որ հիմա առավել լայն թափով զարգանում են առցանց լրատվականները, այդ թվում և առցանց հեռուստատեսությունները, իսկ արտակարգ իրադրությունների ժամանակ խմբագրությունները սկսել են առավել արդյունավետ աշխատել, դրա ապացույցն էին նախորդ նախագահական ընտրությունները:

Բանախոսները, սակայն, ընդհանուր առմամբ մատնանշեցին, որ առցանց մեդիայի պարագայում դեռ շատ անելիքներ կան:

«Հեղինակային իրավունքի մասին օրենքի փոփոխության ընդունումը նախականխող բնույթ չունեցավ, խախտումները ավելի ծավալուն բնույթ են կրում»,- նկատեց իրավաբան Արա Ղազարյանը, հավելելով, որ օրենքը չի կարող կարգավորել ամեն ինչ, և ինքնակարգավորումը մեդիայի համար անխուսափելի անհրաժեշտություն է:

Բանախոսները նշեցին նաև մեդիայի վրա արտաքին բացասական ազդեցությունների մասին: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ քանի դեռ դատական համակարգն ազատ չէ, լրագրողները կարող են ասել ու գրել ինչ ցանկանան: Իսկ Շուշան Դոյդոյանն անդրադարձավ մեդիայում գովազդի խնդրին. «Քաղաքական պատվեր տվողն ու գովազդատուն հաճախ նույն մարդն են, դրա համար էլ նրանց ներխուժումը մեդիա դաշտ անխուսափելի է»:

Պաշտոնյաները հիմա առավել փորձված են և ոչ թե հրաժարվում են լրագրողների հարցերից, այլ՝ լղոզված պատասխաններ են տալիս: Ըստ Դոյդոյանի՝  սա առավել դժվար վիճարկելի է օրենքի տեսանկյունից, քանի որ պաշտոնյաները օրենքով պարտավորված են ապահովել հրապարակայնություն, սակայն դա սահմանելն առավել բարդ է, և անհրաժեշտություն է առաջանում, որ լրագրողներն առավել հետևողական լինեն:

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև վարկանիշ ձևավորող կայքերի գործունեությանը. Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ այս պահին գործում են նմանատիպ երկու կայքեր, սակայն դրանք ամբողջ մեդիա դաշտի պատկերը չեն արտացոլում:

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանն իր խոսքը եզրափակեց, փաստելով՝ անկախ լրատվամիջոցներ մեզանում գրեթե չկան, իսկ ընդհանրապես մենք հիմա ունենք ավելի շատ լրատվամիջոցներ, քան պրոֆեսիոնալ լրագրողներ:

Ապրիլի 2-ին՝ մամուլի ազատության օրվան ընդառաջ, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մեդիա ոլորտի խնդիրները, առաջընթացն ու տեխնոլոգիական զարգացումներին հաջորդած փոփոխությունները ամփոփող քննարկում: Բանախոսներն էին. ԱրաՂազարյանը` իրավաբան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր, ԱշոտՄելիքյանը՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ,ՍամվելՄարտիրոսյանը՝ մեդիա փորձագետ,ՇուշանԴոյդոյանը՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ, ԳեղամՎարդանյանը՝ Media.am կայքի պրոդյուսեր: 

Արդեն 20 տարի է մայիսի 3-ը նշվում է որպես  Մամուլի ազատության միջազգային օր, այն հռչակել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ կարևորելով ազատ և անկախ մամուլի դերը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակությունում:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար: