Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները
09.10.2013
11:30
Հայաստանը, միանալով Մաքսային միությանը, ստանում է շատ քիչ բան՝ միաժամանակ կորցնելով արտաքին տնտեսական քաղաքականություն վարելու ինքնիշխանությունը: Այս մասին նշեց տնտեսագետ, փորձագետ Վահագն Ղազարյանն այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ անցկացված «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները» խորագրով քննարկմանը:

Ղազարյանը փաստեց, որ ԵՄ-ի տարածքը 5 անգամ փոքր է ՄՄ-ի տարածքից, սակայն համաշխարհային տնտեսության մեջ ԵՄ-ի մասնաբաժինը 6 անգամ ավելի մեծ է, քան ՄՄ-ինը: Նրա խոսքով՝ ՄՄ-ում այս պահին մաքսատուրքերի 70 տոկոսն ավելի բարձր է, քան Հայաստանում: Բարձրացնելով իր մաքսատուրքերը՝ Հայաստանը բարդացնելու է ոչ ՄՄ-ում արտադրված ապրանքների մուտքը դեպի երկիր:

Տնտեսագետ, փորձագետ Աննա Մակարյանը նշեց, որ այս տարվա ինը ամսում Հայաստանի արտահանումը կրկնել է նախորդ տարվա տվյալները, բայց տեքստիլի ոլորտում աճ է գրանցվել: Մակարյանը դժվարացավ ասել` Հայաստանը միանալով ՄՄ-ին, կկարողանա՞ պահպանել տեքստիլի ոլորտում արտահանման աճը, երբ այս ոլորտի արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է եվրոպական երկրներ:

Էկոնոմիկայի նախարարության Առևտրի և շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանը նշեց, որ ՄՄ-ին անդամակցելու արդյունքում Հայաստանը չի կորցնի եվրոպական շուկան, քանի որ Եվրոպա է արտահանում հիմնականում հանքահումքային արտադրանք, որից ոչ մի երկիր չի հրաժարվի:

Տնտեսական գիտությունների թեկնածու, փորձագետ Արտակ Մանուկյանն ընդգծեց, որ ԵՄ փորձագետներն էական տեխնիկական աջակցություն են ցուցաբերել Հայաստանին պետական գնումների համակարգը էականորեն բարելավելու գործում, և ՄՄ անդամ-երկրներն օրենսդրության տեսանկյունից էականորեն զիջում են ՀՀ-ին:

Մանուկյանի խոսքով՝ ԵՄ-ում պետական գնումների մասին օրենսդրությունը բավականաչափ կայուն է, բարվոք վիճակում՝ ի տարբերություն ՄՄ անդամ երկրների, որտեղ այդ օրենսդրությունը հաճախակի փոփոխվում է:

Արտակ Մանուկյանը կարծում է, որ ՀՀ-ն և ՄՄ-ն համադրելի են մշակութային առումով. ընդհանրություններ կան լեզվական մտածողության, ինչպես նաև կոռուպցիան որպես առաջին քայլ դիտարկելու, պետական չինովնիկների մոտեցումների մեջ: Մանուկյանի խոսքով՝ եթե Հայաստանի նպատակը սա է, ուրեմն ճանապարհը ճիշտ է ընտրված:

«Ռուսաստանը էքսպորտ է անում նավթ, գազ և կոռուպցիա: Հիմա մենք գնում ենք այդ սիստեմ»,- կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Գագիկ Քոչարյանը նշեց, որ Հայաստանն ամենևին էլ չի հրաժարվում ԵՄ-ի հետ համագործակցությունից: Նրա խոսքով՝ այսօր աշխարհում կա մոտ տասը մաքսային միություն, որոնց անդամ-երկրների համատեղ շրջանառությունն ու ներդրումներն աճում են:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ ՄՄ-ին միանալու կողմնակիցները չեն պատկերացնում, որ դա դեմ է Հայաստանի պետական ինքնիշխանությանը: Այսպես, ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում վերազգային որևիցե կառույց, որի որոշումները պարտադիր լինեն ՀՀ պետական կառույցների համար: Մինչդեռ գործող ՄՄ-ի երեք պետությունների համար կա տնտեսական կոմիտե, որի որոշումները պարտադիր են:

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ Հայաստանը կանգնած է անհամեմատ ավելի մեծ խնդրի առաջ, քան ԵՄ-ի և ՄՄ-ի միջև ընտրություն կատարելն է. երկիրը կանգնած է ինքնիշխանության կորստի այնպիսի վտանգի առջև, ինչպես եղել է 1920 թվի վերջում:

Քննարկման վարող, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը համամիտ է, որ Հայաստանի կորցրածը շատ մեծ է: Ըստ Մինասյանի՝ խոսքը ԵՄ-ի կամ Ասոցացման համաձայնագրի մասին չէ, այլ մի գործընթացի, երբ ժողովրդավարական ինստիտուտները «սնանկացան»: 

Հոկտեմբերի 8-ին «Կոնգրես» հյուրանոցում անցկացվեց քննարկում՝ Հայաստանի սոցիալ-տնտեսականզարգացման մարտահրավերները» խորագրով: Քննարկմանը զեկույցներ ներկայացրին տնտեսագետ-փորձագետներ Վահագն Ղազարյանը, Աննա Մակարյանը և Արտակ Մանուկյանը:

Այս քննարկումը «Հայաստանը զարգացումների խաչմերուկներումԵվրոպա թե Ռուսաստան» շարքից է, որը հոկտեմբերի ընթացքում կընդգրկի բանավեճեր, հանրային քննարկումներ, հանդիպումներ լրագրողների հետ` նպատակ ունենալով ավելի համապարփակ պատկերացում ձևավորել Մաքսային միությանը միանալու հետևանքների մասին:

«Մեդիա կենտրոնի» հետ համագործակցությամբ միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի էր a1plus.am կայքում: Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ