Նոր կառուցվող Պառավաքար-Վազաշեն ճանապարհը` առավել անվտանգ
22.01.2014
12:00
Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ճանապարհին որպես այլընտրանք կառուցվող 3,2կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհը շահագործման կհանձնվի հունիսին: Այն կրճատելու է երթևեկությունը 1,8 կմ-ով և լինելու է առավել անվտանգ:

«Եղած նախագծերից ընտրվել է ամենաօպտիմալ տարբերակը` անվտանգության, ժամանակի, ճանապարհի երկարության առումներով, դա լինելու է լիովին անվտանգ ճանապարհ»,-ասաց Ալեքսանդր Բախտամյանը ՝Տրանսպորտի և կապի նախարարության Տրանսպորտի ԾԻԳ պետական հիմնարկի տնօրենը:

Արդեն 3 ամիս է Պառավաքար-Վազաշեն ճանապարհը պաշտոնապես հայտարարված է փակ: 2013թ. հոկտեմբերի 22-ին ադրբեջանական կրակոցներից այնտեղ մահացավ 1 և վիրավորվեց 3 զինվոր:

«Այդ հատվածում անցյալ տարի 3 զինվորական է զոհվել, եղել է 11 վիրավոր, որից երկուսը՝ քաղաքացիական անձինք: Ճանապարհը հեշտ հասանելի է հակառակորդի դիտակետերին, հետևաբար որոշում կայացվեց նոր առավել անվտանգ ճանապարհ կառուցելու», – նշեց ՊՆ Զինված ուժերի օպերատիվ վարչության ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը:

Կառուցվող ճանապարհն ավելի հեռու է հակառակորդի դիտակետերից և 2մ բարձրությամբ պաշտպանիչ պատնեշ է ունենալու: Իսկ մինչ կառուցումը շրջակա համայնքների բնակիչները պետք է օգտվեն երկու այլընտրանքային ճանապարհներից՝ Բերդ-Ճամբարակ և Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջևան. դրանք բարվոք վիճակում չեն, բայց անցանելի են:

«Ես ինքս դեկտեմբերին օգտվել եմ Պառավաքար-Վազաշեն ճանապարհից, բայց բնակչությանը կոչ ենք անում այլընտրանքային ճանապարհները կիրառել՝ ելնելով անվտանգությունից », – ասաց Տավուշի մարզպետարանի Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Արտակ Սարգսյանը՝ ընդունելով, որ ձմռանը այլընտրանքային ճանապարհներից մեկն ինչ-որ ժամանակով գուցե անանցանելի է լինում, իսկ մյուսն էլ՝ ընդհանուր առմամբ անբարեկարգ է:

Բախտամյանի կարծիքով՝ «Իջևանի Ճանշին» ընկերությունն ամեն ինչ անում է, որպեսզի նոր ճանապարհը ժամանակին հանձնվի շահագործման. այն հեռու է կրակակետերից և ապահոված է նաև շինաշխատողների անվտանգությունը:

«Մեր մոտեցումն է` զրո զոհ և բարձր անվտանգություն: Ընտրվել է առավելագույն անվտանգ ճանապարհի տարբերակը», -հավաստիացրեց փոխգնդապետ Սուրեն Դարբինյանը՝ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցություն բաժնի պետը:

Նոր կառուցվող ճանապարհի հողային աշխատանքների 70 %-ը կատարված է: Եղանակային պայմանների հետևանքով աշխատանքները հնարավոր կլինի ավարտել միայն հունիսին՝ կարճ և անվտանգ ճանապարհով իրար կապելով Վազաշեն և Պառավաքար համայնքները:

Հունվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ  քննարկում՝ Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ճանապարհի փակման, այլընտրանքային ճանապարհի կառուցման և անվտանգության վերաբերյալ:  Քննարկման բանախոսներն էին ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցություն բաժնի պետ, փոխգնդապետ Սուրեն Դարբինյանը, ՊՆ Զինված ուժերի օպերատիվ վարչության ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը, ՀՀ ՏՆ Տրանսպորտի ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Բախտամյանը, ՀՀ Տավուշի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Արտակ Սարգսյանը

Քննարկումը նախաձեռնել էր
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը՝ «Մեդիա կենտրոնի» հետ համագործակցությամբ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ