«Մեդիա կենտրոն»-ում քննարկվեց Amnesty International-ի զեկույցը
16.10.2013
13:00
«Մեդիա կենտրոն», հոկտեմբերի 16: «Ամնեսթի ինթերնեյշնլ» (Amnesty International) իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի կառավարությանը պաշտպանել ազատ խոսքի իրավունքը, այդ թվում նրանց, ովքեր քննադատում են իշխանություններին: Այս մասին այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ, ասաց Թուրալ Ահմեդզադեն՝ «Ամնեսթի ինթերնեյշնլի» Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի հարավկովկասյան հատվածի հետազոտողը:

Ահմեդզադեի խոսքով` «Ամնեսթի ինթերնեյշնլ»-ը համարում է, որ Հայաստանում քաղաքացիական ու քաղաքական ակտիվիստները դեռ սպառնալիքի տակ են, նրանց վրա հարձակումները շարունակվում են:

Հղում անելով զեկույցին` «Ամնեսթի ինթերնեյշնլի» հետազոտողը մեջբերեց, որ «Լրագրողներ հանուն իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը ճնշման է ենթարկվել ՊՆ քննչական ծառայության և զինվորական դատախազության կողմից`ժամկետային զինծառայող Ժ.Մ.-ի հանդեպ իրականացված բռնության դեպքի հետազոտությունը դադարեցնելու նպատակով:

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ, փոխգնդապետ Հայկ Գրիգորյանն հակադարձեց, որ Ժ.Ալեքսանյանը հրավիրվել է ՊՆ քննչական ծառայություն՝ ցուցմունք տալու:

«Ոչ մի երկրում հետաքննության կանչելը չի կարող դիտարկվել որպես կարծիքի վրա բռնանալ»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ըստ ՀՀ օրենսդրության՝ քննիչը ճշմարտությունը բացահայտելու համար պարտավոր է հարցաքննության կանչել այն անձանց, ովքեր կարող են այս կամ այն տեղեկատվության տիրապետել: 

Ժաննա Ալեքսանյանը հաստատեց, որ ՊՆ քննչական մարմինն իր վրա ճնշում է գործադրել Ժ.Մ.-ի դեպքը լուսաբանելիս: Միաժամանակ Ալեքսանյանը, ով զինծառայողների իրավունքների խնդրով զբաղվում է գրեթե 20 տարի, կարծիք հայտնեց, որ վերջին 3 տարում բանակի թեման այլևս տաբու չէ, մամուլը գրում է խախտումների մասին: 

Քննարկման ժամանակ  «Ամնեսթի ինթերնեյշնլի» փորձագետը հիշատակեց նաև ռազմական ոստիկանության կողմից «Ուվալնյատի օրը» գրքի հեղինակ Հովհաննես Իշխանյանի նկատմամբ կիրառված քրեական հետապնդումը: 

Ռազմական ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մնացականյանն արձագանքեց, որ Իշխանյանին ոչ թե քրեորեն հետապնդել են, այլ կանչել՝ ճշտելու, թե արդյոք գրողին հայտնի՞ են գրքում նկարագրված ծեծի և այլ հանցագործությունների դեպքերը:

«Հովհաննես Իշխանյանն իր «Ուվալնյատի օրը» գրքում նկարագրել է դեպքեր, որոնք բանակում չկան: Բանակում ո՞նց կարող է տեղի ունենալ այն, ինչ ինքը նկարագրել է: Կներեք, տղամարդը տղամարդուն բռնաբարել կարո՞ղ է: Եթե այս գրքույկը վերցնի 13-14 տարեկան ՀՀ քաղաքացի, այս պատկերացումո՞վ, այս մտքո՞վ պիտի գնա բանակ»,- հռետորական հարց տվեց Մնացականյանը:

Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը համարում է, որ սխալ է քննարկել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում ներկայացված առանձին օրինակները, դրանք բերված չեն քննադատության, այլ` իրավիճակը ներկայացնելու և գոյություն ունեցող խնդիրների լուծմանը նպաստելու համար:

«Մենք պետք է խոսենք, թե ինչ ընդհանուր վիճակ է տիրում մեր բանակում, ինչ վարքուբարք կա մեր բանակում, մեր զինվորներն իրար հետ ինչպես են առնչվում, գողական օրենքներ, «չաստ» նայող կա՞ն, թե՞ չկան: Եթե կա նման բան, արդեն նշանակություն չունի, թե քանի մարդու են ծեծել կամ քանի մարդու նկատմամբ են փորձել սեքսուալ բռնություն կիրառել կամ կիրառել են, թե չեն կիրառել: Չպետք է լինի ՀՀ բանակում նման բան»,- ասաց Վարդան Հարությունյանը:

Հոկտեմբերի 16-ին «Ամնեսթի ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի հարավկովկասյան հատվածի հետազոտող Թուրալ Ահմեդզադեն Լոնդոնից ուղիղ տեսազանգով «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց կազմակերպության հրապարակած «Հայաստան. փոփոխությունների համար տեղ չկա» զեկույցը: Քննարկման մյուս մասնակիցներն էին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ, փոխգնդապետ Հայկ Գրիգորյանը,

Ռազմական ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մնացականյանը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը և «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վարդան Հարությունյանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
«2019 թ. պետական բյուջեն ազնիվ, կոնսերվատիվ և իրավիճակային բյուջե է». տնտեսագետներ
09.10.2018
13:00
Հոկտեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պետական բյուջե-2019. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։
Գործող խորհրդարանը չի ներկայացնում հանրության կամարտահայտությունը
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին Գյումրիում, Շիրակի պետական համալսարանում կազմակերպված «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման տարբերականներն ու մեխանիզմենրը» թեմայով հանրային քննարկամն ընթացքում բանախոսները խոսեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության ու գործող խորհրդարանը ցրելու տարբերակաների մասին։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ