«Հայաստանի անվտանգության խնդրի միակ լուծումը մեր ինքնիշխան պետությունն է»
16.12.2013
11:00
Հայաստանի անվտանգության խնդրի միակ լուծումը մեր ինքնիշխան պետությունն է, ազգային բանակը և երկրի կառավարման ժողովրդավար համակարգը. նշեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ՝ «Վիլնյուսից հետո. ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» խորագրով քննարկմանը:

«Ով ուզում է լինի քո դաշնակիցը, եթե այդ 3 բաղադրիչը չունենաս, չես կարող ունենալ անվտանգության որևէ մեխանիզմ: Եվ ասել, որ Մաքսային Միության կազմում կարող ենք ունենալ անվտանգություն, ուղղակի ծիծաղելի է: Ի՞նչ անվտանգություն, եթե քեզ նվաստացնում են»,- ասաց Փոստանջյանը: Նա հավելեց, որ դեկտեմբերի 2-ին Պուտինի պաշտոնական այցը Հայաստան նսեմացնող էր, քանի որ Պուտինը չհետևեց պաշտոնական այցի արարողակարգին և առաջինը եկավ ոչ թե հյուրընկալ երկրի մայրաքաղաք, այլ գնաց Գյումրիի ռազմաբազա՝ «իր տարածք»:

Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը վստահ է, որ նույնիսկ փոքր ու թույլ ժողովուրդը կարող է արժանապատվորեն բանակցել մեկ այլ երկրի հետ ու «ատամ ցույց տալ»: Նրա համոզմամբ՝ քծնանքը դիվանագիտություն չէ, իսկ քծնողին արհամարհում են: Իշխանյանի դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ բանակցեցին ոչ թե անվտանգության, Ղարաբաղի, այլ իրենց իշխանությունը պահելու համար:

«Մեծ հույսեր չունեի, որ Ասոցացման պայմանագրի ստորագրումը փրկություն է լինելու: Այդ ոգևորությունը ես ունեի Եվրոպայի խորհրդին անդամակցության ժամանակ, այդ ոգևորությունը սառեց: Բայց ամեն դեպքում Ասոցացման պայմանագիրը լծակ էր»,- ասաց Իշխանյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը քաղաքացիական հասարակությանը հուզող 3 խնդիր է նախանշում: Առաջին՝ Հայաստանի հանրությանը տեղեկացնել ՄՄ-ին անդամակցելու հետևանքների, ՄՄ անդամ երկրներում մարդու իրավունքների մասին: Երկրորդ՝ ապացուցել, որ ՀՀԿ-ն ապօրինի ճանապարհով է կուտակել նման ունեցվածք, որը ծառայեցնում է նաև իր քաղաքական նպատակներին: Եվ երրորդ՝ ջանքեր գործադրել մարտի 1-ի հանցագործության բացահայտման ուղղությամբ:

«Մարտի 1-ին հանցագործություն էր ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որն իրականացվեց այսօրվա իշխանությունների կողմից՝ աջակցությամբ ուղղակի Պուտինի, որի ուղարկած էմիսարները փորձագիտական աջակցություն էին ցույց տալիս ՀՀ քաղաքացիներին ճնշելու ժամանակ»,- կարծում է Սաքունցը:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ՀԿ նախագահ Լևոն Բարսեղյանը դեռ չի հանդիպել որևէ մեկին, ով վստահ չլինի՝ Ռուսաստանը շանտաժի է ենթարկել Սերժ Սարգսյանին՝ «Կմիանաս ՄՄ-ին՝ կմիանա: Չես միանա՝ քեզ կփոխարինի մեկ ուրիշը քո երկրում»:

Բարսեղյանը վստահ է, որ ՄՄ-ին անդամակցելը հղի է Հայաստանի ինքնիշխանության կորստով, ուստի քաղաքական ուժերը պարտավոր են հավաքվել մի սեղանի շուրջ, լուծել հարցը: «Հիմա եթե Հայաստանը դարձրին Հայաստանի մարզ Ռուսաստանի կազմում, դրանից հետո քաղաքական ուժերը գալու են իշխանության, որ ինչ անե՞ն: Ավելի հեշտ չէ՞ հիմա պայքարել: Եթե զզվում ես ԵՄ-ից, բավարար և լուրջ պատճառ չէ, որ չպայքարես Հայաստանի ինքնիշխանության զավթման դեմ»,- ասաց Բարսեղյանը:

«Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի»  գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը կարծում է, որ Հայաստանի առջև ՄՄ-ին անդամակցությունը դրվել է որպես գոյության այլընտրանք՝ «միանում եք՝ կապրեք, չեք միանում՝ չեք ապրի»: Մինասյանի խոսքով՝ ՄՄ-ին անդամակցությունը կարելի է «հիմնավորել» նրանով, որ «սա զուտ տնտեսական միավոր է, գուցե կոռուպցիան ՄՄ երկրներում ավելի շատ է, բայց գազի գնի հարցում մեզ զիջումներ կարող են անել», սակայն Եվրասիական միությանն անդամակցությունը շատ ավելի լուրջ խնդիրների է հանգեցնելու:

«Երբ անցնում ենք Եվրասիական միություն, այդ ամենը դառնում է արժեքների վրա դրված, շատ ավելի մեծ և սիստեմային վտանգ»,- կարծում է Լարիսա Մինասյանը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը մինչ այսօր եվրոպացի ոչ մի չինովնիկից հստակ պատասխան չի ստացել, թե ինչու այդքան մեծ կարևորություն տվեցին Վիլնյուսյան գագաթնաժողովին: Գրիգորյանը կարծում է, որ հենց պատրաստ էր Ասոցացման համաձայնագիրը, այն պետք էր ստորագրել Հայաստանի և Ուկրաինայի հետ և չսպասել Վիլնյուսյան գագաթնաժողովին:

«Բայց իրենք ուզում էին բոլորին տանել Վիլնյուս, և այդ ընթացքում «հակա» ուժերն աշխատեցին»,- ասաց Ստեփան Գրիգորյանը: Նա շնորհավորեց Ուկրաինայի ժողովրդին պայքարի համար: Գրիգորյանի կարծիքով՝ Ուկրաինայի ժողովուրդը ապացուցեց, որ վերևները չեն, որ ամեն ինչ որոշում են:

Դեկտեմբերի 16-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն անցկացրեց հանրային քննարկում` «Վիլնյուսից հետո.ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» խորագրով: Քննարկմանը ներկա բանախոսներն էին. Լարիսա Մինասյանը՝ «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» տնօրեն, Լևոն Բարսեղյանը՝ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ նախագահ, Արթուր Սաքունցը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Ստեփան Գրիգորյանը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, և Ավետիք Իշխանյանը՝ Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ