«Քրեակատարողական հիմնարկներում շարունակում է գործել գողական համակարգ»
25.12.2013
13:00
Քրեակատարողական հիմնարկներում շարունակում է գործել գողական համակարգ. «քրեական» օրենքները գերիշխում են Հայաստանի նորմատիվ իրավական ակտերին: Ռոբերտ Ռևազյանը՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբիղեկավարն, այս եզրակացությանն է հանգել իր ամենօրյա գործունեության ընթացքում:

Ըստ ՔԿՀ-ներում գործող դրվածքի՝ ՔԿՀ վարչակազմի դեմ բողոքողը կհամարվի «գործ տվող»: Նրա հանդեպ կկիրառվեն դաժան պատժի ձևեր, ընդհուպ մինչև սեռական ոտնձգություն: Այս է պատճառը, որ դատապարտյալները չեն բարձրաձայնում ՔԿՀ-ների պայմանների մասին:

«Այն, որ բողոք չունենք, նշանակում է, որ սարսափելի է վիճակը: Թիվ մեկ խնդիրն է ՔԿՀ-ներից վերացնել քրեական, հիերարխիկ հարաբերությունները»,- ասաց Ռևազյանն՝ այսօր  «Մեդիան կենտրոնում» ամփոփելով խմբի 2013թ. գործունեությունը:

Ռոբերտ Ռևազյանը դժգոհ է դիտորդական խմբի և Արդարադատության նախարարության համագործակցությունից: Թեև նախարարությունը պարտավոր է 3 օրվա ընթացքում պատասխանել խմբի հրատապ հաշվետվություններին, բայց կան դեպքեր, երբ նույնիսկ մեկ ամսվա ընթացքում չի պատասխանել: Այս տարի մեկ ամսում 2 անգամ խոչընդոտվել է խմբի անդամների մուտքը «Արթիկ» ՔԿՀ: Խումբը դիմել է նախարարությանը, և ստացել, Ռևազյանի գնահատմամբ, անհեթեթ պատասխան:

Այս տարի դիտորդական խումբը մոտ 120 այցելություն է կատարել Հայաստանի բոլոր 12 ՔԿՀ-ներ, 70-ից ավելի գրություններ է ուղարկել տարբեր գերատեսչություններ, զրույց է ունեցել ավելի քան 200 դատապարտյալի հետ:

Խմբի անդամ Ժորժետա Մեսրոպյանի դիտարկմամբ՝ ՔԿՀ-ներում ամենամեծ խնդիրը զբաղվածության բացակայությունն է: Բանտարկյալներն ի վերջո դուրս են գալու ՔԿՀ-ից, մինչդեռ ձեռք չեն բերում մասնագիտություն, հմտություններ, որոնք իրենց պետք կգան ազատության մեջ, կօգնեն ինտեգրվել հասարակությանը:

«Ազատազրկումը պատիժ է, իսկ պատիժը կրել անգործության մեջ, արդեն դաժանություն է: Ուզում ենք, որ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում լինի ՔԿՀ-ներում զբաղվածության խնդիրը»,- ասաց Ժորժետա Մեսրոպյանը:

Խմբի մեկ այլ անդամ Հասմիկ Հարությունյանը ՔԿՀ-ների գլխավոր խնդիրներից է համարում վաղաժամկետ ազատման և հիվանդության պատճառով պատժի կրումից ազատման ինտիտուտների չգործելը:

«Գերբնակեցման հարցը, ՔԿՀ-ում ներքին հարաբերություններն այնքան խնդիր չեն ստեղծում դատապարտյալների համար, որքան այս 2 ինստիտուտների պրակտիկ անգործությունը»,- ասում է Հարությունյանը:

Պայմանական վաղաժամկետ ազատվելու դիմումները մեծ մասամբ մերժվում են: Հարությունյանի խոսքով՝ նույնիսկ դատապարտյալները չգիտեն, թե ինչ սկզբունքների, չափանիշների հիման վրա են ՔԿՀ վարչակազմը և անկախ հանձնաժողովը մերժման որոշում կայացնում, ինչպես կարելի է բողոքարկել որոշումը:

Ռոբերտ Ռևազյանը նշեց, որ իրենց մոնիտորիգի ընթացքում նույնիսկ հայտնաբերել են ՔԿՀ, որն ընդհանրապես բժիշկ չի ունեցել: Շատ ցածր է սննդի որակը, ինչի մասին վկայում է ամեն օր ՔԿՀ-ներ մտնող հանձնուքների մեծ քանակը: Ռևազյանի խոսքով՝ մեկ հանձնուքը կարող է 5-25 հազար դրամ արժենալ, իսկ եթե ՔԿՀ-ում նորմալ սնունդ տրվեր բանտարկյալներին, ապա այդքան հանձնուքներ չէին լինի:

Շարունակում է արդիական մնալ գերբնակեցման խնդիրը: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 30-40 մ տարածքում մոտ 20 անձ է բնակվում: Ամառվա շոգին նրանք մնում են այդ մի սենյակում, որտեղ չկա նորմալ օդափոխություն, իսկ լույսը թափանցում է ընդամենը մի փոքր ճաղապատ լուսամուտից: 

Դիտորդական խմբի ղեկավարն առհասարակ չի տեսնում ՔԿՀ-ների՝ դատապարտյալներին ուղղելու գործոնը: Նրա դիտարկմամբ՝ ՔԿՀ-ներում իրավիճակի բարելավմանը կնպաստի համապատասխան կադրային քաղաքականությունը: Այժմ ՔԿՀ ղեկավարների մեծ մասը ուժային կառույցների ներկայացուցիչներ են, որոնք ունեն դատապարտյալին պատժելու և ոչ թե ուղղելու հոգեբանություն:

Դեկտեմբերի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի մամուլի ասուլիսը՝ «Ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. 2013 թվականի ամփոփում» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին դիտորդական խմբի ղեկավար Ռոբերտ Ռևազյանը, խմբի անդամներ Հասմիկ Հարությունյանը և Ժորժետա Մեսրոպյանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ