Ադրբեջանում քիչ մարդու են հետաքրքրում ընտրությունները
01.10.2013
13:00
Ադրբեջանում քիչ մարդու են հետաքրքրում հոկտեմբերի 9-ին անցկացվելիք նախագահական ընտրությունները. նշեց ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ:

«Բնակչությունը քիչ է տեղեկացված ընտրություններից: Այն պարզապես կորցրել է իր հետաքրքրվածությունը: Մարդիկ մտածում են, որ անկախ նրանից՝ կգնա՞ն քվեարկության, թե՞ ոչ, արդեն ամեն ինչ որոշված է»,- ասաց Արիֆ Յունուսը:

«Ադրբեջանում չկա հետաքրքրվածություն ընտրություններով, քանի որ ընտրություններ չկան: Այդ ընտրությունների արդյունքը նախօրոք հայտնի է բոլորին և' Ադրբեջանի ներսում, և' դրանից դուրս»,- նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Արիֆ Յունուսի կարծիքով` Ադրբեջանում գրանցման, թեկնածության առաջադրման գործընթացն ուղեկցվել է ճնշումներով, վարչական ռեսուրսի կիրառմամբ: Թեկնածուներին, հատկապես ընդդիմադիր, շատ դժվար է կոնտակտի մեջ մտնել բնակչության հետ: Նախագահի թեկնածուները ելույթ են ունենում հեռուստատեսությամբ, բայց չեն քննադատում նախագահին ու չեն ներկայացնում իրենց ծրագրերը:

Քննարկման ընթացքում բանախոսներն իրենց դիտարկումները ներկայացրին նաև Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման վերաբերյալ: Ալեքսանդր Իսկանդարյանը դժվարացավ ասել՝ արդյոք Հայաստանը կմտնի՞ Մաքսային միություն, այդ հարցն օրակարգում կլինի՞ դեկտեմբերից և հատկապես փետրվարից հետո: Քաղաքագետի խոսքով՝ հնարավոր չէ, որ Հայաստանը մեխանիկորեն ստորագրի փաստաթղթերի այն բազան, որը պատրաստվել է Ղազախստանի, Բելառուսի ու Ռուսաստանի համար:

«Այսինքն՝ պետք է մշակվի Հայաստանի ու Ռուսաստանի կամ Մաքսային միության միջև փոխգործողության որոշակի եղանակ, որը վերջին հաշվով կարելի է անվանել [Մաքսային միություն] մուտք գործել, եթե լինի դրա քաղաքական կամքը: Իրականում լինել այնպիսին, ինչպիսին

Ղազախստանն է, Հայաստանը պարզապես չի կարող»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա կարծիքով՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ երկիրը ցանկանում է միանալ Մաքսային միությանը, նշանակում է, որ ընտրություն կատարելով ԵՄ ասոցիատիվ անդամության և Մաքսային միության միջև՝ Հայաստանն ընտրել է ՀԱՊԿ-ին:

Խոսելով այն մասին, թե Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումն ինչ արձագանք է գտել Ադրբեջանում՝ Արիֆ Յունուսն ասաց, որ Ադրբեջանում շատերը կարծում էին, թե սեպտեմբերի 3-ին նախորդող ժամանակահատվածում իրադարձությունները, օրինակ՝ Ադրբեջանին զինելը, «Ռուսաստանի՝ Ադրբեջանի մեջքին կանգնելը» նպատակ ունեին Ադրբեջանին օգտագործել Հայաստանի դեմ, որպեսզի Հայաստանի համար առաջանա Ղարաբաղը կորցնելու սպառնալիք, Հայաստանը չմտածի Եվրամիության հետ մերձենալու, փաստաթղթեր ստորագրելու մասին և շահագրգռվի մուտք գործել Մաքսային միություն:

Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձան նաև Սիրիայում ստեղծված իրավիճակին: Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Սիրիան Մերձավոր Արևելքի կարևոր երկրներից է, մի երկիր, որը զգալիորեն որոշում է ներկայիս Մերձավոր Արևելքի կառուցվածքը:

Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ հայերը կամ ադրբեջանցիները չեն կարող զգալիորեն ազդել Սիրիայի իրադարձությունների վրա, թեև այդ իրադարձությունները Հայաստանի ու Ադրբեջանի վրա ազդեցություն ունեն:

Արիֆ Յունիսը հավելեց, որ թեև Ադրբեջանում ցանկացած գործողություն պայմանավորում են արտաքին խաղացողներով, ինքը կարծում է, որ Սիրիայում տեղի է ունենում քաղաքացիական պատերազմ: Յունուսի խոսքով, սակայն, նման բան եղավ Մերձավոր Արևելքի ոչ բոլոր երկրներում, այլ միայն այն երկրներում, որտեղ ժամանակին կառուցում էին արաբական սոցիալիզմ:

Հոկտեմբերի 1-ին «Մեդիա կենտրոնում» էին Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսը (տեսազանգի միջոցով): Նրանք ներկայացրին իրենց դիտարկումները, թե տարածաշրջանի վրա ինչպես կանդրադառնան հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունները, Սիրիայում իրավիճակը և հնարավոր զարգացումները և այլն:

Լուսանկարներ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ