Փաստաբանները բողոքում են, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վարույթ չեն ընդունվում ու վերադարձվում են: Նաեւ վճռաբեկ դատարանը երբեմն կայացնում է իր նախկին որոշումներին ուղղակիորեն հակասող նորանոր որոշումներ, առանց պատճառաբանելու, թե ինչու է շեղվում սեփական նախադեպերից:
Բանախոսներն էին՝ փաստաբաններ Հայկ Ալումյանը, Սամվել Ջաղինյանը, Արա Ղազարյանը, Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը, ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
«Եվրոպական դատարանը սպասարկում է 800 մլն բնակչություն` ունենալով ընդամենը 57 փաստաբան: Մենք խոսում ենք այն մասին, որ Վճռաբեկ դատարանը չի հասցնում սպասարկել 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանը: Մեզ համար անհասկանալի է Վճռաբեկ դատարանի վարքագիծը, երբ պետական մարմնի բողոքները գրեթե միշտ են վարույթ են ընդունվում, իսկ շարքային քաղաքացիների բողոքները` շատ քիչ տոկոսով», - ասաց Հայկ Ալումյանը:
Նույն բողոքները ներկայացրեց նաեւ Ջաղինյանը՝ նշելով, որ փաստաբանները, այս տարի եւս դատադուլ իրականացնելով, ցույց են տալիս, որ հետեւողական են:
Իրավաբան Արա Ղազարյանը չի միանում փաստաբանների հայտարարած դատադուլին՝ նշելով պայքարի այլ տարբերակներ:
«Մենք պետք է մոռանանք Վճռաբեկ դատարանի գոյության մասին, դա մարդու իրավունքները վերականգնող դատարան չէ, դրա համար կա Վերաքննիչ դատարան»,- ասաց նա:
Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը իր զորակցությունը հայտնեց բողոքի ակցիան նախաձեռնած փաստաբաններին՝ ասելով, որ խնդիրն անպայման պետք է բարձրաձայնվի:
Արսեն Բաբայանը քննադատեց փաստաբանների դատադուլը` նշելով, թե դա նույնն է, ինչ բժիշկները գործադուլ կազմակերպեն ու թողնեն, որ մարդիկ մահանան: