Վիլնյուսյան գագաթնաժողով. քաղաքական պարտությո՞ւն, թե՞ նոր հնարավորություններ Հայաստանի համար
26.11.2013
17:00
Կարևոր է, որ Վիլնյուսում կայանալիք համաժողովից ստացվի պատգամ, որ ԵՄ-ն շարունակելու է խորացնել հարաբերությունները գործընկեր երկրների հետ. նշեց Ալեքսանդր Արզումանյանը՝«Վիլնյուսյան գագաթնաժողով. քաղաքական պարտությո՞ւն, թե՞ նոր հնարավորություններ Հայաստանի համար» թեմայով հեռուստատեսային բանավեճի ընթացքում:

«Որպես եվրաինտեգրման ջատագով՝ ափսոսանք կարող եմ հայտնել, որ այս գործընթացը արգելափակվեց։ Ռուսաստանի կողմից մեզ պարտադրվեց մի որոշում, որը սպառնալիք է մեր երիտասարդ պետականության համար»,- ասաց ԱԺ պատգամավոր Արզումանյանը:

«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը կանխատեսում է, որ Վիլնյուսում կստորագրվի ոչինչ չպարտավորեցնող որևէ դեկլարացիա: «Հայաստանը Վիլնյուսում կանի էն, ինչ կթույլատրի Ռուսաստանը,- ասաց Շահնազարյանը և հավելեց:- Եթե Հայաստանը մտավ ՄՄ, դա չի լինելու ՀՀ, այլ լինելու է ռուսական բազայի շրջակա տարածք»: Շահնազարյանն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը իր ժողովրդին անկեղծորեն ասաց, որ եղել է շանտաժ և ճնշում Ռուսաստանի կողմից։

Մինչդեռ բանավեճի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ով էլ լիներ Ս.Սարգսյանի փոխարեն նախագահ, սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կընդուներ նույն որոշումը։

«Համապատասխանաբար, պետք է զենք փնտրենք այնտեղ, որտեղ զենք կա, դեմոկրատիա՝ որտեղ դեմոկրատիա կա,- ասում է Իսկանդարյանը և հավելում:- Ես բացարձակապես վստահ չեմ, որ ՄՄ-ն 5-7տարի հետո գոյություն կունենա, և եթե գոյություն ունենա, կլինի ռեալ կառույց, ոչ թե ակումբ, ինչպես ԱՊՀ-ն»:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենքաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը հավատում է Սերժ Սարգսյանի հավաստիացմանը, որ Ռուսաստանը Հայաստանին չի հարկադրել մտնել ՄՄ: «Երբ մարդ չգիտի՝ ինչ անի, իրեն պետք չի ճշել. ինչ առաջարկում են, անում է»,- ասաց Մանվել Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Ռուսական զորքերը Հայաստանում որևէ նշանակություն չունեն, եթե Ռուսաստանն ինտենսիվորեն զինում է Ադրբեջանին։ Բնական է՝ Ռուսաստանը իր զենքի դեմ չի կռվի:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նշեց, որ Հայաստանը դեպի Ռուսաստան ընտրությունը կատարել է դեռ 22 տարի առաջ՝ ընտրելով անվտանգություն: Նա նշում է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել եվրաինտեգրման գործընթացն այնքանով, որքան դա չի հակասում ՄՄ-ին անդամակցելու գործընթացին:

Սահակյանը համամիտ չէ այն տեսակետին, որ անդամագրվելով ՄՄ-ին՝ Հայաստանը կանգնել է իր պետականությունը կորցնելու վտանգի առաջ: «Մենք ունենք մեր բանակը, պետական լեզուն, դրամական միավորը, պետական սահմանը, ժողովուրդը… Եթե տնտեսական այս կամ այն համակարգին փորձում ես մաս կազմել, չի կարելի հայտարարել, որ կորցնում ես անկախությունը»,- ասում է ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Նույն խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի կանխատեսմամբ՝ Հայաստանի` ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակելու մտադրությունը Վիլնյուսում որևէ դրսևորում կստանա այնքանով, որքանով դա չհակասի ՄՄ-ին անդամակցությանը:

Եթե Եվրոպայի գործընկերները Հայաստանը կանգնեցրին «Եվրո՞պա, թե՞ Ռուսաստան» ընտրության առջև, ապա Խոսրով Հարությունյանի համար դժվար չէ հասկանալ, թե ընտրությունը որը կլիներ: «Փակուղային իրավիճակի ողջ պատասխանատվությունը եվրոպական չինովնիկների վրա է։ Մեծ քաղաքականության մեջ կա երկու երևույթ՝ հնարավորություն և իրողություն։ Նրանք սա չէին հասկանում»,- ասում է Հարությունյանը:

Նոյեմբերի 26-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանցուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ` «Վիլնյուսյան գագաթնաժողով. քաղաքական պարտությո՞ւն, թե՞ նոր հնարավորություններ Հայաստանի համար» թեմայով: Բանախոսներն էին Ալեքսանդր Արզումանյանը` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Հովհաննես Սահակյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, Խոսրով Հարությունյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Դավիթ Շահնազարյանը՝ «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար,Ալեքսանդր Իսկանդարյանը՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ, Մանվել Սարգսյանը՝ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքական վերլուծաբան:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ