Ոստիկանություն-քաղաքացիներ բախումներ
03.12.2013
12:30
«Քաղաքացիական ավտոմեքենայով, առանց համազգեստի մարդկանց տանելը առևանգում է: Ծնոտին հարվածելը և 1 րոպե ծեծելը հատուկ չէ ոստիկանին, այս վարքագիծը հատուկ է որոշակի անձի ծառայող զինյալների խմբի:

Այսպիսի իրավիճակ էր Հայաստանում մինչև պուտինիզացիան: Հայաստանը արձանագրում է հետընթաց՝բարի գալուստ Մաքսային Միություն», - ասաց Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն այսօր` «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ:

Դեկտեմբերի 2-ի բողոքի ակցիայի ժամանակ 110 մարդու բերման ենթարկելով՝ ոստիկանությունը նպատակ ուներ ապահովել «գլխաքանակ», որը պետք է զեկուցվեր և Հայաստանում, և Հայաստանից դուրս՝ կարծում է բողոքի ակցիայի մասնակից Արթուր Ավթանդիլյանը:

«Ինձ համար ակնհայտ է, որ նման քանակի բերման ենթարկվածներ վերջին տարիներին պարզապես չեն եղել»,- նշեց Ավթանդիլյանը:

Մարդու իրավունքների կոնվենցիայի համապատասխան հոդվածները երեկ  բազմիցս խախտվել են: Զեյնալյանը թվարկում է. մարդուն ոստիկանական մեքենայում ծեծելը, ոստիկանական բաժանմունքում անորոշության մեջ պահելը, ձեռնաշղթաներ հագցնելը, զանգելու իրավունքից զրկելը անմարդկային վերաբերմունք են և քրեական հետապնդում՝ քաղաքական հայացքների համար:

Ավթանդիլյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն Մաքսային միությանն անդամակցելու և Պուտինի այցի դեմ՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության անցկացված ակցիայի ժամանակ: Նա պատմեց, որ իրեն, իր ընկերոջը և լրագրող Թեհիմե Ենոքյանին 5 քաղաքացիական հագուստով անձ քաղաքացիական ավտոմեքենաներով բերման է ենթարկել Շենգավիթի բաժանմունք: Միայն 2,5 ժամ անց են նրանց թույլ տվել կատարել օրենքով նախատեսված զանգը և կանչել իրավաբանին, որին 1 ժամ շարունակ չէին թողնում բարձրանալ 3-րդ հարկ: Նրանց անձնական զննության են ենթարկել 2,5-3 ժամ հետո: Արդյունքում երիտասարդները բաժանմունքում պահվել են 5 ժամ:

Բողոքի ակցիայի մասնակից Զառա Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք պաստառներ էին փակցնում, երբ մոտեցան ոստիկաններն ու ասացին՝ հետևեք մեզ: Ակտիվիստներին ոստիկանական բաժանմունքում 2,5 ժամ պահելուց հետո են միայն սկսել զննության ենթարկել: Ոստիկանները նշել են, որ ակտիվիտները չեն ենթարկվել իրենց օրինական պահանջին: Բայց Հովհաննիսյանի պնդմամբ, որևէ օրինական պահանջ չի եղել:

«Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին ակցիայի ժամանակ մոտեցա, հարցրի, թե ինչո՞ւ եք բերման ենթարկում: Ինձ արհամարհական ձևով ասաց. «Որ դու էստեղից ցվրվեիր, լավ կլիներ»,- ասաց Զառա Հովհաննիսյանը: 

Ակցիայի ընթացքում «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վարդան Մինասյանը փորձել էր արձանագրել, թե ինչպես են մեքենա նստեցնում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին: Մինասյանի խոսքով՝ այդ ժամանակ իրեն մոտեցան մարդիկ, բռնի ուժով գցեցին նույն մեքենան: Մինասյանը փորձել է զանգահարել խմբագրություն, այդ պահին մի երիտասարդ հարվածել է ծնոտին, հեռախոսը ձեռքից ընկել է: Մեքենայում եղել են այլ երիտասարդներ, որոնց ծեծել են: Ոստիկանության Կենտրոնի բաժնում, Մինասյանի խոսքով, իր նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվել է, երբ իմացել են, որ լրագրող է: Առաջինը հենց լրագրողին են ազատ արձակել:

«Ներսում վերաբերմունքը նորմալ էր, բայց մեքենայում ահավոր էր: Տեսախցիկը, որ իմ ձեռքից վերցրին, էդպես էլ չվերադարձին: Եթե վերադարձնեն, չգիտեմ՝ արդյոք կադրերը ջնջվա՞ծ կլինեն»,- ասաց Վարդան Մինասյանը:

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը հավաստիացրեց, որ Վարդան Մինասյանի դեպքի առթիվ ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել: Հակոբյանը նշեց, որ դեմքին հարվածելը քրեորեն պատժելի արարք է, և լրագրողին խորհուրդ տվեց դիմել դատախազություն, ոստիկանություն:

«Եթե կլինեն մեղավորներ, միանշանակ կպատժվեն: Գուցե նաև Թեհմինե Ենոքյանի դեպքում ծառայողական քննություն կատարվի»,- ասաց Մերուժան Հակոբյանը: Այժմ ոստիկանությունը քննարկում է լրագրողներին տարբերանշաններ տրամադրելու հարցը, որպեսզի վերջիններիս ոստիկանները նման դեպքերում կարողանան տարբերել ակցիայի մասնակիցներից:

Հակոբյանը խոստացավ նաև ստուգել, թե արդյոք որևէ ակտիվիստ բաժանմունքում պահվե՞լ է 3 ժամից ավելի, և եթե ակտիվիստի իրավունքները խախտվել են, ծառայողական քննություն կատարել:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի խոսքով՝ երեկ նա փորձել է պաշտպանել 40 բերման ենթարկված անձանց իրավունքները: Սակայն իրեն թույլ չեն տվել բարձրանալ ոստիկանական բաժանմունք և ներգրավվել վարչական վարույթում որպես իրավաբան:

Զեյնալյանը վստահ է, որ մարդկանց ազատությունից զրկելով՝ ոստիկանությունը խախտել է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անձանց անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը:

«Այն, որ առաջիկա 2 ժամվա ընթացքում որևէ գործողություն չի կատարվել, ցույց է տալիս, որ բերման ենթարկելու նպատակն է եղել անձանց խոսքի և հավաքների ազատության իրավունքը սահմանափակելը: Սա կատարվել է կազմակերպված, կենտրոնացված բնույթով:

Պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը»,- ասաց Զեյնալյանը:

Մերուժան Հակոբյանն հավաստիացրեց, որ ոստիկանությունը որևէ նպատակ չի ունեցել մարդկանց զրկել խոսքի ազատությունից: Ակտիվիստները բարձրախոսներով արտահայտել են իրենց կարծիքը: Որևէ մեկի ձեռքից բարձրախոս չի վերցվել: Բաժին են տարվել բացառապես մարդիկ, ովքեր խախտում են արել:

«Կամուրջը հասարակական վայր է, որտեղ չի կարելի պաստառ փակցնել: Պաստառը կարող էիք ձեր ձեռքում պահել: Կա անհատի, պետության սեփականություն: Մենք չենք մտել ժողովրդի մեջ՝ երթի մեջ ու պաստառ վերցրել: Եթե նման տեսագրություն կա, բերեք, միասին նայենք»,- ասաց Մերուժան Հակոբյանը:

Արտակ Զեյնալյանը հակադարձեց, որ պաստառ փակցնելը խոսքի ազատության դրսևորման արտահայտչաձև է, որը լիցենզավորման կարիք չունի: Զեյնալյանը նշեց, որ Նալբանդյանի արձանի մոտ փաթաթված էին փուչիկներ՝ Հայաստանի և Ռուսաստանի դրոշների գույներով: Սակայն այդ փուչիկները փակցնողներին բերման չեն ենթարկել:

«Իսկ մարդկանց «Ինքնաիշխան Հայաստան» գրությամբ պաստառի համար բերման են ենթարկել: Նրանց քրեական հետապնդման են ենթարկել նրա համար, որ ասել են՝ «Հայաստանը ինքնիշխան է»: Սա Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում է»,- նշեց Զեյնալյանը:

Դեկտեմբերի 3-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց քննարկում՝ «Ոստիկանություն-քաղաքացիներ բախումներ՝ ՄՄ-ին միանալու և Պուտինի այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ» թեմայով: Քննարկման բանախոսներն էին Մերուժան Հակոբյանը՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, Արտակ Զեյնալյանը՝ «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան, Վարդան Մինասյանը՝ «Հրապարակ» օրաթերթի լրագրող, Արթուր Ավթանդիլյանը և Զառա Հովհաննիսյանը՝ բողոքի ակցիայի մասնակիցներ:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Մշակութային և հասարակական գործիչների արձագանքը Հայաստանում ընթացող դրամատիկ իրադարձություններին
23.04.2018
12:00
Ապրիլի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս-քննարկում «Մշակութային և հասարակական գործիչների արձագանքը Հայաստանում ընթացող դրամատիկ իրադարձություններին» թեմայով:
«Իրավախախտումներ բերման ենթարկվածների նկատմամբ. քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի կալանավորման որոշումը»
20.04.2018
16:00
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:
«Լրագրողների նկատմամբ բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումները բողոքի ակցիաների ժամանակ»
20.04.2018
15:00
Հայաստանում ապրիլի 13-ից սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաների ու բողոքի գործողությունների ընթացքում բռնությունների են ենթարկվել լրագրողներ ու խոչընդոտվել է լրագրողների ու լրատվական կազմակերպությունների աշխատանքը։
Լարված իրավիճակ ՀՀ-ում. «թավշյա հեղափոխությո՞ւն», թե՞ սովորական ճգնաժամ
20.04.2018
12:00
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ամենօրյա հանրահավաքները սկսած ամսի 17-ից չունեն կոնկրետ նպատակ: Ցույցերը շոու է դառնում, կառնավալ է հիշեցնում, իսկ Սարգսյանի հրաժարականի պահանջի իրատեսականությանը նույնիսկ հանրահավաքի շատ մասնակիցներ չեն հավատում:
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ