«Այն իշխանությունը, որ կրակ է բացում իր ժողովրդի դեմ, լեգիտիմ լինել չի կարող»
20.02.2014
15:00
«Մենք հրավիրում ենք Ուկրաինա՝ Կիև և շրջաններ, բոլոր միջազգային կազմակերպություններին, բոլոր երկրների Ազգային ժողովի ներկայացուցչիներին և խնդրում ենք Եվրոպային քայլեր ձեռնարկել ուկրաինական օլիգարխների՝ եվրոպական բանկերում ունեցած բանկային հաշիվներն արգելափակելու ուղղությամբ»,- այսպիսի կոչ արեց Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնության համակարգող Օլեքսանդրա Մատվիյչուկն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկմանը:

Մատվիյչուկի խոսքով՝ Ուկրաինայի ընդդիմությունը երբեք չի ղեկավարել մայդանը: Այն տարբեր գաղափարական խմբերի ապակենտրոնացված հավաք է:

«Ուկրաինայում իշխանությունը պատերազմ է վարում սեփական ժողովրդի դեմ, այլ կերպ այս իրավիճակը չէի անվանի»,- ասաց լրագրող, մեդիա փորձագետ Դմիտրո Կրիկունը: Նա փաստեց, որ ըստ Ուկրաինայում անցկացված սոցիոլոգիական հարցումներից մեկի՝ Մայդանում հավաքվածների ընդամենը 10 տոկոսն է եկել՝ ընդդիմության կոչերից ելնելով:

«Այն իշխանությունը, որ կրակ է բացում իր ժողովրդի դեմ, լեգիտիմ լինել չի կարող»,- նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Ցավակցելով զոհերի հարազատներին և իր սոլիդարությունը հայտնելով մայդանում պայքարող քաղաքացիներին՝ նա կարծիք հայտնեց, որ Ուկրաինան որակապես տարբերվում է հետսովետական բոլոր երկրներից, նույնիսկ Վրաստանից. «Ուկրաինայում, որ սովոր է տարբեր ազատությունների, հնարավոր չէ մտցնել բելառուսական ավտորիտար համակարգ»:

«Մայդանում հավաքվածների առաջին պահանջը Յանուկովիչի հրաժարականն է»,- կարծում է Ինտերնյուս-Ուկրաինայի ներկայացուցիչ Անատոլի Մարցինովսկին: Անդրադառնալով արտաքին ուժերի դիրքորոշմանը՝ Անատոլի Մարցինովսկին նշեց, որ մայդանում հավաքվածների տեսանկյունից ԱՄՆ-ի դիրքորոշումն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ավելի ընդունելի է, քան Եվրամիության դիրքորոշումը»:

Մեկնաբանելով իրավիճակը՝ Օլեքսանդրա Մատվիյչուկը հայտնեց. «Եթե նախկինում Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնությանը զանգում էին մայդանի զոհերի և վիրավորների հարազատները՝ օգնության համար, ապա երեկվանից մենք ենք զանգում և հայտնում մարդկանց, որ իրենց հարազատները զոհվել են»:

Դմիտրո Կրիկունի կարծիքով՝ Ուկրաինայում ազդեցիկ լրատվամիջոցները հիմնականում իշխանության ձեռքում չեն գտնվում և այդ առումով իրավիճակն Ուկրաինայում բարվոք է: Նա կոչ արեց իր բոլոր գործընկերներին՝ լրագրողներին, չբնորոշել իրադրությունը սուր արտահայտություններով, ինչպիսին է «քաղաքացիական պատերազմը». «Կիևում և այլ քաղաքներում հիմա ժողովուրդն ընդդիմանում է կառավարությանը, իշխանությունն էլ դիմում է ուժային գործողությունների և հանցավոր խմբերի, որոնք պաշտպանում են իշխանությանը, այսպիսին է իրադրությունը»:

Եզրափակելով քննարկումը՝ Ստեփան Գրիգորյանն ասաց. «Ուկրաինայի եվրոպական ապագան շատ շոշափելի է: Այդ առումով Հայաստանի իրավիճակի հետ ընդհանուր բան չկա: Մեր ընդդիմության օրակարգն այլ է»:

Փետրվարի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկում: Քննարկման բանախոսներն էին` Դմիտրո Կրիկուն՝ լրագրող, մեդիա փորձագետ, Անատոլի Մարցինովսկի՝ Ինտերնյուս-Ուկրաինայի ներկայացուցիչ, Օլեքսանդրա Մատվիյչուկ՝ Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնության համակարգող, Քաղաքացիական ազատությունների կենտրոնի ղեկավար, Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ