Արձանագրվել է երեխաների հանդեպ բռնության 199 դեպք
19.11.2013
12:30
Այսօր նշվում է երեխաների դեմ բռնությունների կանխարգելման համաշխարհային օրը: Ըստ ոստիկանության տվյալների` 2013թ. 9 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է երեխաների հանդեպ բռնության 199 դեպք, որից 19՝ ներընտանեկան բռնության:

«Այսօր օր օրի մեծանում է այն անձանց քանակը, ովքեր գալիս են ոստիկանություն՝ խնդրելով օգնել իրենց»,- նշեց Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը` այն համարելով իրավագիտակցության բարձրացման ցուցիչ:

Գնդապետի գնահատմամբ՝ ՀՀ-ում մարդուն ծնողական իրավունքից զրկում են ծայրահեղ դեպքերում՝ դրա համար ունենալով մեծ ապացուցողական բազա: «Տարվա կտրվածքով 2-3 նման դեպք կարող է ունենանք: Ծնողական իրավունքներից զրկվում են հիմնականում այն դեպքում, երբ երեխային շարունակ մուրացկանության են դրդում»,- ասաց Նելլի Դուրյանը:

Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ, Հայ օգնության ֆոնդի Երեխաների կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը վստահ է, որ երեխաների հանդեպ բռնության դեպքերի մեծ տոկոս կա, որն ավելի շատ սոցիալական, քան քրեական դաշտում է. հոգեբանական ճնշումներ, անտեսում:

«Ընտանիք և համայնք» ՀԿ-ի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը նշեց, որ ցանցի անդամ ՀԿ-ներն աշխատում են շուրջ 1500 երեխայի հետ: Բացի ֆիզիկական բռնության դեպքերից (255 դեպք)՝ կան նաև այլ տեսակի բռնություններ, օրինակ՝ անտեսման դեպքեր (524 դեպք): «Ընտանիքներին մեծ սոցիալական փաթեթ ենք տրամադրում: Բայց միշտ չէ, որ ընտանիքում կարողանում ես փոփոխություններ մտցնել»,- ասում է Գարանֆիլյանը:

«Վորլդ Վիժն Հայաստանի» ՀԿ-ի «Կառավարության ներգրավմամբ երեխաների բարեկեցության համակարգի բարեփոխում» ծրագրի համակարգող Ռոման Հարությունյանի խոսքով՝ իրենք ձգտում ենք հասնել նրան, որ հանրությունը ճիշտ ընկալի բռնություն երևույթը: «Ոմանց կողմից բռնությունը ընկալվում է միայն որպես ֆիզիկական կամ սեռական բռնությունը,- ասում է Հարությունյանը և հավելում,-այսօր հոգեբանական բռնությունն ավելի քիչ է կարևորվում, քան երբ մենք փողոցում տեսնում ենք ֆիզիկական բռնություն»:

Միրա Անտոնյանը փաստեց, որ ցավոք, Հայաստանում չկա մշակված ընթացակարգ, թե ինչ պետք է անի շարքային քաղաքացին` լսելով հարևանի երեխայի լացը, ուսուցիչը` տեսնելով վնասվածքներով աշակերտի, դաստիարակը`առնչվելով պրոբլեմային ընտանիքից եկող երեխայի:

Միաժամանակ Անտոնյանը հրապարակեց 0800 61111 հեռախոսահամարը, որով կարելի է զանգահարել, երբ կա կասկած, որ երեխան բռնության է ենթարկվում, իսկ քաղաքացին չի կարող մտնել այդ ընտանիք և անձամբ պարզել պատճառը: «Մենք կայցելենք այդ ընտանիք, և կփորձենք լուծում գտնել հնարավոր խնդրին»,- ասաց Միրա Անտոնյանը: 

Նելլի Դուրյանը նշեց, որ համապատասխան սոցիալական, հոգեբանական, վերականգնողական ծառայություններից պետք է օգտվի ոչ միայն բռնության ենթարկված անձը, այլև բռնացողը:

Միրա Անտոնյանը ձեռքբերում համարեց ոլորտի խնդիրների վերաբերյալ լայն շրջանակներում քննարկումների ծավալումը և հույս հայտնեց, որ այդ քննարկումների ընթացքում կվերանան թյուրըմբռնումները ու կհստակեցվի Հայաստանում սոցիալական իրական ծառայություններ իրականացնելու ընթացակարգերն ու գործնական քայլերը:

Նոյեմբերի 19-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց քննարկում՝ «Երեխաների հանդեպ բռնությունների կանխարգելման համաշխարհային օրը Հայաստանում» թեմայով: Քննարկման բանախոսներն էին Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ, Հայ օգնության ֆոնդի Երեխաների կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը, ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, «Վորլդ Վիժն Հայաստան» ՀԿ-ի «Կառավարության ներգրավմամբ երեխաների բարեկեցության համակարգի բարեփոխում» ծրագրի համակարգող Ռոման Հարությունյանը և«Ընտանիք և համայնք» ՀԿ նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը»
13.11.2018
11:00
Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ «Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը» թեմայով հանրային քննարկում:
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
09.11.2018
11:00
Նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունեն քնարկում՝ «Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը» թեմայով:
«ՊԵԿ-ի նոր օրինագիծը. ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի»
08.11.2018
11:00
Նոյեմբերի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «ՊԵԿ-ի նոր օրինագիծը. ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի» թեմայով:
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
07.11.2018
12:00
Նախկին դատապարտյալների վերաինտեգրման գործընթացը սկսվում է հենց այն պահից, երբ ազատազրկված անձը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ