Վերջին մեկ տարվա ընթացքում Գյումրիում ոչ մի անապահով ընտանիք տուն չի ստացել
02.10.2013
14:30
Չնայած վերջին մեկ տարվա ընթացքում Գյումրիում ոչ մի նոր բնակարան չի կառուցվել, և ոչ մի անապահով ընտանիք տուն չի ստացել, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը նշում է, որ մի քանի տարուց Գյումրիում այլևս չեն լինի անօթևաններ. «Գյումրի. երկրաշարժից 25 տարի անց» թեմայով քննարկումը նախաձեռնել էր «Մեդիա կենտրոնը» հոկտեմբերի 2-ին Գյումրիում:

«22 տարում կառուցվել է 20.600 բնակարան: Եվս մեկ տարի, և 400 ընտանիք էլ կունենան բնակարաններ»,- ասաց Ալբերտ Մարգարյանը: Նրա խոսքով՝ Գյումրիում մնացել է 433 անօթևան ընտանիք, կան նաև հազարից ավելի մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով դեռ չեն հերթագրվել անօթևանների ցուցակում:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հակադարձեց՝ Գյումրիում անօթևան է 4 հազար ընտանիք. «98 թվականին քարոզարշավի շրջանակներում Քոչարյան Ռոբերտը խոստացավ աղետի գոտին վերականգնել 2001-ին, ավարտել: 2001-ին խոստացավ ավարտել 2003 թվականին: 2003-ին, 2004-ին Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի շնորհիվ մոտավորապես 2400 բնակարան հանձնվեց Գյումրիում, նաև մյուս բնակավայրերում և հայտարարվեց, որ աղետի գոտին վերականգնվել է, սա արդեն զարգացման գոտի է, չունենք մենք անօթևաններ»:

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Գյումրիում ոչ մի նոր բնակարան չի կառուցվել, և ոչ մի անապահով ընտանիք տուն չի ստացել:

Թումասյանի կարծիքով՝ նրանում, որ դեռ կան անօթևաններ, մեղավոր են Հայաստանի բոլոր երեք նախագահներն իրենց կառավարություններով:


«Գրեթե կորսված հույս է Գյումրին վերականգնելը. արտագաղթողներն այդքան արագ չեն վերադառնա»,- ասաց Վահան Թումասյանը:

Լևոն Բարսեղյանը հավելեց, որ երկրաշարժից առաջ Գյումրիի բնակիչների թիվը 221-234 հազար էր, իսկ 2011թ. հոկտեմբերի մարդահամարի պաշտոնական տվյալներով` 121.500, թեև իրական թիվը ավելի փոքր է: Աշակերտների թիվը Գյումրիի բոլոր դպրոցներոմ երկրաշարժից առաջ տարբեր տվյալներով եղել է 52-56 հազար, մինչդեռ մեկ ամիս առաջ մարզպետարանից Բարսեղյանի ստացած տվյալներով՝ Գյումրիի բոլոր դպրոցներում աշակերտների թիվը 14.500 է: 

«Այս երկու համեմատությունները բոլորիդ միանգամից հասկանալ են տալիս, թե Գյումրին ուր է, ինչ է»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

«Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսի համակարգող Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ գյումրեցու տեսակը կորստի եզրին է, մինչդեռ այդ տեսակը մեր ազգային կոլորիտի մի կարևոր ու թանկ մասն էր: «Տարիներ շարունակ այս թշվառ վիճակի մեջ մենք կորցնում ենք այդ տեսակը»,- ափսոսանք հայտնեց Վահրամ Մարտիրոսյանը:

Նա կարևորեց Գյումրիում իրական աշխատատեղեր բացելը, և նշեց, որ իշխանության օլիգարխները, որոնք ամեն օր սուպերմարկետներ ու հիպերմարկետներ են բացում, թող Գյումրիում արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծեն գյումրեցիների համար:

Քննարկումն անցկացվեց Գյումրիի «Սթիլ» պատկերասրահում, որտեղ ներկայացված էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին Ինտերնյուս) «Լրատուն» նախագծի «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» մուլտիմեդիա ցուցահանդեսը:

Վահրամ Մարտիրոսյանը նշեց, որ երկրաշարժից մի քանի տարի առաջ աղետի գոտում սեյսմակայունության չափանիշը 8 բալից իջեցվել էր 7-ի: Ընդ որում, սա արվել է Հայաստանի գեոֆիզիկայի ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի մասնակցությամբ: Եթե այն ժամանակ լրատվամիջոցները լուսաբանեին սեյսմակայունության չափանիշի իջեցումը, աղմուկ բարձրացնեին, ապա այդ չափանիշը գուցե բարձրացվեր:


«Իսկ դա կնշանակեր հազարավոր մարդկանց կյանք, ովքեր այսօր մեզ հետ չեն, ովքեր կարող էին սերունդներ տալ, և այդ սերունդները լինեին մեզ հետ»,- ասաց Վահրամ Մարտիրոսյանը:


Քննարկման բանախոս, Սախարովի հայաստանյան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը համամիտ է Վահրամ Մարտիրոսյանին. եթե աղմուկը ավելի շատ լիներ, շատ բաներ հնարավոր կլիներ փոխել: Սեյրան Մարտիրոսյանը նշեց, որ հենց շնորհիվ քաղաքացիական հասարակության աղմուկի «Գալա» հեռուստաընկերությունը չեթերազրկվեց, Գյումրիում եղևնիները չհատվեցին, «Արագած» ճեմափողոցում չկառուցվեց հերթական ռեստորանը, մարդկանց բնակարաններից անթույլատրելի փոքր հեռավորության վրա չկառուցվեց դիահերձարան:


«Շատ թանկ գնով, երկրաշարժի գնով մենք ունեցանք քաղաքացիական հասարակության աննախադեպ զարգացում հատկապես աղետի գոտում: Դրանով մենք շահեկանորեն տարբերվում ենք Հայաստանի մյուս հատվածներից»,- ասաց Սեյրան Մարտիրոսյանը:


Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Սամվել Խաչատրյանը նշեց, որ քաղաքում ոչ միայն իջեցվել էր սեյսմակայունությունը, այլև կառուցապատումը կատարվում էր շատ անորակ, կատարելագործված չէր սեյսմակայունության տեսությունը: Այդ պատճառով Գյումրիում զոհերի թիվն այդքան մեծ եղավ: Սամվել Խաչատրյանի խոսքով՝ երկրաշարժից հետո կառուցվող շենքերն ավելի սեյսմակայուն են, խստացվել են նոր կառուցվող շենքերի նորմատիվային փաստաթղթերի պահանջները:
Հոկտեմբերի 2-ին Գյումրիի «Սթիլ» պատկերասրահում անցկացվեց քննարկում՝ «Գյումրի. երկրաշարժից 25 տարի անց» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, Սախարովի հայաստանյան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսի համակարգող Վահրամ Մարտիրոսյանը և Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Սամվել Խաչատրյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար: