Քննարկման բանախոսներն էին քաղաքացիական ակտիվիստներ Լենա Նազարյանը, Արթուր Ավթանդիլյանը, Ծովինար Նազարյանը, Մարինե Մանուչարյանը, Արփինե Գալֆայանն ու ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Վանիկ Չալոյանը:
Երիտասարդ ակտիվիստները երկու օր առաջ հայտարարությամբ բոյկոտեցին ու ընդհատեցին ԵԱՀԿ և ԵԽԽՎ միջազգային դիտորդների մամլո ասուլիսը հենց այն պահին երբ դիտորդական առաքելության ղեկավարները հայտարարեցին, որ Հայաստանի նախագահի ընտրությունները մեկ քայլ առաջ էին և համապատասխանում էին միջազգային չափանիշներին:
Բոյկոտի հայտարարությունը ներկայացրած Լենա Նազարյանը քննարկմանն ասաց, որ «իրենց արածը հերոսություն չէր» և ընդհանրապես պետք է հասարակության մեջ սերմանել այն միտքը, որ ամեն մեկը կարող է և ունակ է «փոփոխություններ մտցնել»:
«Ընտրությունների ընթացքում դիտորդություն իրականացնելով ու տեսնելով թե ինչպես են ՀՀԿ վստահված անձինք հանձնաժողովի անդամների հետ միասին գրկախառնված կեղծում ընտրությունները, մենք չէինք կարող ընտրությունների այդ գնահատականն ընդունել»,-ասաց Նազարյանը:
Արփինե Գալֆայանը շեշտեց, որ Հայաստանում հասարակության ակտիվությունը դրսևորվում է միայն հինգ տարին մեկ, ինչը չի կարող արդյունք տալ.
«Մարդիկ ամեն անգամ փորձում են իրենց հույսը կապել «փրկիչների ու կուռքերի» հետ, այս տենդենցը պետք է հաղթահարվի, այլապես չենք կարող խուսափել հիասթափություններից: Հասարակությունը ի վերջո հերոսացվող օբյեկտից պետք է վերածվի սուբյեկտի, որպեսզի ինքն իր վրա վերցնի պատասխանատվությունը»,- կարծում է Գալֆայանը:
Ծավալված քննարկմանը skype-ով միացել էր նաև Վաշինգտոնում ապրող Արսեն Խառատյանը, ով շեշտեց, որ այսօր Հայաստանում ձևավորվել է ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը կարող է դառնալ գործոն ու շարժիչ ուժ: