Հայաստանը կարեւոր է՝ որպես Իրանից Եվրոպա գազի եւ նավթի փոխադրման տարանցիկ ճանապարհ
11.03.2014
12:00
Ուկրաինայի հարցում Հայաստանին կհաջողվի պահպանել իր չեզոք դիրքն աշխարհաքաղաքական երկու ուժերի՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ.այս կարծիքի են «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը եւ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը:

Արա Պապյանի կարծիքով, սակայն, Հայաստանի վրա Ռուսաստանի կողմից, այնուամենայնիվ, ճնշում կգործադրվի՝ Ղրիմի ինքնավարությունը ճանաչելու համար:

Գագիկ Հարությունյանը համամիտ չէ. «Հարավային Օսիան, Աբխազիան ճանաչվել են Ռուսաստանի կողմից, բայց չեն ճանաչվել Հայաստանի կողմից, այսինքն՝ դրա նախադեպը չկա, երբ Հայաստանն ընդունում է որոշումներ ճնշումների տակ»:

Անդրադառնալով  ուկրաինական դիմակայության հետեւանքով Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական մեկուսացման   հեռանկարին` Արա Պապյանը նշեց, որ  դրա արդյունքում Հայաստանը, որպես Ռուսաստանի դաշնակից, նույնպես կհայտնվի խորը մեկուսացման մեջ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահն այս իրավիճակում Ռուսաստանի համար լուսավոր ապագա չի կանխատեսում. «Ռուսաստանը ստրատեգիական սխալ արեց. նա արեց այն սխալը, որը ժամանակին արեց ԽՍՀՄ-ը՝ փորձեց հակադրվել Արեւմուտքին: Ակնհայտորեն ուժերն անհավասար են: Եվ այդ պայքարի վերջնարդյունքը հայտնի է բոլորին»:

Գագիկ Հարությունյանի խոսքով՝ գլոբալացված տնտեսության պարագայում դժվար է մեկուսացման հասցնել այնպիսի հսկայի, ինչպիսին Ռուսաստանն է.«Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները վնաս կհասցնեն նաեւ պատժամիջոցներ կիրառողներին,-ասում է նա՝ ավելացնելով, որ այս առումով լուրջ վտանգներ չկան Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մեջ,- Մաքսային միությունը մեզ շատ ձեռնտու միություն է, որովհետեւ դժվար է տնտեսականը տարանջատել ռազմականից եւ քաղաքականից: Դա առաջին հերթին ուղղված է մեր անվտանգությանը, եւ այդ անվտանգությունն այլ երկրներ դեռեւս չեն երաշխավորում, ինչպես եւ առանձին չի երաշխավորում Ռուսաստանը, բայց նա մեր տրադիցիոն դաշնակիցն է: Մաքսայինին միանալով՝  Հայաստանը գրեթե անհնարին դարձրեց ռազմական ուժով Ղարաբաղի գրավումը թուրք-ադրբեջանական կողմից »:

Այս փաստարկին հակադարձեց Արա Պապյանը՝ նշելով, որ Ադրբեջանը վաղուց արդեն հրաժարվել է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտքից եւ որդեգրել է Հայաստանին տնտեսապես ճնշելու ու մարդաթափելու քաղաքականությունը. «Մաքսային միությունը բերելու է մի շարք ապրանքների գների աճի, նշանակում է, որ դա կնպաստի արտագաղթին: Մենք կարող է պարզապես մի վիճակ ունենանք, երբ, պահելով որոշակի տարածքներ, 20 տարի հետո երկրում մարդ չունենանք»:

Արա Պապյանի կարծիքով՝ մեր երկրի  համար վճռորոշ կլինեն Իրանի նախագահ Հասան Ռուհանիի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի առաջիկա այցերը Հայաստան: Ըստ նրա՝ այդ այցերի արդյունքում Իրանի եւ Արեւմուտքի համար պարզ կդառնա` արդյոք Հայաստանի հետ կարելի է համագործացկել, թե ոչ:

«Այսօր Հայաստանի կարեւորությունը Իրանից Եվրոպա գազի եւ նավթի փոխադրման տարանցիկ ճանապարհ լինելու մեջ է: Եթե վերջնականապես պարզվեց, որ դա անհնար է իրականացնել Հայաստանի տարածքով, մեր երկիրը կդադարի որեւէ կարեւորություն ունենալ թե՛ Արեւմուտքի, թե՛ Իրանի համար»,- ընդգծեց Պապյանը:

Վերադառնալով Ղրիմի հարցով մարտի 16-ին կայանալիք  հանրաքվեին` բանախոսները  համոզմունք հայտնեցին, որ այդ հանրաքվեն կկայանա եւ ռուս-ուկրաինական  հակամարտությունը կթեւակոխի ավելի երկարատեւ փուլ, որտեղ ռազմական  սպառնալիքներին փոխարինելու կգան տնտեսական  ճնշումները:

Մարտի 11-ին «Մեդիակենտրոնում» տեղի ունեցավ «Զարգացումները Ուկրաինայում.հետևանքներ և ազդեցություն» թեմայով քննարկում: Բանախոսներն էին Գագիկ Հարությունյանը՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, Արա Պապյանը՝ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
18.05.2018
11:00
Մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից: Ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր. ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
17.05.2018
12:00
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
«Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ»
17.05.2018
11:00
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ» թեմայով: Քննարկման բանախոս տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ գրանցել։
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
16.05.2018
16:00
Մայիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, «Մերժիր Սերժին» նախաձեռնությանանդամ, ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյանի հետ:
«Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները»
15.05.2018
13:00
Դատաիրավական համակարգի առողջացման համար անձերի փոփոխություն է պետք. շատ դատավորներ կան, որոնք այս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ լուրջ անվստահություն են ձևավորել:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ